Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Թյուրըմբռնում է եղել

Հուլիս 30,2010 00:00

Զանգվածային լրատվամիջոցներն օրերս տեղեկատվություն էին տարածել, թե աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը՝ հավակնորդների մրցաշարի մասնակից, բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Տոպալովը ՖԻԴԵ-ին հղած բաց նամակով մի սկանդալային հայտարարություն է արել, ըստ որի ինքը հրաժարվում է խաղալ ինչպես Կազանում, այնպես էլ Ռուսաստանի ցանկացած այլ քաղաքում: Այդ հայտարարությունը մեկնաբանելու նպատակով, «Սովետսկի սպորտ» թերթի շախմատային մեկնաբան Յուրի Վասիլեւը զրուցել է Տոպալովի մենեջեր Սիլվիո Դանաիլովի հետ:
«Դուք ավելի ուշադիր կարդացեք նամակը,- պատասխանել է Դանաիլովը:- Այնտեղ Ռուսաստանում խաղալուց հրաժարվելու մասին խոսք չկա: Տոպալովը գալու է Խանտի-Մանսիյսկ եւ շախմատի համաշխարհային օլիմպիադայում Բուլղարիայի հավաքականի կազմում խաղալու է առաջին խաղատախտակի առջեւ: Նա հրաժարվում է Ռուսաստանում խաղալ ռուս շախմատիստի հետ, եթե այդ հանդիպումը կապված է տիտղոսի համար պայքարին: Իմ հովանավորյալը ցանկացած այլ մրցաշարի հաճույքով կգա ձեր երկիր: Կազանում Տոպալովի եւ Ռուսաստանի ներկայացուցչի հանդիպման հավանականությունը մեծ չէ, դրա համար երկուսն էլ պետք է եզրափակիչ հասնեն: Բայց հավանականություն, այնուամենայնիվ, կա:
Իսկ մեզ, ընդհանուր առմամբ, խիստ զայրացրել է այն, որ մրցամարտը Կազան տեղափոխելու առաջարկը հայտնվել է միայն վերջին պահին: ՖԻԴԵ-ն Կազանի թեկնածությունը գաղտնի է պահել: Շախմատի չինովնիկները վաղուց գիտեին, որ Բաքվի հետ խնդիրներ էին ունենալու՝ կապված հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանի հետ: Եվ այդ խնդիրը լուծել հնարավոր չէ: Իրեն հարգող միջազգային ֆեդերացիան այդ դեպքում պետք է հավակնորդների մրցաշարն այլ քաղաքում անցկացնելու մրցույթ հայտարարեր: Սոֆիան, ի դեպ, կարող էր $1 միլիոն առաջարկել: Ի՞նչ խնդիր կա: Իսկ նրանք աճպարարի նման վերջին պահին թեւքից հանեցին Կազանի թեկնածությունն ու կարգադրեցին՝ կմեկնեք Կազան ու կխաղաք այնտեղ: Ընդ որում, պահպանեցին Բաքվին տրված թափուր տեղը, որն զբաղեցրեց Մամեդյարովը: Դա աբսուրդ է: Եթե մրցամարտն անցկացվում է Ռուսաստանում, ուրեմն այդ թափուր տեղը պետք է ռուսաստանցու տրվեր: Ադրբեջանն այստեղ ի՞նչ կապ ունի: Կազանի ընտրությո՞ւնը: Եկեք հարցնենք իրենց՝ շախմատիստներին, թե նրանք ցանկանո՞ւմ են խաղալ այդ քաղաքում: Կարծում եմ, գրեթե, բոլորն էլ բացասական պատասխան կտան: Ինձ եւ Տոպալովին հենց այդ տոտալիտար քաղաքականությունն է, որ չի գոհացնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել