Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-Ը ԿՔՆՆԱՐԿԻ՞ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԾ ԲԱՆԱՁԵՎԸ

Օգոստոս 25,2010 00:00

\"\"Օրակարգում է դարձյալ «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագիծը

Սեպտեմբերի 14-ին Նյու Յորքում իր աշխատանքները մեկնարկող ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 65-րդ նստաշրջանի օրակարգում են «Ռազմական հակամարտությունների կանխումը» եւ «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւերի նախագծերը, որոնց տեքստերը դեռ հրապարակված չեն: Այս փաստաթղթերը չքննարկվելով նախորդ նստաշրջաններում՝ յուրօրինակ ժառանգություն են մնացել այս նստաշրջանին, ինչպես նաեւ՝ Վրաստանի առաջարկած «ՎՈՒԱՄ-ի տարածքում ձգձգված հակամարտությունները եւ դրանց հետեւանքները միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման համար» բանաձեւի նախագիծը, որը վերաբերում է Աբխազիայից եւ Հարավային Օսիայից տեղահանվածների եւ փախստականների վիճակին: Առայժմ պարզ չէ, թե արդյոք այս 3 փաստաթղթերը կներառվե՞ն 65-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումներում, որոնք լինելու են սեպտեմբերի 23-25-ը եւ 27-30-ը: Նախնական օրակարգում, որը հրապարակված է ՄԱԿ-ի կայքէջում՝ բանաձեւի այս նախագծերի կողքին նշում կա, թե դրանց ներառումը 65-րդ նստաշրջանի օրակարգի նախագծում պայմանավորված է ընդունվելիք որոշմամբ:

Հիշեցնենք, որ դեռ 2008 թվականի մարտի 14-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանում ընդունվել էր Ադրբեջանի պատվիրակության նախապատրաստած «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւը, որում աջակցություն էր հայտնված Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Ընդունված բանաձեւով պահանջվում էր անհապաղ դուրս բերել բոլոր «հայկական ուժերը Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքներից»: Նաեւ ճանաչվում էր «անհրաժեշտությունը՝ ապահովել բնականոն, անվտանգ եւ հավասար կենսապայմաններ հայկական եւ ադրբեջանական համայնքների համար Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի շրջանում, ինչը հնարավորություն կստեղծի այս տարածաշրջանում ստեղծել ինքնավարության ժողովրդավարական համակարգ»: Նշված էր, թե «որեւէ պետություն չպետք է օրինական ճանաչի այն իրավիճակը, որը ստեղծվել է Ադրբեջանի Հանրապետության տարածքների օկուպացիայի հետեւանքով, եւ չպետք է աջակցի կամ նպաստի այդ իրավիճակի պահպանմանը»: Բանաձեւն ընդունվել էր 39 կողմ, 7 դեմ եւ 100 ձեռնպահ ձայներով: ԵԱՀԿ Մինսկի խմբի անունից ելույթ ունենալով՝ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Ալեխանդրո Վուլֆն այդ նիստում հայտարարել էր, թե չեն պաշտպանում տվյալ բանաձեւը, եւ համանախագահողների կարծիքով՝ այն չի արտացոլում հակամարտության կարգավորման բոլոր մոտեցումները: 2008-ի մարտի 15-ին էլ այս բանաձեւի մասին հատուկ հաղորդագրություն տարածեց ՌԴ ԱԳՆ-ն, նշելով, թե այնտեղ ներառված են կարգավորման միայն այն հիմնարար սկզբունքները, որոնք համապատասխանում են բացառապես Ադրբեջանի շահերին՝ առանց հիշատակելու, մասնավորապես, ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման՝ նրա բնակչության շրջանում պլեբիսցիտի անցկացմամբ:

ՀՀ նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանից, որը Հայաստանի մշտական ներկայացուցիչն է եղել ՄԱԿ-ում 1992-1996 թվականներին, հետաքրքրվեցինք, թե արդյոք հավանակա՞ն է համարում, որ բանաձեւի այս նոր նախագիծը ձգձգումից հետո այնուամենայնիվ քննարկվի 65-րդ նստաշրջանում. «Ընդունված պրակտիկայի համաձայն, երբ օրակարգ հարց են մտցնում (ընդ որում՝ հարց մտցնելը շատ բարդ է, քանի որ Գլխավոր կոմիտեի հավանությունը պետք է ստանա եւ այլն), հետագայում եթե լուծում չի ստացել այն խնդիրը, որի վերաբերյալ բանաձեւ է առաջարկվել՝ գրեթե հնարավոր չէ օրակարգից հանել այդ հարցը: Ամենալավ՝ ցայտուն օրինակներն են արաբա-իսրայելական հակամարտության վերաբերյալ ընդունված բանաձեւերը. 1967 թվականից ՄԱԿ-ի օրակարգ են մտել բանաձեւեր, որոնք ամե՛ն տարի, անխտի՛ր այս վերջին 30-40 տարիների ընթացքում մտել են օրակարգ եւ գրեթե կոնսենսուսով ընդունվել, կամ ուժերի հարաբերակցությունն է նույնիսկ պարզ, թե քանի կողմ, քանի դեմ ձայներով կընդունվեն: Այնպես որ՝ այս բանաձեւը շարունակելու է ամեն տարի մտնել օրակարգ, քվեարկվել, ընդունվել, քանի դեռ չի արձանագրվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել