Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԴԱՐՁ ԱՆՑՅԱ՞Լ, ԹԵ՞ ՑՅՈՒՐԻԽՅԱՆ ԳԱՄԲԻՏ

Սեպտեմբեր 29,2010 00:00

\"\"Հայ-ռուսական պայմանագրով՝ Հայաստանում ռուսական ռազմական հենակետերի տեղակայման ժամկետի երկարաձգման իրողությունը զուսպ անհանգստությունների եւ անզուսպ խանդավառությունների ալիք առաջացրեց մեր երկրի քաղաքական վերնախավում: Իշխանամերձ գործիչների խանդավառությունը պայմանավորված էր ոչ այնքան պայմանագրի կարեւորությամբ եւ դրանում երկրի անվտանգության համար առկա դրույթներով, որքան ՀՀ նախագահին հաճոյանալու հանգամանքով: Եվ դա հասկանալի է: Դա մեր իրականությունն է: Անհասկանալին՝ ընդդիմադիրների «անհանգստության» հետեւում նկատելի անթաքույց ռեւերանսն է Ռուսաստանին, որը ոչ մի կերպ չի տեղավորվում ֆորպոստային պայմանագրի դեմ նրանց «սկզբունքային» ընդվզման մեջ: Սակայն ընդդիմադիր անհանգստությունն ու իշխանամերձ խանդավառությունը արագ մարեցին՝ բախվելով ժողովրդի ադեկվատ կեցվածքին: Ժողովուրդը որեւէ ձեւով չարձագանքեց դրան, կատարվածը թողնելով ամենասովորական առօրեական իրադարձության մակարդակում: Ո՛չ մեր անկախության կորուստը գուժող, ո՛չ մեր փրկությունը երաշխավորող պայմանագրի առիթով հնչած պաթետիկ ճառերը, մեղմ ասած, տպավորություն չգործեցին: Պատճառը պետք է փնտրել անցած մեկ, մեկուկես տարում տեղի ունեցած շրջադարձային փոփոխությունների եւ դրանց առաջացրած քաղաքական, սոցիալ-հոգեբանական նոր իրողությունների մեջ: Որովհետեւ խոսել հայ-ռուսական պայմանագրի մասին, շրջանցելով ցյուրիխյան գործընթացը, նշանակում է ոչինչ չասել ընդհանրապես կամ ներկայացնել իրականությունը գլխիվայր շրջված:

Բոլորս ենք հիշում, որ հայ – թուրքական հարաբերությունների հաստատումը երաշխավորող ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումը նշանավորվեց ռուս-թուրքական հարաբերությունների աննախադեպ ջերմացմամբ, 18-րդ դարի ավանդական-կործանարար մտայնության տարազով՝ հայ քաղաքական գործիչներին ու վերլուծաբաններին մղելով ստրկորեն լավատեսական եզրահանգումների, որոնցում կարմիր թելի պես անցնում էր վտանգավոր այն պնդումը, թե Ռուսաստանը մեզ չի դավաճանի եւ ռուս-թուրքական ջերմացումը որեւէ ձեւով չի կարող վնասել Հայաստանին: Այդ նույն գործիչները վերմարդկային ջանադրությամբ անցած մեկ տարում փորձում էին հայ-թուրքական արձանագրություններում մեր ժողովրդին դուրս բերել ռուսական հետքի վրա, ապացուցել, որ այդ հարաբերությունների կնքահայրը Ռուսաստանն է, ընդգծելով այդ երկրի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ ունեցած մեծ շահագրգռությունը, այդպես էլ չբացատրելով, թե ինչում է կոնկրետ դրսեւորվում այն, եւ ինչպես պատահեց, որ հայ- թուրքական արձանագրություններին անմիջապես հաջորդեցին ռուս-թուրքական պայմանավորվածությունները: Պատահականությո՞ւն էր սա, թե՞ հեռահար նպատակներով արված կանխարգելիչ քայլ: Հասկանալու համար ռուս-թուրքական հարաբերությունների խուճապային ջերմացման առեղծվածը, նախեւառաջ հարկավոր է դուրս գալ ավանդական պատկերացումների թակարդից, եւ կատարվածը գնահատել իրատեսական քաղաքական հաշվարկի լույսի տակ, զերծ Ռուսաստանի նկատմամբ թմբկահարվող պաթոլոգիկ սիրո եւ առանց Ռուսաստանի կործանվելու որեւէ տրամաբանությամբ չհիմնավորվող առասպելի պարտադրանքից: Բանն այն է, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Թուրքիան որեւէ շահագրգռություն հայ – թուրքական հարաբերությունների բարելավմամբ՝ չունեն, քաջ գիտակցելով, որ դա առաջին հերթին Հայաստան-Արեւմուտք հարաբերությունների խնդիր է: Այդպիսի հարաբերությունների առկայությամբ Թուրքիան զրկվում է Արեւմուտքի անփոխարինելի ֆորպոստի իր դերից, որը նրան ապահովում է քաղաքական եւ տնտեսական հսկայական դիվիդենդներ, եւ կանգնում է Հայաստանի հետ «առերեսվելու» անցանկալի փաստի առաջ, որից կարողացել է խույս տալ արդեն մեկ դար: Ռուսաստանը կորցնում է իր անփոխարինելի ֆորպոստը՝ Հայաստանը, որին արդեն ավելի քան երկու հարյուր տարի օգտագործում է որպես Արեւմուտքի դեմ դրված ուղեփակոցի գերան, եւ ի տարբերություն Թուրքիայի, որն ընդգրկված լինելով քաղաքակիրթ ալյանսում, այնուամենայնիվ, պահպանում է զարգացման հեռանկարը: Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստի դերում դատապարտված է մեկուսացման, խորը հետամնացության ու զարգացման հեռանկարի աներկբա կորստի: Այնպես որ, ռուս – թուրքական մերձեցումը հետապնդում է Արեւմուտք – Արեւելք բնականոն հարաբերությունների ձեւավորման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի չեզոքացման եւ հայ-թուրքական տիրույթում առկա ստատուս քվոյի պահպանման նպատակ: Այս նպատակի իրականացման համատեքստում պետք է դիտարկել ցյուրիխյան արձանագրությունների վավերացման ճանապարհին ղարաբաղա-ադրբեջանական ուղղությունը ներառող նախապայմանների առաջադրումը Թուրքիայի կողմից, Ադրբեջանի պատերազմական հռետորաբանության ուժգնացումը, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով դիվերսիոն արկածախնդրությամբ իրավիճակը ապակայունացնելու փորձերը, որոնք էլ, ի վերջո, հանգեցրին հայ-ադրբեջանական հարաբերությունների նոր սրման, հայ-ռուսական ու թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության նոր պայմանավորվածությունների: Այսպիսով, փորձելով մեզ վերստին հրել Ռուսաստանի գիրկը, Թուրքիան դարձյալ ձգտում է միջազգային հանրության մոտ փրկել Արեւմուտք- Արեւելք հարաբերությունների խափանարարի իր դեմքը, հաստատելով Հայաստանի նկատմամբ Արեւմուտքի անվստահության արդարացիությունը: Այսինքն, Ռուսաստանն ու Թուրքիան, կանգնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ Հայաստան-Արեւմուտք մերձեցման փաստի առաջ, գնացին այն ճանապարհով, որով գնացել են միշտ, եւ որը տանում է նման հարաբերությունների եւ նման մերձեցման չեզոքացման, եւ ստատուս քվոյի պահպանման: Սակայն վերադարձ անցյալ, նույնիսկ ոչ հեռու՝ նախացյուրիխյան ժամանակներ, այլեւս անհնար է:

Սխալ հաշվարկների (փոփոխվող ժամանակների հրամայականով պայմանավորված գլոբալ խնդիրների անտեսման) վրա խարսխված այս քաղաքականությունը ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ Թուրքիային տանում է կատարյալ փակուղի, որը եւ անիմաստ է դարձնում ե՛ւ հայ-ռուսական, ե՛ւ թուրք-ադրբեջանական վերջին պայմանավորվածություններն ամբողջությամբ: Այդ պայմանավորվածությունների մեծագույն խոչընդոտը՝ հայ-թուրքական արձանագրություններն են: Ստորագրելով դրանք, Հայաստանը ցույց տվեց, որ իրականացնում է իրապես անկախ քաղաքականություն, որը բխում է մեր պետության եւ ժողովրդի կենսական շահերից եւ համահունչ է միջազգային հանրության ձգտումներին: Որովհետեւ այդ արձանագրությունները նշանակալի դեր են կատարելու ոչ միայն Արեւմուտք -Արեւելք հարաբերությունների բացման, տարածաշրջանի հետագա կայունության, վերջնական ու երաշխավորված խաղաղության հաստատման, այլեւ քաղաքակրթական համընդհանուր տեղաշարժի գործում: Ո՛չ Հայաստանը, ո՛չ Թուրքիան այլեւս չեն կարող բացասական իմաստով որեւէ ազդեցություն ունենալ Արեւմուտք-Արեւելք փոխառնչությունների հաստատման գործընթացի վրա: Որովհետեւ ցյուրիխյան արձանագրություններով նրանք արդեն պաշտոնապես վավերացրել են այդ գործընթացում կենտրոնական դերակատարություն ստանձնելու իրենց պատրաստակամությունը, որն այս դեպքում, հաշվի առնելով հարցի աշխարհաքաղաքական կարեւորությունը, ավելին է, քան սովորական արձանագրային համաձայնությունը: Այդ արձանագրությունները չեղյալ համարելը կամ դրանց իրականացումը ձախողելը՝ կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Հայաստանի համար: Այս ֆոնի վրա հայ-ռուսական թարմացվող պայմանագիրը ընդամենը ի ցույց է դնում Հարավային Կովկասում, եւ ինչքան էլ պարադոքսալ հնչի՝ Հայաստանում ռուսական ազդեցության խորը ճգնաժամն ու այդ ազդեցությունը պահպանելու Ռուսաստանի հուսահատ ճիգերը: Այդ պայմանագիրը մեռելածին պայմանագիր է: Դրա առավելություններն ու թերությունները քննելը՝ անիմաստ զբաղմունք: Եվ մտահոգությունը, թե այս պայմանագրով Հայաստանը վերջնականապես վերածվում է ռուսական ֆորպոստի եւ սահմանափակում սեփական անկախությունը, որեւէ հիմք չունի: Որովհետեւ եթե նույնիսկ ռուսական ռազմական հենակետերի Հայաստանում տեղակայման ժամկետը երկարաձգվի եւս հարյուր քառասունինը տարով, միեւնույն է՝ դա իր պատմական – քաղաքական նշանակությամբ չի կարող հակակշռել ցյուրիխյան արձանագրությունները: Որոնք բացելով Արեւմուտքին մերձենալու հեռանկարը, դարձան բեկումային մեր ժողովրդի, ինչպես տրամադրությունների ձեւավորման, այնպես էլ արժեքային համակարգի վերանայման գործում: Ավելին, այդ ռազմաբազան այսօր Հայաստանի համար ունի բացառապես իլյուստրացիոն նշանակություն: Եվ այդ նշանակությունն էլ կվերանա՝ Թուրքիայի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացումով: Իսկ որ այդ արձանագրությունները վավերացվելու են, երկու կարծիք լինել չի կարող: Ցյուրիխյան գործընթացը քաղաքական եւ դիվանագիտական ճեղքում էր: Այն Հայաստանի եւ հայ ժողովրդի համար ունի բախտորոշ նշանակություն մեկ այլ՝ թաքնված իմաստով. վերացնում է Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստը դարձնելու սպառնալիքը: Այն անշրջելի է: Համենայնդեպս, այնքան ժամանակ, քանի դեռ հայ – թուրքական արձանագրություններից հետ չի կանչված Հայաստանի ստորագրությունը:

Հ. Գ. Կա տեսակետ, թե հայ- թուրքական հարաբերությունները, ավելի ճիշտ կլինի ասել՝ Արեւմուտք-Արեւելք մերձեցումը վիժեցնելու համար, Թուրքիան կարող է թեքվել Արեւելք: Ոչինչ բացառել չի կարելի, բայց դա Թուրքիայի համար կարող է աղետալի հետեւանքներ ունենալ: Որովհետեւ, եթե Արեւմուտքի հետ մնալով Թուրքիան կարող է գլուխն ազատել Սեւրի պայմանագրով վավերացված տարածքները Հայաստանին զիջելով, ապա Արեւելք գնալու պարագայում, պարզապես, կդրվի այս պետության մասնատման հարցը: Թուրքերը դա քաջ գիտակցում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930