Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ՔԱՌՕՐՅԱՆ Է ԽԱՆԳԱՐԵԼ

Հոկտեմբեր 13,2010 00:00

\"\"Այլապես առաջադիմականներն արդեն ԲՀԿ-ական կլինեին

Հոկտեմբերի 9-ին կառավարության նիստերի դահլիճում պետք է կայանար Հայաստանի առաջադիմական կուսակցության համագումարը: Նախատեսվում էր, որ օրակարգային գլխավոր հարցը պետք է լիներ կուսակցության լուծարումը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը միանալը: Համագումարը, սակայն, չկայացավ: Իսկ մինչ այդ «Առավոտի» հետ զրույցում Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել էր մեկնաբանություններից, լրագրողների հարցին ի պատասխան՝ սույն տեղեկությունը չէր հաստատել, բայց նաեւ չէր հերքել Գագիկ Ծառուկյանը: Ի դեպ, «Առավոտի» տեղեկություններով էլ՝ ԲՀԿ կենտրոնի գրասենյակում են վերջերս անցկացվել Հայաստանի առաջադիմական կուսակցության վարչության վերջին մեկ-երկու նիստերը, որոնց ներկա են եղել նաեւ ԲՀԿ-ական պատգամավորներ: Ի վերջո՝ ի՞նչ սիրախաղերի մեջ են առաջադիմականները «բարգավաճականների» հետ. երեկ վերջապես այս առիթով որոշ մեկնաբանություններ ստացանք Տիգրան Ուրիխանյանից: Պարզվում է, համագումարն ընդամենը հետաձգվել է մինչեւ նոյեմբերի 6-ը, իսկ պատճառն Ազգային ժողովի քառօրյան է եղել: Քանի որ խորհրդարանի շենքում ԱԺ նիստերի դահլիճի վերանորոգումը ձգձգվել է, իսկ այդ ընթացքում նիստերը գումարվում էին կառավարության նիստերի դահլիճում, մնացյալ բոլոր միջոցառումները հետաձգվել են: Խնդիրը տեխնիկական է, եւ եթե այլ տեխնիկական խանգարող հանգամանքներ չլինեն, ապա նոյեմբերի 6-ին կկայանա կուսակցության համագումարը եւ կքննարկվի կուսակցության, որպես առանձին կառույց, հետագա գործունեության նպատակահարմարությունը: «Արտահերթ համագումար հրավիրելու եւ այդ հարցը քննարկելու որոշումը վարչությանն է, բայց ես արդեն տեւական ժամանակ է, ինչ խոսում եմ այն մասին, որ այլեւս աննպատակահարմար եմ համարում մասնավորապես՝ մեր եւ ընդհանրապես՝ փոքր կուսակցությունների գոյությունն ու գործունեությունը Հայաստանում, եթե դա ինքնանպատակ է: Քանի որ չտիրապետելով այնպիսի լուրջ մարդկային ռեսուրսների, որպեսզի կարողանաս խորհրդարանից դուրս ազդել քաղաքական գործընթացների վրա, չտիրապետելով լուրջ ֆինանսական միջոցների եւ այլ լծակների, փոքր կուսակցություններն այսօր պարզապես զբաղված են ոչնչով, քանի որ անիրագործելի են նրանց ծրագրային, գաղափարական եւ մնացյալ թեզերը: Այսինքն՝ ամբողջ քաղաքակիրթ աշխարհի նման՝ մեր քաղաքական դաշտին էլ է կատարելագործում անհրաժեշտ՝ գաղափարական տիրույթում: Ես չեմ բացառում ԲՀԿ-ի հետ միավորման տարբերակը, բայց դա իմ որոշելիքը չէ: Համագումարն իր որոշումը կկայացնի, իսկ թե ինչ հարց կդրվի քվեարկության՝ բանակցությունների արդյունքում պարզ կդառնա»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Մեր զրուցակցի դիտարկումը՝ գաղափարական ընդհանրությունների առումով, հատկապես աչքի ընկնող էր, ուստի հետաքրքրվեցինք, թե ո՞րն է ԲՀԿ-ի եւ իր ղեկավարած կուսակցության գաղափարական ընդհանրությունն այն պարագայում, երբ 2007-ի խորհրդարանական ընտրություններին իրենք միացան ՀՀԿ-ին, իսկ առաջադիմական կուսակցության գոյությունն ու գործունեությունն՝ ի դեմս Տիգրան Ուրիխանյանի, մշտապես կապվել է Սերժ Սարգսյանի անձի հետ՝ դեռ նրա պաշտպանության նախարար եղած ժամանակներից: Հարցի երկրորդ մասով այսպիսի պատասխան հնչեց. «Կարծում եմ, իմ անունն ինչ-որ մարդու կամ մարդկանց հետ կապելու թեմաներն այլեւս արդիական չեն: Բոլորին արդեն պարզ դարձավ, որ իմ անունը պետք է միայն ինձ հետ կապել, ու այն իրավիճակը, որում մենք հիմա ենք, դրա վառ ապացույցն է: Սերժ Սարգսյանի անվան հետ պետք է կապել նրանց, ովքեր շրջապատում եւ համագործակցում են, ինչ-որ առնչություններ ունեն Սերժ Սարգսյանի հետ՝ թե քաղաքական, թե պետական համակարգում, թե ինչ-ինչ այլ շրջանակներում»: Ուրիխանյանը չի կիսում կարծիքը, թե իր ղեկավարած կուսակցությունը հանրապետականամետ է գործել. «Պարզապես 2007-ի ընտրությունների մրցավազքից դուրս գալով՝ աջակցեցինք ՀՀԿ-ին՝ պայմանով, որ մեր ծրագրային դրույթների որոշ մասը պետք է իրականություն դառնա այդ խորհրդարանական խմբակցության միջոցով: Մասնավորապես, բազմաբնակարան շենքերից գիշերային ակումբների տեղահանման կամ տեղափոխման նախագիծը մեր առաջարկն էր՝ իբրեւ նախընտրական ծրագիր: ՀՀԿ-ն այդ նախաձեռնությամբ խորհրդարանում արդեն հանդես եկել է. փոքրիկ բան է, բայց ես հուսով եմ, որ մինչեւ այս գումարման ավարտ էլի ինչ-որ բաներ կլինեն, եւ մեր քայլն արդարացված կլինի: Միգուցե չարդարացվի, եւ մենք փոշմանենք մեր քայլի համար: Իսկ ՀՀԿ-ի կողմը մեր հայացքն ուղղված է եղել այնքանով, որքանով այդ կուսակցության ղեկավարի թեկնածությունը մենք պաշտպանել ենք 2008-ի նախագահական ընտրություններում: Այդքանով են եղել մեր առնչությունները»: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հետ գաղափարական ընդհանրություններին՝ Ուրիխանյանն ասում է, որ ԲՀԿ-ն էլ ցենտրիստական ուժ է, ինչպիսին որ առաջադիմականն է, եւ մոտեցումները՝ տնտեսական կարգերի, պետական կառավարման ձեւերի հանդեպ, նմանատիպ են, եւ որ կուսակցությունների ծրագրերը գրեթե 99,9 տոկոսով համահունչ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել