Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՎԱՏԱՔ-ՉՀԱՎԱՏԱՔ

Հոկտեմբեր 13,2010 00:00

ՀՅԴ մամլո դիվանը երեկ արձագանքել է հոկտեմբերի 12-ին «Առավոտում» հրապարակված «Ո՞վ տապալեց Լինդբլադին» վերտառությամբ հոդվածին, որտեղ կասկածի տակ էր առնվել ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող, շվեդացի Գորան Լինդբլադի՝ այդ երկրի խորհրդարանական ընտրություններում տապալվելու գործում ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի ունեցած ներդրումը: Հրապարակման մեջ ասվում էր, որ ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը հավակնում է հակահայ պատգամավորի տապալման դափնիներին, իսկ շվեդ քաղաքական գործիչներին դա զարմացնում է: ՀՅԴ մամլո դիվանի կողմից մեզ փոխանցված հաղորդման մեջ մասնավորապես ասված է. «ՀԺԿ նախկին խոսնակ, ներկայումս Շվեդիայում բնակվող Ռուզան Խաչատրյանն «Առավոտին» ասել է, որ «իրեն զարմացրել է այդ տեղեկությունը», քանի որ «Շվեդիայում հայկական մեծ ու կազմակերպված համայնք չկա, եւ հետեւաբար, ՀՅԴ-ն չէր կարող խանգարել Լինդբլադի ընտրությունը»:

Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի անդամ Գասպար Կարապետյանը, ով այդ օրերին գործուղվել էր Շվեդիա, նախկինում տեղեկացրել էր, այսօր էլ հաստատեց, որ դա հաջողվել է ոչ միայն հայ համայնքի, այլեւ տեղի ազգային փոքրամասնությունների հետ համատեղ աշխատանքի արդյունքում: «Ընտրություններին նախորդած շաբաթվա ընթացքում հանդիպումներ ունեցանք Գոթեբորգ քաղաքի բոլոր ազգային փոքրամասնությունների՝ ասորիների, քրդերի, հույների, սերբերի հետ»,- ասել էր Գասպար Կարապետյանը: Այսօր նա նաեւ հիշեցրեց, որ իրենք օժանդակել են Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից Անելի Էնեքսոնին, ով եւ ընտրվել է: ԶԼՄ-ներին տրամադրում ենք վերջինիս էլեկտրոնային նամակը՝ ուղարկված Գասպար Կարապետյանին: «Թանկագին Գասպար Կարապետյան, շնորհակալ եմ Ձեզ եւ Ձեր ժողովրդին՝ իմ նախընտրական ընտրարշավի ընթացքում աջակցելու համար: Աստված մեծ է, եւ նրա օգնությամբ ու իմ ընկերների ծանր աշխատանքի շնորհիվ ես վերընտրվեցի: Մյուս անգամ, երբ կլինեք Շվեդիայում, ուրախ կլինեի հանդիպել»,- ասված է Անելի Էնեքսոնի նամակում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել