Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԱՐԺԵՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ-1

Հոկտեմբեր 13,2010 00:00

\"\"«Դար 21»-ը խոստացել էր հասարակական-քաղաքական ծրագրեր հեռարձակել, «Երեւան» հեռուստաընկերությունը՝ «Ուրախ իրարանցում…  քնելուց առաջ» հաղորդաշարը, իսկ TV-5-ը՝ համատեղ հեռուստաշարքեր Գիտությունների ազգային ակադեմիայի հետ:

Հոկտեմբերի 10-20-ը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը հայտեր է ընդունում թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների արտոնագրման մրցույթներին մասնակցելու համար: Հոկտեմբերի 22-ին հայտնի կդառնան մրցույթների մասնակիցների անունները, իսկ դեկտեմբերի 16-ին կկայանա արտոնագրված անձի ընտրությունը: Մինչ այդ որոշեցինք անդրադառնալ այժմ գործող հեռուստաընկերությունների 2002-2004 թվականների մրցույթների ընթացքում ներկայացրած առաջարկներին՝ մասնավորապես դրանցում արտացոլված ծրագրային քաղաքականությանը: Այս եւ հետագա համարներում կհիշեցնենք, թե ինչ հաղորդումներ էին խոստանում եթեր հեռարձակել նրանք: Եվ կարծում ենք, որ սա յուրօրինակ թեստ է՝ պարզելու, թե որքանով արժե հավատալ այդ հեռուստաընկերությունների կողմից տրվելիք առաջիկա խոստումներին:

«Դար-21»

Երաժշտական-երիտասարդական ուղղվածության այս հեռուստաընկերությունն իր մրցութային առաջարկում խոստացել է, թե իր հաղորդումների ցանկում ներառելու է նաեւ դասական ու ժողովրդական երաժշտություն՝ նշելով. «Այս ամենը կարեւոր նշանակություն ունի մատաղ սերնդի դաստիարակության գործում եւ կնախանշի նաեւ զարգացման այն ուղղությունները, որոնք կապահովեն անանց արժեքների ստեղծման գործընթացը»: Ծրագրային քաղաքականության մասին նշված է նաեւ. «Հեռուստաընկերությունը նպատակ ունի հեռուստադիտողներին ներկայացնել սփյուռքահայ մշակույթը, ծանոթացնել սփյուռքահայ երիտասարդության առօրյային, արտերկրում ստեղծագործող հայ կոմպոզիտորների, երգիչների աշխատանքներին: Այս հաղորդաշարը եթեր կհեռարձակվի շաբաթը մեկ անգամ եւ կկրի «Մշակութային կամուրջ» նախնական անվանումը»: Որքան հետեւել ենք «Դար 21»-ի եթերին՝ անցած տարիների ընթացքում նման հաղորդում այդպես էլ եթեր չի հեռարձակվել, ինչպես նաեւ՝ մրցութային առաջարկում նշված մեկ այլ հաղորդում՝ «Երաժշտությունը ֆիլմում», որը պիտի եթեր հեռարձակվեր շաբաթը 2 անգամ:

«Դար 21»-ը խոստացել էր հասարակական-քաղաքական ծրագրեր հեռարձակել, որոնցից մեկը շաբաթական 2 անգամ հեռարձակվելիք «Եվ… եւ» նախնական անունը կրող հաղորդաշարը պիտի լիներ. «Հաղորդավարի հյուրն է լինելու հանրապետության քաղաքական ոլորտի որեւէ ներկայացուցիչ: Զրույցը կընթանա հասարակությանը հուզող խնդիրների, քաղաքական անցուդարձի շուրջ»: Մեկ այլ չկատարված խոստում. «Կստեղծվեն հաղորդումներ ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների համար: Դրանցում նախատեսվում է ներկայացնել Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթը, երաժշտությունը՝ հանդուրժողականություն եւ հարգանք սերմանելով վերջիններիս մշակութային ժառանգության նկատմամբ»:

Նշել էին նաեւ. «Դար 21» հեռուստաընկերությունը ներկայումս բանակցություններ է վարում մի շարք օտարերկրյա երաժշտական հեռուստաընկերությունների հետ ծրագրերի փոխանակման եւ եթեր հեռարձակման վերաբերյալ, որը հնարավորություն կընձեռի հայկական մշակույթը, երգ-երաժշտությունը լավագույնս պրոպագանդել արտերկրում»: Թե ինչ օտարերկրյա հեռուստաալիքներ էին՝ այն ժամանակ հայտնի չդարձավ, իսկ թե ինչ եղան այդ բանակցությունները՝ հայտնի չէ մինչ օրս:

«Երեւան TV»

Կարելի է առանց մեկնաբանությունների մեջբերել միայն այն հաղորդումների անվանումները, որոնք իր մրցութային առաջարկում ներկայացրել է «Երեւան» հեռուստաընկերությունը՝ այդ ալիքը դիտողներին թողնելով դատելը, թե արդյոք երաժշտական տեսահոլովակների եւ դրանց հարակից՝ սիրատենչ տղաների հայտարարությունների արանքում նկատե՞լ են այս հաղորդումներից որեւէ մեկը: «Հրատապ էկրան» ամենշաբաթյա հաղորդում. «Հասարակական քաղաքական ծրագիր՝ այդ բնագավառի առավել հրատապ խնդիրների վերաբերյալ: Ազգային ժողով (օրենսդրական գործունեություն), ՀՀ կառավարություն, կուսակցություններ եւ այլն: Ի՞նչ պետք է անել այս օղակների առավել սերտ եւ արդյունավետ համագործակցություն ապահովելու համար, որքանո՞վ է կառուցողական կուսակցությունների գործունեությունն ու կեցվածքը: Այս եւ այլ նմանատիպ հետաքրքրությունների շրջանակով ծրագիրը պետք է մասնակցի երկրի բարգավաճման ծրագրին»: «Ապրել այսպես» հեռուստաշարք. «Ուսուցողական հաղորդման հիմնական նպատակն է լուսաբանել այն օրենքները եւ վարվեցողության կանոնները, որոնք անհրաժեշտ է իմանալ յուրաքանչյուր մարդու, որն ապրում է նոր, զարգացող երկրում»: «Պատմության դասեր» ամենշաբաթյա հաղորդում. «Հայ ժողովրդի պատմություն՝ բոլորի համար: Հաղորդաշարը կվարեն հանրապետության ճանաչված պատմաբանները»: «Մենք» հեռուստատեսային ֆիլմաշար՝ «ԱՊՀ-ի եւ արտասահմանյան տարբեր երկրների հայաշատ գաղթօջախների մասին», որը պետք է հեռարձակվեր ամիսը մեկ անգամ: «Երեւան TV»-ն խոստացել էր եթեր հեռարձակել «Ուրախ իրարանցում… քնելուց առաջ» հաղորդաշարը, որի անվանումը թեեւ այլ զուգադրություն է առաջացնում, սակայն այն պետք է լիներ մանկական ու զվարճալի ծրագիր: Խոստացել էին եթեր հեռարձակել նաեւ «Ինտելեկտուալ բիլիարդ» անվանումով հաղորդաշար: Եվ վերջապես՝ մրցութային առաջարկին կցել էին փաստաթուղթ, ըստ որի՝ «Կարծիք» հաղորդաշարի ստեղծագործական խումբը, ի դեմս հաղորդաշարի հեղինակ եւ վարող Սերգեյ Երիցյանի՝ պատրաստակամություն էր հայտնում համագործակցել «Երեւան» հեռուստաընկերության հետ:

TV-5

Այս հեռուստաընկերությունն, ըստ իր մրցութային առաջարկի՝ նախատեսում էր ներկայացնել «աշխարհի այսօրվա գիտական նվաճումները, դրանցում Հայաստանի գիտական ոլորտի դերը եւ նշանակությունը»: Նախատեսվում էր «Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ ներկայացնել հեռուստաշարքեր՝ Հայաստանի գիտության տարբեր ճյուղերում ներկայիս ձեռքբերումները, ինչպես նաեւ անդրադառնալ գիտության այսօրվա պրոբլեմներին»: Նախատեսվում էր իրականացնել հեռուստահամալսարանի նախագիծ. «Այն դպրոցական եւ համալսարանական կրթության հեռուստատեսային դասաժամերի տեսքով ներկայացումն է»:

Հեռուստաընկերությունը խոստանում էր հրաժարվել հեռուստատեսային հարցազրույցների «խոսող գլուխներ» ձեւաչափից՝ առավել նախապատվություն տալով դեբատներին եւ «talk show»-ներին, որոնց կմասնակցեին նաեւ հանրության ներկայացուցիչները. «Այս տեսակ հաղորդաշարի նախագիծն արդեն պատրաստ է, եւ շուտով այն իր տեղը կգտնի մեր եթերացանցում»: Հիշեցնենք, որ նման հաղորդում կարճ ժամանակ իրոք եղել է, բայց ոչ թե «TV-5»-ի, այլ նրա «քույր» հեռուստաընկերության՝ «Արմենիայի» ցանցում: «TV-5»-ը խոստանում էր նաեւ կազմակերպել խորհրդարանի եւ դատարանի հեռուստատեսային իմիտացիա: Այս ծրագրերը չիրականացվեցին ո՛չ սեփական, ո՛չ անգամ «քույր» ալիքի եթերում:

Շարունակելի

Հ. Գ. Նշենք, որ հեռուստաընկերությունների մրցութային առաջարկները մեզ է տրամադրել ՀՌԱՀ-ը: ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը նաեւ չիրականացված այս ծրագրերի վերաբերյալ մեկնաբանություններ արեց, որոնք կներկայացնենք հոդվածաշարի ավարտին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել