Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԵԾԵ՞Լ, ԹԵ՞ ՈՉ՝ ԱՇԱԿԵՐՏԻՆ

Հոկտեմբեր 13,2010 00:00

\"\"Կամ մտորելու առիթ՝ ծնողների եւ մանկավարժների համար

Facebook սոցիալական ցանցում հոկտեմբերի 11-ին տարածվել էր YouTube-ում տեղադրված մի տեսանյութ, որտեղ ուսուցիչը ծեծում է աշակերտին՝ հայհոյելով։ «Կտամ մատերս կմտնի մեջդ, ուռոդ, դեբիլ…»,- սրանք տղամարդ մանկավարժի խոսքերն էին։ Տեսանյութը բեռնողը նշել էր, որ դեպքը տեղի է ունեցել Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում՝ այս տարվա մայիսին։

Քանի որ երեկ դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանը խորհրդակցության էր Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունում, կապվեցինք փոխտնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի հետ: Խնդրեցինք մեկնաբանել ինտերնետում հայտնված տեսանյութը: Տիկին Հովհաննիսյանն ուզում էր, որ տնօրենի հետ նույնպես խոսենք, բայց չզլացավ սեփական կարծիքը հայտնել: «Ինչպես յուրաքանչյուր նորմալ մարդ, դատապարտում եմ այդ արարքը, համարում հակամանկավարժական, բայց ուզում եմ շեշտել, որ այն դատապարտել էինք դեռ անցյալ տարվա մարտ ամսին: Ծնողը եկել էր տնօրենի մոտ, մանկավարժը ներողություն էր խնդրել, ու հարցը հարթվել էր: Զարմանում եմ, թե ինչու են այդքան ուշացումով տեսանյութը դրել ինտերնետում, երբ ռուսական դասարանում սովորող այդ երեխան հաջողությամբ ավարտել է 9-րդ դասարանը ու գնացել Տուլա: Ի դեպ, մանկավարժն էլ հաջողությամբ աշխատում է՝ լինելով ինտելիգենտ ու հանգիստ մարդ: Գուցե ոմանք նպատակ են ունեցել վարկաբեկել դպրոցը»,- հեռախոսով «Առավոտին» ասաց փոխտնօրենը, հավելելով, որ երեկ պատմության ուսուցիչ, ազգությամբ ասորի Էդուարդ Գեորգիզովը աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Ըստ Հ. Հովհաննիսյանի, նա լավ մանկավարժ է՝ հանրագիտարանային գիտելիքներով, նրա հայրը եւս մանկավարժ է եղել. «Ուղղակի բոլորիս մոտ էլ լինում են պահեր, երբ մարդ կորցնում է ինքնատիրապետումը»: Տիկին Հովհաննիսյանը հավելեց, որ ուսուցչի հեռացումը առաջացրել է աշակերտների վրդովմունքը: Փոխտնօրենի ասելով, նա սիրված մանկավարժ է եղել:

Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ասաց, որ ցավ է զգում կատարվածի համար եւ դպրոցն ու կրթության համակարգը վարկաբեկելու միտում տեսնում. «Այլապես մոռացված մի բան ինտերնետում չէր հայտնվի՝ մարդկանց ցավեցնելու համար, ամո՛թ իրենց…»: Նա նշեց, որ չարդարացնելով ուսուցչի արարքը, նեղված է որպես մարդ եւ մանկավարժ. «Ծնողը պետք է օգնի ուսուցչին, որպեսզի նա թանկ 45 րոպեները ծախսի ոչ թե երեխային դաստիարակելու, այլ կրթելու ու դասավանդելու վրա: Բոլորս միմյանց մեջ մեղավորներ ենք փնտրում, մինչդեռ եթե քաղաքապետարանի կրթության վարչություն-դպրոց-ծնող եռանկյունին ճիշտ աշխատի, հաստատ նման դեպքեր չեն լինի»:

Ինչ վերաբերում է ՀՀ ԿԳ նախարարությանը, այն երեկ հաղորդագրություն էր տարածել: «ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը եւս մեկ անգամ հայտարարում է, որ երեխայի իրավունքների պաշտպանությունը՝ ոլորտում իրականացվող քաղաքականության հիմնասյուներից է, եւ բռնության յուրաքանչյուր դրսեւորում դպրոցում անընդունելի է ու դատապարտելի»,- ասված է «չինովնիկական» ոճով ձեւակերպված տեքստում:

Ավելի ուշ տեղեկացանք, որ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կարգադրությամբ Պուշկինի անվան դպրոցի տնօրենին հայտարարվել է խիստ նկատողություն: Ըստ քաղաքապետարանի կրթության վարչության տարածած հաղորդագրության. «Նյութը քննարկվել է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների տնօրենների հետ հրավիրված խորհրդակցությունում: Բոլոր տնօրեններին հանձնարարվել է խիստ վերահսկողություն սահմանել դպրոցներում մանկավարժին ոչ վայել դրսեւորումները բացառելու ուղղությամբ: Ցավալի այս միջադեպը եւս մեկ առիթ է մտորելու, թե որքան անելիքներ ունեն դպրոցներում թե՛ ուսուցիչները, թե՛ իրենց երեխաներին դպրոց ուղարկող ծնողները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել