Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԷՎԿԱԼԻՊՏԻ «ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ»

Հոկտեմբեր 22,2010 00:00

Այս ծառի բարձրությունը հասնում է մինչեւ 70 մետրի: Շատ արագ աճում է: Տարածված է Վրաստանում, Կովկասի սեւծովյան ափամերձ շրջաններում: Այս ծառի տերեւները ունեն բուժիչ, կազդուրիչ, առողջաբեր հատկություն: Տերեւներն ունեն մեծ քանակությամբ եթերայուղեր, որոնք էլ նրանց տալիս են կայուն, ուժեղ, հաճելի բուրմունք:

Չոր տերեւները պահպանում են ապակե կամ մետաղյա տարաներում՝ մինչեւ 3 տարի: Էվկալիպտի տերեւների թուրմը եւ յուղը օգտագործում են որպես հակաբորբոքային եւ հականեխիչ միջոց (ինհալացիայի)՝ գոլորշին ներշնչելու ձեւով ըմպանի, կոկորդի, շնչափողի, բրոնխիտների բորբոքումների ժամանակ:

Թարմ պատրաստված թուրմը խմում են որպես խորխաբեր միջոց եւ աղեստամոքսային հիվանդությունների ժամանակ: Խմելու եւ բերանի խոռոչը ողողելու համար թուրմը պատրաստում են՝ 200 մլ ջրի հաշվով 10գ տերեւ:

Եռացնում են 10-15 րոպե: Հովացնում են մինչեւ սենյակային ջերմաստիճան եւ օգտագործում 1 ճաշի գդալից մինչեւ 1/4 բաժակ՝ օրը 3 անգամ: Ինհալացիայի եւ կոկորդը ողողելու համար վերցնում են ստացված թուրմից 1-2 ճաշի գդալ 1 բաժակ ջրի մեջ:

Էվկալիպտի տերեւների եփուկը օգտագործում են թրջոցների ձեւով, ինչպես նաեւ խրոնիկական խոցերի, թարախակալած վերքերի, թարախապարկերի (աբսցես), ֆլեգմոնաների, թարախային մաստիտների, այրվածքների, ցրտահարությունների ժամանակ լվացումների ձեւով: Օգտագործում են նաեւ գինեկոլոգիական պրակտիկայում լվացումների ձեւով (30գ էվկալիպտի տերեւները 200 մլ ջրի մեջ եռացնում են 20-30 րոպե):

Շատ առողջարար է նաեւ էվկալիպտի տերեւներով թեյը: Այն «բացում» է շնչառությունը, թարմացնում:

Սովորական թեյը պատրաստելիս կարելի է 7-8 տերեւ ավելացնել թեյնիկի մեջ եւ թրմել: Էվկալիպտի տերեւների սպիրտային թուրմը (20%-ը 70 աստիճանի սպիրտի մեջ) թեթեւացնում է հազի նոպաները: Էվկալիպտի տերեւներից պատրաստած յուղը օգտագործում են մկանների բորբոքման, նեվրալգիաների, ռադիկուլիտների ժամանակ՝ քսումների եւ շփումների ձեւով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել