Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Հանցագործության պահին հսկել է քրոջ փեսային

Նոյեմբեր 17,2010 00:00

Նոյեմբերի 30-ին կհնչեն մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման կապակցությամբ հարուցված քրեական գործի մեղադրական եւ պաշտպանական ճառերը:

Երեկ շուրջ 2 ժամ հետաձգմամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց դատաքննությունը: Այս անգամ միջնորդությամբ հանդես եկավ ամբաստանյալ, Նոր-Նորքի ոստիկանապետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանի շահերի պաշտպան Վաղինակ Գեւորգյանը: Վերջինիս պնդմամբ՝ իր պաշտպանյալը որեւէ առնչություն չունի Արմեն Ավետիսյանի տան կողոպուտի հետ, քանի որ 2008 թվականի հոկտեմբերի 26-ից 30-ը գտնվել է Էրեբունի համայնքի հիվանդանոցում՝ վերահսկելով հարազատ քրոջ փեսայի՝ երեք օր վերակենդանացման բաժանմունքում գտնվող Արմեն Սարգսյանի առողջությանը:

Չնայած մեղադրող Հովսեփ Սարգսյանի առարկությանը, որ այս միջնորդությունն առնչություն չունի այն ամենին, ինչում մեղադրվում է Ա. Նիկողոսյանը, հետեւաբար պետք է մերժել միջնորդությունը, դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց բավարարել միջնորդությունը, որպեսզի պարզ դառնա, թե այդ օրերի ընթացքում եւ հանցագործության բուն օրը որտե՞ղ է եղել ամբաստանյալը: Հիշեցնենք, որ Ա. Նիկողոսյանը ամբաստանվում է սույն հանցագործության կազմակերպիչներից մեկը լինելու համար:

Դատակոչված երեք վկաները՝ Ա. Նիկողոսյանի քրոջ աղջիկը՝ Լիանա Մեհրաբյանը, փեսան՝ Ժորա Մեհրաբյանը, եւ հանկարծակի ուշագնաց եղած փեսայի մտերիմ ընկերը, հարեւանը՝ Էդուարդ Մովսիսյանը դատարանում հայտնեցին, որ հոկտեմբերի 27-ի գիշերը, երբ կազմակերպվել է կողոպուտը, Ա. Նիկողոսյանը գտնվել է հիվանդանոցում: «Քեռիս անգամ մեզ չէր վստահում, քանի որ բժիշկները նրա ծանոթներն էին, մեզ հետ երեք օր ու գիշեր հսկել է ամուսնուս, մինչեւ երրորդ օրը գիտակցության եկավ, նոր գնաց իր գործերին»,- դատարանին պատմեց Լ. Մեհրաբյանը, պնդելով, որ քեռին չէր կարող որեւէ կապ ունենալ հանցագործության հետ: Ժ. Մեհրաբյանն էլ ընդգծեց, որ Նիկողոսյանի՝ այդ օրերին հիվանդանոցում գտնվելը կարող են անգամ հաստատել այնտեղ եղող բժիշկներն ու ոստիկանները, որոնց հետ հաճախ զրուցել է ամբաստանյալը: Դատավորի հարցերին, թե հնարավո՞ր է այդ երեք օրերի ընթացքում մեկ կամ երկու ժամով Ա. Նիկողոսյանը լքեր հիվանդանոցը, վկաները բացառեցին այդ հանգամանքը:

Դատակոչվածներին լսելուց հետո դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին: Մեղադրող Հ. Սարգսյանը խնդրեց 5 րոպե ժամանակ՝ իր մեղադրական ճառը հրապարակելու համար: Դատավորը դատախազի խնդրանքը բավարարեց՝ 15 րոպե տրամադրելով: Այդ ընթացքում «Առավոտին» մոտեցավ Ա. Նիկողոսյանի որդին: Վերջինս հայտնեց, որ իր հոր հետ կապված այս ողջ «կեղծ գործընթացները» առնչվում են «Մարտի 1»-ի դեպքերի հետ: «Հայրս հալածվում է եւ պաշտոնանկ է արվել լոկ այն բանի համար, որ իբր մարտի 1-ի գիշերը ընդդիմությանը տեղեկացրել է, թե լուսադեմին ինչ են ծրագրել իշխանությունները եւ խորհուրդ տվել ցրել ժողովրդին: Այս մեղադրանքը նրանք չեն ապացուցել մինչ օրս, հիմա էլ ստիպված նոր գործի մեջ են ներքաշել հորս ու անհիմն մեղադրում են»,- ասաց Ա. Նիկողոսյանի որդին:

Դատախազ Հ. Սարգսյանը պահանջեց 10 օր ժամանակ, որպեսզի պատրաստի ճառը: Դատավորը, բավարարելով միջնորդությունը, հորդորեց պաշտպանական կողմին այս ընթացքում պատրաստել իրենց ճառերը եւս, որոնք կհրապարակվեն նոյեմբերի 30-ին նշանակված դատական նիստին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել