Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադրամը՝ ընդդեմ նախարարության

Մարտ 30,2011 00:00

Անցած շաբաթվանից մինչ օրս մամուլում լայնորեն քննարկվում է մի հարց, որը կարող է սկանդալ դառնալ: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանը դիմել է ՀՀ նախագահին եւ ՀՀ դատախազություն՝ վիճարկելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2010թ. դեկտեմբերի 28-ի նիստի որոշումները՝ կապված հիմնադրամի 2011թ. ծրագրերի եւ բյուջեի հաստատման հետ: 2009թ.-ից հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց տիկին Պողոսյանը, ՀՀ սփյուռքի նախարարը, միաժամանակ լինելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, խախտելով «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքը, հիմնադրամի կանոնադրությունը՝ առանց նախնական քննարկումների եւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի որոշումների, 2009-2010-ին միանձնյա տնօրինել է հիմնադրամի գործունեությանն առնչվող մի շարք կարեւորագույն ֆինանսական եւ այլ գործառույթներ: Մասնավորապես, 2010թ.-ին հիմնադրամի աշխատակազմի պահպանման ծախսերի 2011թ.-ի բյուջետային հայտը ՀՀ կառավարություն է ներկայացվել առանց սահմանված կարգով քննարկումների, 2010թ. դեկտեմբերի 28-ին կայացած հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում, որին հիվանդության պատճառով չի մասնակցել հիմնադրամի գործադիր տնօրենը, 2011թ.-ի ՀՀ պետական բյուջեով աշխատակազմի ապարատի պահպանման ծախսերի համար հատկացված 18,606 միլիոն դրամից 12,7 միլիոնը, Հրանուշ Հակոբյանի առաջարկությամբ եւ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ որպես աջակցություն եւ օժանդակություն, հատկացվել է այլ կազմակերպությունների ծրագրերի իրականացմանը՝ դրանք ներկայացնելով որպես հիմնադրամի ռազմավարական ծրագրեր:

Թամարա Պողոսյանի պնդմամբ, նշված որոշումն ընդունվել է 2011թ.-ի ՀՀ պետական բյուջեի եւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի մի շարք հոդվածների կոպիտ խախտումներով, այն չի կարող կատարվել իր կողմից եւ արդեն իսկ բողոքարկվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին, ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին:

Առայսօր սփյուռքի նախարարությունը հիմնադրամի հետ չի կնքել 2011թ.-ի ՀՀ պետական բյուջեով հիմնադրամի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հատկացման վերաբերյալ պայմանագիր, հղում կատարելով գործադիր տնօրենի կողմից հոգաբարձուների խորհրդի վերոնշյալ որոշման պարտադիր կատարմանը: Համապատասխան ֆինանսավորում չլինելու պատճառով, հիմնադրամի աշխատակազմը դեռ չի ստացել 2011թ. հունվար եւ փետրվար ամիսների աշխատավարձերը:

Դատախազությունը հաստատել է Թամարա Պողոսյանից դիմում ստանալու մասին տեղեկությունը, իսկ ահա ՀՀ սփյուռքի նախարարությունը լռում է: Մեր հարցմանն ի պատասխան, նախարարությունից ասացին, որ Հրանուշ Հակոբյանը գնացել է Սինգապուր եւ Ավստրալիա, կգա ապրիլի 1-ին եւ այդժամ էլ կլինեն բոլոր պարզաբանումները եւ պատասխանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել