Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱՆՑՈ՞ՒՄ ԵՆ

Մայիս 04,2011 00:00

\"\"«Երեւան ջուր» ընկերությունը հիվանդագին է համարում լրատվամիջոցի հետաքրքրվածությունը

Հաշվի առնելով վերջերս ՀՀ կառավարության որդեգրած՝ բիզնեսին ամեն կերպ խթանելու եւ աջակցելու քաղաքականությունը, շատ գործատուներ ռիսկ չեն անում ուղղակիորեն հայտարարել, որ կրճատումներ են անում կամ ամբողջ բաժիններ փակում: Նրանք պարզապես արդարանում են, թե կառուցվածքային փոփոխություններ են անում, ինչի արդյունքում ստիպված են հաստիքներ կրճատել: Ընդ որում, այդ ամենն արվում է օրենքի խախտումներով: «Երեւան ջուր» ընկերությունն իր ենթակայությամբ գործող «Ջրային հաշվեկշռի հաշվառման եւ վերահսկողության տնօրինության» թվով 40 աշխատակցի մի քանի օրում աշխատանքից հեռացրել է: 2 աշխատակից էլ՝ վերահսկողության տնօրինության գլխավոր մասնագետն ու տեխնիկական պայմանների, գրաֆիկների, վթարների վերացման, վերահսկողության բաժնի պետը ազատվել են արձակուրդում գտնվելու ժամանակ:

Ընկերությունը այս տնօրինության աշխատակիցներին տեղեկացրել է, որ «Երեւան ջրում» խորհրդի նիստ է եղել, որի ժամանակ որոշվել է ազատվել մի ամբողջ բաժնից: Մինչդեռ Աշխատանքային օրենսգրքով հստակ սահմանված է, որ գործատուն պետք է առնվազն 2 ամիս առաջ իր աշխատակցին զգուշացնի ազատման մասին: «Երեւան ջուրն» այս դեպքում վկայակոչել է Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասը, այսինքն՝ պատճառաբանել է, որ արտադրության ծավալները, տնտեսական, տեխնոլոգիական եւ աշխատանքի կազմակերպման պայմաններն են փոփոխվել, ուստի աշխատողների թվաքանակի կրճատման են գնում: Այդ դեպքում, ըստ Աշխատանքային օրենսգրքի, գործատուն պետք է համարժեք աշխատանք առաջարկի իր կրճատվող աշխատողներին, իսկ եթե նմանը չունի կամ աշխատակիցն ինքը չի համաձայնվում առաջարկվող աշխատանքին, նոր միայն նրան ազատի: Այդ տնօրինության աշխատակիցներից որեւէ մեկին նոր աշխատանք չի առաջարկվել, բացի այդ էլ՝ նշենք, որ վերահսկողական բաժինը դժվար թե ավելորդ համարվի որեւէ ընկերությունում:

Աշխատանքի պետական գործակալության պետի տեղակալ Արմեն Սմբատյանի խոսքերով, եթե անգամ ընկերությունում փոփոխություններ են կատարվել եւ անհրաժեշտ է եղել աշխատողների թվաքանակ կրճատել, ապա Աշխատանքային օրենսգրքի 115 հոդվածի համաձայն, գործատուն կրկին պարտավոր է իր ենթակայությամբ աշխատողներին զգուշացնել այդ մասին ոչ ուշ, քան 2 ամիս առաջ. «Սա վերաբերում է եւ ժամկետային աշխատողներին, եւ անժամկետ պայմանագրերին: Գործատուն չի կարող աշխատանքային պայմանագիրը լուծարել նաեւ այն դեպքում, երբ ունի ժամանակավոր անաշխատունակներ, կամ մարդիկ, որոնք արձակուրդում են: Մեր ունեցած տեղեկություններով, կոնկրետ «Երեւան ջուր» ընկերությունում կառուցվածքային փոփոխություններ են եղել եւ կրճատվել են հաստիքացուցակներ: Թե ինչքանով է սա ճիշտ, արդեն քննարկման խնդիր է: Քննարկման խնդիր է նաեւ այն՝ արդյոք «Երեւան ջուրը» համապատասխան աշխատանք առաջարկե՞լ է այս աշխատակիցներին: Կոնկրետ այս դեպքի մասին չունենք բավարար տեղեկատվություն, քանի որ դեռ չունենք դիմում-բողոք, երբ ունենանք՝ վարչարարություն կսկսենք»: Մեր այն հարցին՝ իսկ եթե ապացուցվի, որ գործատուն իսկապես օրենք է խախտել, պարոն Սմբատյանը պատասխանեց. «Եթե գործատուն իր աշխատակցին 2 ամիս առաջ չի տեղեկացրել, որ ազատելու է, 115 հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է տուգանք, ծանուցման ամեն ժամկետանց օրվա համար հաշվարկվում է միջին աշխատավարձ: Նշեմ մի կարեւոր փաստ եւս, որ գործատուն պետք է աշխատողներին վճարի վերջնահաշվարկ՝ կարգին համապատասխան»:

Մենք այս առնչությամբ պարզաբանումներ խնդրեցինք նաեւ «Երեւան ջուր» ընկերությունից: Հետաքրքրվեցինք, թե ի՞նչն է պատճառը, որ ընկերությունում կրճատումներ են իրականացվում՝ այն էլ Աշխատանքային օրենսգրքի խախտումով, 60 օր առաջ «Ջրային հաշվեկշռի հաշվառման եւ վերահսկողության տնօրինության» ոչ մի աշխատակից չի զգուշացվել, որ ազատվելու է, ինչո՞ւ են հատկապես հենց այս տնօրինության վրա անդրադարձել կրճատումները, այն դեպքում, երբ ամեն ամիս նրանք «Երեւան ջրից» ստացել են խրախուսումներ՝ գումարային տեսքով եւ վիճակագրությունը ցույց է տալիս, որ տվյալ բաժինն էլ նպաստում է ջրագողությունների կրճատմանը: Բացի այդ, հարցրել էինք, թե ինչո՞ւ են աշխատանքից ազատվել այն 2 աշխատակիցները, որոնք ազատման պահին գտնվել են արձակուրդում: Մենք նաեւ հարցրել էինք այս աշխատակիցների աշխատավարձերի վերջնահաշվարկների մասին, քանի որ վերջիններս հավաստիացնում են, որ դրանց մեջ կան որոշակի անճշտություններ: Նրանք նաեւ պնդում են, որ իրենց տնօրինությունը փակելու համար հրավիրված «Երեւան ջուր» ընկերության խորհրդի նիստի ժամանակ «Երեւան ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեն Երեւանում չի եղել: Մեր հարցերին ի պատասխան՝ ընկերությունից հայտնել են, որ իրենք համարվում են 100% առեւտրային կազմակերպություն, ուստի իրենք ունեն թե՛ պարտավորություններ եւ թե՛ իրավունքներ ինքնուրույն կերպով իրականացնելու անհրաժեշտ կառուցվածքային ու կադրային փոփոխություններ՝ կապված ինչպես առկա խնդիրների ու հեռանկարների, այնպես էլ ընկերության ֆինանսական ու տեխնիկական հնարավորությունների հետ. «Ներկայիս կառուցվածքային փոփոխությունները ենթադրում են հետագա օպտիմալացում, որի արդյունքում ողջ համակարգում կրճատվել է 90 հաստիք: Բոլոր փոփոխությունները կատարվել են ՀՀ օրենսդրությանն ու «Վարձակալության պայմանագրի» դրույթներին համապատասխան: Հասկանալի է, որ այս փոփոխությունների հետեւում կանգնած են կոնկրետ մարդիկ, իրենց խնդիրներով եւ ապագայի ծրագրերով: Սակայն մենք պարտավոր ենք ղեկավարվել ընկերության ընդհանուր շահով՝ փորձելով նվազագույնի հասցնել կրճատումները եւ ժամանակին վճարել ազատված աշխատակիցներին հասանելիք գումարը: Ինչ վերաբերում է ընկերության խորհրդի նիստին, ապա ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների պայմաններում խորհրդի անդամների հաղորդակցությունը կազմակերպելու համար պարտադիր չէ նրանց ֆիզիկական ներկայությունը Երեւանում, առավել եւս, որ վերջիններիս մեծամասնության գրասենյակները գտնվում են արտերկրում: Ամփոփելով՝ ցանկանում ենք տեղեկացնել, որ առ այսօր տնօրինությանը դիմած բոլոր կրճատված աշխատակիցները ստացել են համապատասխան պարզաբանումներ: Հետայսու նույնպես մենք պատրաստ ենք քննարկել եւ պատասխան տալ աշխատակիցներին հուզող յուրաքանչյուր հարցի: Իսկ նրանք, ովքեր կհամարեն, որ խախտվել է իրենց իրավունքը, կարող են հարցը կարգավորել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դատական կարգով»:

«Երեւան ջուրն» իր պատասխանն ամփոփել էր այսպես. «Եթե բացառենք լրագրողների անձնական շահագրգռվածությունը տվյալ հարցում, ապա հարկ է նշել, որ նման հետաքրքրասիրությունը որոշակիորեն հիվանդագին բնույթ է կրում ու անցնում պատշաճության սահմանները, ինչը, համաձայնեք, պատիվ չի բերում եւ ոչ մեկին»:

Նկատենք, որ օգտվելով իրենց իրավունքից, մեզ դիմել են հենց այս տնօրինության աշխատակիցները, ուստի թե ինչ «անձնական շահագրգռվածության» կամ «պատշաճության սահմաններն» անցնելու մասին է խոսքը՝ մեզ համար անհասկանալի է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել