Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՒԼԻՍԸ» ԵՏ ԲԵՐԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԵՐԸ

Մայիս 31,2011 00:00

\"\"Հայաստանի առաջնությունը կրկին միանձնյա առաջատար ունի: 11-րդ տուրում Երեւանի «Ուլիսը» կարողացավ վրեժխնդիր լինել «Շիրակից»՝ ՀՀ գավաթի խաղարկության կիսաեզրափակչում կրած պարտության դիմաց: Այժմ ահագնացող արագությամբ ետնապահներին է մոտենում Գյումրիի «Շիրակը»: Գավաթային եզրափակչի մասնակիցը, ում միայն ՀՖՖ հատուկ որոշումով թույլ տվեցին մրցաշրջան 2011-ում մասնակցել բարձրագույն խմբի առաջնությանը, հերթական պարտությունը կրեց՝ Արամ Բարեղամյանի խփած գնդակի շնորհիվ: Ինչն էլ թույլ տվեց Սեւադա Արզումանյանի թիմին՝ կրկին բարձրանալ մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնական: Դրան, իհարկե, նպաստեց նաեւ «Ուլիսի» հետ հավասար միավորներով ընթացող «Փյունիկի» ոչ-ոքին:
Չեմպիոնը 11-րդ տուրում ընդունում էր նախորդ բոլոր մրցաշարերում գլխավոր մրցակցին՝ «Բանանցին»: Սակայն այս տարի փոխչեմպիոնի դրությունը, պարզ ասենք, նախանձելի չէ: Թիմը հանգրվանել է նախավերջին հորիզոնականում, մարզչական փոփոխությունների է ենթարկվել ու դժվար էր անգամ հավատալ, որ ի վիճակի է առաջատարների քարտերը խառնել: Փաստ է, սակայն, որ երբեմն ամբիցիաները հաղթահարում են մրցաշարային իրավիճակի «արգելքները»: «Բանանցը» կարողացավ խուսափել պարտությունից, ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտելով հանդիպումը «Փյունիկի» հետ ու միեւնույն ժամանակ վերջինիս ետ մղելով ոչ միայն առաջին, այլեւ՝ երկրորդ հորիզոնականից: Այժմ չեմպիոնը զիջում է թե «Ուլիսին» ու թե «Գանձասարին»:
Կապանցիները վերջին շաբաթների թոհուբոհից հետո վերջապես ազատ շունչ են քաշել: Ինչպես հայտնի է, առաջնությունից դուրս գալն արդեն չի սպառնում ոչ թիմին, ոչ էլ երկրպագուներին, ավելին՝ Կապանում երկրպագուների հինգ խաղով որակազրկումը ՀՖՖ նախագահը հանել է: Մարզադաշտն այժմ պայմանականորեն է որակազրկված, ինչը չի խանգարում տրիբունաների աջակցությամբ հանդիպում անցկացնելուն… Ու վերջին տուրում երկու հազար երկրպագուների ներկայությամբ «Գանձասարը» 5:0 հաշվով հաղթեց առաջնության ետնապահ «Արարատին»՝ ամրապնդվելով երկրորդ հորիզոնականում: «Արարատը», թվում էր, արդեն ճգնաժամից դուրս գալու հուսադրող ճիգեր է գործադրում, սակայն խոշոր հաշվով այս պարտությունն ամեն ինչ վերադարձրեց նախկին վիճակին:
Նախանձելի չէ նաեւ միշտ մեծ ամբիցիաներ ունեցող «Միկայի» մրցաշարային վիճակը: Հայաստանի 2011 թվականի գավաթակիրը, որ գավաթային իր ճանապարհին «Իմպուլսի» հետ խաղում մրցակցի քարը քարի վրա չթողեց, առաջնությունում նվազագույն հաշվով պարտություն կրեց՝ մրցաշարային աղյուսակում առաջ թողնելով դիլիջանցիներին: Արմեն Շահգելդյանի թիմը 11 տուրից հետո մրցաշարային աղյուսակում հինգերորդն է՝ իր ետեւում թողնելով «Շիրակին», «Բանանցին» ու «Արարատին»… Իսկ հաջորդ տուրը կկայանա միայն հունիսի 12-ին. առջեւում հավաքականների խաղերն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031