Լրահոս
Օրվա լրահոսը

Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանում են նաեւ երիտասարդները

Սեպտեմբեր 27,2011 00:00

 Պետք է մարմնամարզությամբ զբաղվել ու ճիշտ սնվել

Կրծքագեղձի քաղցկեղը առավել տարածված է 40-60 տարեկան կանանց շրջանում, սակայն չարորակ ուռուցքներ սկսել են հայտնաբերվել նաեւ երիտասարդ աղջիկների մոտ: Հայաստանում 1997 թվականից մինչ օրս կրծքագեղձի քաղցկեղ հայտնաբերվել է 0-29 տարեկան 60 աղջիկների մոտ:  Այսօր այս մասին հայտնեց «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Ըստ նրա՝ դա իսկապես մեծ թիվ է, քանի որ մինչեւ 29 տարեկան աղջիկը չպետք է իմանա, թե ինչ բան է քաղցկեղը. «Այս հիվանդության առաջացման հիմնական պատճառները սթրեսներն են եւ ժառանգականությունը: Ընդհանրապես պետք է ճիշտ ապրել, նստակյաց կյանք չվարել, մարմնամարզությամբ կամ սպորտով զբաղվել, թեթեւ սնունդ ուտել: Եթե սեռահասունությունը ճիշտ է կատարվում, կինը ճիշտ ժամանակին է ծննդաբերում՝ մինչեւ 35 տարեկան, իր երեխային ավելի երկար կերակրում կրծքով, դա հանգեցնում է նրան, որ պոտենցիալ քաղցկեղով հիվանդի մոտ այդ հիվանդությունը ուշ է զարգանում կամ ընդհանրապես չի զարգանում»: Նա խորհուրդ տվեց ավելի շատ բանջարեղեն ու միրգ, թռչնամիս ու ծովամթերքներ ուտել, կարմիր գինի խմել՝ սեւ շոկոլադի համադրությամբ, բայց ամենաառաջինը՝ թե տղամարդիկ, թե կանայք տարին մեկ անգամ պարտավոր են այցելել բժշկի, անցնել պրոֆիլակտիկ հետազոտություն, որպեսզի եթե կա նորագոյացություն, ապա այն ժամանակին հայտնաբերվի ու բուժվի: «Մեզ մոտ 14 տարվա ընթացքում արվել է 136 341 կրծքագեղձի հետազոտություն, որից միայն 6500 այցելուի մոտ է ախտորոշվել կրծքագեղձի քաղցկեղ, իսկ 77 500-ի մոտ՝ բարորակ ախտահարումներ: Հետազոտված 472 տղամարդկանցից հայտնաբերվել է 19 քաղցկեղի դեպք»,- տեղեկացրեց տիկին Հակոբյանը:
Նույն կենտրոնի ուռոլոգիայի, տղամարդու առողջության եւ շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելման կենտրոնի ղեկավար Ռուբեն Հովհաննիսյանն էլ հավելեց, որ այն ընտանիքներում, որտեղ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ է եղել, պետք է պարբերաբար հետազոտություն անցնեն ոչ միայն նույն ընտանիքի կանայք, այլեւ տղամարդիկ. «Եթե ընտանիքի կին անդամներից որեւէ մեկի մոտ կրծքագեղձի քաղցկեղ է եղել կամ կա, այդ ընտանիքի տղամարդու մոտ հնարավոր է զարգանա շագանակագեղձի քաղցկեղ, ուստի տղամարդիկ էլ պետք է հաճախ հետազոտվեն»: 
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել