Լրահոս
Օրվա լրահոսը

«80%-ը ռուս գրականություն է»

Հոկտեմբեր 05,2011 00:00

Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական Վլադիմիր Կրիվոպուսկովը գոհ է Հայաստանում ռուսաց լեզվի վիճակից:

Այս օրերին Հայաստանում նշվում է «Ռուսական խոսքի օրերը», որի կապակցությամբ Հայաստան են ժամանել ռուս ժամանակակից հայտնի գրողներ: Երեկ Հայաստանի գրողների միությունում նրանցից մի քանիսը հանդիպեցին լրագրողների եւ հայ գրողների հետ:
Մինչ ռուս մտավորականների հետ հանդիպումը, հայ գրողները հյուրընկալեցին այս օրերին Հայաստանում գտնվող գերմանացի գրող, «ODA-Ort der Augen» գրական հանդեսի գլխավոր խմբագիր Անդրե Շինքելին: Ըստ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի, դեռեւս մեկ տարի առաջ Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի գրողների «Ֆրիդրիխ Բոդեքեր» միության եւ Հայաստանի գրողների միության միջեւ կնքվեց փոխհարաբերությունների զարգացման, համընդհանուր մշակութային կապերի հաստատման համաձայնագիր: Ա. Շինքելը մանրամասնեց համաձայնագրի պայմանները, ըստ որի՝ երկու երկրների գրողների միջեւ սկսվելու են փոխհամագործակցության ծրագրեր՝ ընթերցանության օրեր հայաստանյան գրադարաններում, հանդիպումներ հայ գրողների եւ ուսանողների հետ, գրողների փոխանակում Գերմանիայի հետ: «Ռուսական խոսքի օրերը» Հայաստանում մեկնարկել է հոկտեմբերի 3-ին: Ինչպես նշեց Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական եւ միջազգային հումանիտար համագործակցության նախագահ Վլադիմիր Կրիվոպուսկովը, մեկ շաբաթվա ընթացքում «Ռուսական խոսքի օրերը» միջոցառումներին մասնակից կլինի ավելի քան 1 միլիոն մարդ՝ Հայաստանից եւ Ռուսաստանից. «Այս տարի առանձնահատուկ ենք պատրաստվել միջոցառմանը, քանի որ նվիրվում է Հայաստանի անկախության 20-ամյակին»: Ըստ անվանի գրող Կիմ Բակշիի, «Հայաստանում ռուսաց լեզուն ու խոսքը քարոզի կարիք չունի, քանի որ յուրաքանչյուր երկրորդ հայ մայրենի լեզվի պես տիրապետում է ռուսերենին եւ ազատ հաղորդակցվում ռուսերենով»: Վ. Կրիվոպուսկովը հավելեց. «ԽՍՀՄ-ի փլուզումից հետո գուցե հայերը մի փոքր հեռացան ռուսաց լեզվից, բայց այս տարի ինձ համար ուրախությամբ պարզեցի, որ աստիճանաբար վերադառնում են հին օրերը, հայաստանյան գրադարանները կրկին 80%-ով լցվել են ռուս գրականությամբ, մարդիկ նորից սկսել են սիրել մեր լեզուն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել