Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆՔ ՎԱՐԵԼ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 26,2011 00:00

\"\"Ըստ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի՝ մեր երկրի վարած արտաքին քաղաքականությունը գնահատվում է համանախագահ երեք երկրների կողմից:

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական անգամ այցելեցին տարածաշրջան, եղան Երեւանում, Ստեփանակերտում եւ Բաքվում ու իրենց հերթական հայտարարության մեջ շեշտեցին, թե անհրաժեշտ է, որ հակամարտող կողմերը էապես բարելավեն բանակցությունների մթնոլորտը, ամրապնդեն գոյություն ունեցող հրադադարը՝ խաղաղ կարգավորման հասնելուն ուղղված հետագա առաջընթացի հասնելու համար: Համանախագահները նաեւ մի քանի առաջարկներ են ներկայացրել տարբեր ոլորտներում վստահության ամրապնդման համատեքստում: Այս ամենը նշանակո՞ւմ է, որ ինչ-որ էական բան կփոխվի այս այցից հետո:
– Համանախագահները իրենց այցի ընթացքում ավելի մեծ ուշադրություն են դարձրել շփման գծում տեղի ունեցող անցուդարձին, տպավորությունն այն է, որ իրենք այս այցով ավելի մեծ ուշադրություն են դարձրել Ադրբեջանի վրա, որովհետեւ այն, ինչ պահանջվում է Ադրբեջանից, իրականում չի կատարվում: Ադրբեջանը մերժում է համանախագահների առաջարկը, որը վերաբերում է դիպուկահարների ետքաշմանը, տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ, կամ՝ շարունակ խոսում է ղարաբաղյան հարցի կարգավորման հարցում առաջ շարժվելու մասին եւ միաժամանակ անընդհատ խախտում պայմանավորվածությունները՝ հրահրելով միջադեպեր: Իսկ այս ամենը խաղաղ բանակցությունները խանգարող հանգամանքներ են:
– Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը Հայաստան բավականին ջերմ էր, դրան հաջորդեցին Ֆրանսիայի նախագահի նամակները ե՛ւ մեր երկրի նախագահին, ե՛ւ ԱԳ նախարարին. արդյոք այս ամենը նշանակո՞ւմ է, որ Ֆրանսիայի դերակատարությունը մեծանում է մեր երկրում:
– Իրականում Ֆրանսիայի հետ մեր հարաբերությունները նոր չեն, բավականաչափ ջերմ են եղել միշտ, եւ պատահական չէ, որ սա արդեն Ֆրանսիայի նախագահների երկրորդ պետական այցն է. պետական այցով Հայաստանում է եղել Ժակ Շիրակը, հիմա՝ Նիկոլա Սարկոզին, այնպես որ՝ մեր երկրի հարաբերությունները Ֆրանսիայի հետ միշտ էլ եղել են շատ ջերմ: Մյուս կողմից՝ կա ֆրանսիայի նախագահի գնահատականը ընդհանուր մեր արտաքին քաղաքականության մասին: Այն հանգամանքը, որ Ֆրանսիայի նախագահի կողմից առաջանում է այսպիսի բարձր գնահատական, նշանակում է, որ մենք մեր այսպիսի բարդ տարածաշրջանում, այսպիսի հակասական շահերի տարածաշրջանում, այնուամենայնիվ, կարողանում ենք վարել այն քաղաքականությունը, որը գնահատվում է թե Փարիզում, թե Մոսկվայում եւ թե ԱՄՆ-ում, որովհետեւ կարելի է խոսել նաեւ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բըրնսի այցի մասին: Ընդհանուր առմամբ, Հայաստանին հաջողվում է առաջ տանել այն քաղաքականությունը, որն առաջին հերթին բխում է մեր երկրի շահերից:
Եվ Ղարաբաղի հարցում, եւ հայ-թուրքական հարցում այն քայլերը, որ մենք արել ենք, շատ արժանապատիվ կանգնում ենք եւ ասում ենք՝ արել ենք, եւ այն, ինչ Թուրքիան չի անում, արդեն հարցը Թուրքիայի խնդիրն է, ինչպես ասում են, իրոք, արդեն գնդակը Թուրքիայի դաշտում է:
– Այնուամենայնիվ, Սարկոզին մի ակնարկ էր արել, թե հասել ենք մի կետի, որից հետո պետք է առաջ շարժվել, արդյոք սա չի՞ նշանակում, թե կոնկրետություն է ակնկալվում մեզնից եւս:
– Դա նշանակում է, որ այն սպասելիքները, որ ունեին համանախագահողները, հատկապես Կազանում, վերջիվերջո երկարատեւ աշխատանքի արդյունք էր, թվում էր՝ ամեն ինչ համաձայնեցված է, թվում էր՝ վերջիվերջո այն քայլն է կատարվելու, որը սկիզբ կդնի ավելի, այսպես ասած՝ արդյունավետ գործընթացի, իհարկե՝ դրանով հարցը միանգամից չէր լուծվի, եւ մեկ էլ հանկարծ պետություններից մեկը ետ է կանգնում: Տասը նոր առաջարկություն, ակնհայտ է, որ այն բոլոր սպասելիքները, որ կային, այն եռանդը եւ ուժը, որ ներդրված էին այդ գործում, եւ մեկ էլ՝ կողմերից մեկի այդ դիրքորոշումը վերջին պահին, իհարկե՝ սա պետք է առաջացներ հիասթափություններ, այս հայտարարությունները՝ լինի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ Ռուսաստանի կողմից, պետք է հենց այս ենթատեքստը ունենային:
– Մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները բանակցություններից դուրս իրար հետ բավականին ջերմ են շփվում, անգամ հնչում է հայերեն եւ ադրբեջաներեն խոսք. սրանում վատ բա՞ն կա:
– Ես իմ անձնական փորձից կասեմ. սովորաբար երբ հանդիպում ես այլ երկրների պատգամավորական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, միշտ լինում է մեկը, որ հետեւում է, եւ նրա ներկայությունը բոլորին կաշկանդում է, բայց երբ, ամենայն հավանականությամբ, այդ մարդը տեսադաշտում չի, մարդիկ իրենց ավելի ազատ են պահում: Մյուս կողմից՝ խնդիրն այն է, որ կենցաղային առումով մենք իրար շատ լավ հասկանում ենք, բայց ինչ վերաբերում է, այսպես ասած, հիմնախնդրին, այստեղ տեղի է ունենում մի սարսափելի բան. գիտեք, ինչն է սարսափելի, այն, որ Ադրբեջանի ղեկավարությունը իր երկրում իրականացնում է հակահայկական քաղաքականություն եւ պղտորում է երիտասարդությանը. դա, իմ գնահատմամբ, շատ մեծ հանցագործություն է, որովհետեւ, վերջիվերջո, մենք ապրելու ենք իրար կողքի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել