Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի դատարանում ցուցմունք տվեց ՀԱԿ ակտիվիստ ազատամարտիկը

Նոյեմբեր 09,2011 19:23

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր դատարանում մոտ 6 ժամ տեւեց ընդդիմադիր ազատամարտիկ Ժորա Աթոյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: ՀԱԿ ակտիվիստը, ինչպես հայտնի է, մեղադրվում է խարդախություն կատարելու, կեղծ փաստաթղթերով զինվորական կենսաթոշակ ստանալու, ու այսպիսով պետությանը 8.733.879 դրամի վնաս պատճառելու մեջ:

Դատական նիստն անցավ լարված մթնոլորտում: Նախատեսված էր հարցաքննել վերջին` 15-րդ վկա Թադևոս Գևորգյանին, սակայն ինքնակամ դատարան ներկայացավ նաեւ «Մասիս» գումարտակի հրամանատար Լյովա Գեւորգյանը, պնդելով, թե չի ճանաչում իր գումարտակում կռված Ժորա Աթոյանին: Նշենք, որ ազատամարտիկը դեմ էր Լյովա Գեւորգյանի ցուցմունք տալուն, քանի որ, ըստ նրա, սա մեղադրող կողմի կազմակերպածն է:Ազատամարտիկը նաեւ զայրանում էր, թե ինչո՞ւ որպես վկա չէին նախատեսել հրավիրել հրամանատարին:

Ազատամարտիկի փաստաբան Աննա Դավթյանը եւս հետաքրքրվեց, թե ի՞նչն է դրդել պաշտպանության նախարարության զորամասերից մեկում պատասխանատու պաշտոն զբաղեցնող Լյովա Գեւորգյանին իր աշխատանքը թողնելու ու դատարան հասնելու համար. «Իմ պրակտիկայից ելնելով՝ ես գիտեմ, որ մարդիկ դժվարությամբ են գալիս դատարան, ինչպե՞ս եղավ, որ դուք այդքան պատրաստակամ ներկայացաք, երբ հրավիրված վկա չէիք, եւ զարմանալի է, որ նման պատասխանատու պաշտոնի մարդը թողնի իր գործն ու գա այստեղ»: Հրամանատարը դատարան էր ներկայացել պատրաստված. ինչ-որ ցուցակով, որտեղ նրա պնդմամբ՝ չկար ազատամարտիկ Աթոյանի անունը: «Եթե դուք չգիտեք, թե Ձեզ հրավիրելու են որպես վկա, ինչո՞ւ էիք այդ ցուցակը բերում ձեր հետ»,- նորից զայրացավ ազատամարտիկի շահերի պաշտպանը:

Դահլիճում նստածներն էլ նկատեցին, որ ցուցակը սարքված է համակարգչով: Ժորա Աթոյանը պնդում էր, թե իրեն կռվի դաշտ գնալիս ընդունել է հենց այդ հրամանատարը: Վերջինս էլ իր հերթին պնդում էր, որ թեեւ 1994 հունվարի վերջերին «լեննականցի տղեք է ստացել», շատերին էլ չի հասցրել գրանցել, այդուհանդերձ, չի ճանաչում Աթոյան ազգանունով ոչ մեկին:

Ի դեպ, հրամանատարը հաճախակի էր ռեպլիկներ թողնում դահլիճից՝այսպիսով ազատամարտիկի ընկերներին մղելով լեզվակռվի: «Ո՞վ է իսկական ազատամարտիկը» թեմայի շուրջ կրքերն այնպես բորբոքվեցին, որ ստիպված եղան նիստերի դահլիճից դուրս հրավիրել նստածներից մի քանիսին: Բանը հասավ նրան, որ դատախազ Հարություն Հարությունյանը խնդրեց հարգալից վերաբերել հրամանատարին` հիշեցնելով, որ նա իսկական հերոս է : «Նա հերոս է, մենք էլ նապաստա՞կ: Եթե այս հրամանատարին լսենք, ապա Գյումրիի 76 տղաները կռվի դաշտ եկել էին շաքար ուտելու»,- զայրանում էր Ժորա Աթոյանը:

Ցուցմունք տալու հերթը հասավ նաև ազատամարտիկին: Վերջինս դատախազին հարցրեց, թե ի վերջո ո՞վ է իր դեմ բողոքում, ո՞ւմ հայտարարության հիման վրա է իր դեմ հարուցվել քրեական գործ: «Էս քանի ամիս է՝ իմ հետ կռված տղաներին թողած, վկաներ եք բերում-տանում, հարցնում եք Աթոյանին ճանաչո՞ւմ են, չե՞ն ճանաչում, «պոլե չուդես» եք խաղում: Ես մարտական գործողություններին գնացել եմ մասնակցելու ինքնակամ, այդ ժամանակ ես բավական ազդեցիկ պաշտոն էի զբաղեցնում` Գյումրիի էլցանցում մարզի էներգոիրացման պետն էի, նաեւ քաղաքային սովետի դեպուտատ էի: Ձեր կարծիքով, պաշտոնս թողած Ղարաբաղ էի գնում, որ ինձ թոշակ ապահովեի՞: Եթե խիղճս կորցնեի, էդ 4 մլն. դրամը, որն ինձ հիմա վերագրում եք որպես պետական փողերի յուրացում, ես մի ամսվա մեջ ծրարով կստանայի, վերջիվերոջո, հսկա հիմնարկի պետ էի, դեպուտատ էի, տաք անկյունում էի ապրում: Պատերազմի դաշտում երբեք չես մտածում կենդանի մնալու մասին, ո՞վ էր մտածում թոշակի մասին կամ թոշակ կա՞ր»,-հարցրեց ազատամարտիկը:

Ժորա Աթոյանը նաեւ զարմանում էր, որ եթե իր փաստաթղթերը կեղծ են, ապա ինչո՞ւ հարցաքննության չեն հրավիրում իրեն թոշակավորած մարմնին` ռազմաբժշկական փորձաքննության անդամներին: «Մարտի 1-ից հետո մարդիկ բանակների բաժանվեցին, ես գաղափարական հակառակորդներ ձեռք բերեցի, մենք մեր քաղբանտարկյալ ընկերների հետ հացադուլ էինք անում, իսկ էստեղ նստածներից շատերը 20 մետր հեռավորության վրա քեֆ էին անում» – զայրացած իր խոսքն ավարտեց ազատամարտիկը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930