
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոյեմբերի 13-ին Իջեւանում կայանալու է համայնքի ղեկավարի ընտրություն («Մարզերում հանրապետականն ընդդեմ հանրապետականի», «Իջեւանի քաղաքապետի ընտրություններում օրենքը արհամարհվո՞ւմ է» եւ այլն): Պայքարի են դուրս եկել ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը, ում սատարում է նրա ազգական, քաղաքի ավագանու անդամ, հանրապետական Արծրունի Ղալումյանը եւ 12 տարի քաղաքը ղեկավարելուց հետո այս ապրիլին հանրապետական դարձած, գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը:
Ու մինչ մայրաքաղաքում հանրապետական իշխանական վերնախավը հստակեցումներ է մտցնում, պարզում իրեն շրջապատողների գաղտնի ու բացահայտ քաղաքական կողմնորոշումները, արտաքին քաղաքականության համար իշխանությունից հեռացած ՀՅԴ-ն Հայ ազգային կոնգրեսից թունդ է քննադատում ներքին քաղաքականությունը եւ դժգոհում իշխանության օլիգարխացումից: Իջեւանում կուսակցական մարզային «բոսերը», գլխավոր «բոսերի» աչքից հեռու՝ ոչ այն է համագործակցում են, ոչ այն է անտեսում մայրաքաղաքից եկած դիրեկտիվները:
Հանրապետական կուսակցության Տավուշի մարզային կառույցը, մարզպետ Արմեն Ղուլարյանի ղեկավարությամբ, նոյեմբերի 5-ին ժողով է հրավիրել եւ հայտնել, որ կուսակցությունը սատարում է գործող քաղաքապետին: Նիստին, սակայն, չի մասնակցել հանրապետականի Իջեւանի կառույցի ղեկավար Արծրունի Ղալումյանը, ինչը հասկանալի է. նրա եւ Ներսիսյանի հարաբերությունները տարիներ ի վեր սրված են: Սակայն, ըստ Իջեւանում շրջանառվող լուրերի, նա զբաղված է եղել նույն օրը Իջեւան ժամանած ԲՀԿ-ական պատվիրակությանը դիմավորելու կազմակերպչական հարցերով: Թե որքանով է Ղալումյանը զբաղված եղել ԲՀԿ-ական պատվիրակությանը դիմավորելու գործով, որ սեփական կուսակցության ժողովին չի գնացել՝ դժվար է ասել, բայց մի բան հստակ է, որ նրա մոտ շրջապատը, անմիջական ենթականերն ու խնամի-բարեկամները կանգնած են ոչ թե հարազատ հանրապետականի, այլ նրա ազգական-հարազատի՝ ԲՀԿ թեկնածու Վարդան Ղալումյանի կողքին: Վարդան Ղալումյանի օգտին քարոզարշավ են տանում Արծրունի Ղալումյանին պատկանող Իջեւանի ճանշինձեռնարկության փոխտնօրեն, ՀԱԿ անդամ Վահե Ղալումյանը, գլխավոր հաշվապահ Արտյոմ Ոսկանյանը, Արծրունու՝ խնամի ՀՅԴ-ական Վարդան Օրդինյանը: Իջեւանցիներն ասում են, որ նույն ձեռնարկության վարչական շենքը ԲՀԿ-ական թեկնածուի ոչ պաշտոնական շտաբն է, որտեղ նախկին պատգամավորն անձամբ հանդիպում է բնակիչների հետ եւ քարոզում հօգուտ ԲՀԿ-ական թեկնածուի:
Իջեւանում տեղական ինքնակառավարման մարմինների գրեթե բոլոր ընտրություններն անցել են լարված մթնոլորտում, միշտ եղել է թեժ ընտրապայքար, եղել են անգամ դանակահարության դեպքեր: Գրեթե բոլոր ընտրություններում գործող քաղաքապետի դեմ աշխատել են բոլոր պետական, ուժային եւ վարչական լծակները, բայց վերջինս միշտ հաղթել է: Եվ սա այն դեպքում, երբ Վարուժան Ներսիսյանը անկուսակցական էր, որեւէ քաղաքական ուժի կամ պետական կառույցի հովանավորյալը չէր:
Հիմա, արդեն հանրապետական Վարուժան Ներսիսյանի առաջադրումից հետո, Տավուշի հանրապետական մարզպետ Արմեն Ղուլարյանը պաշտոնապես հայտարարել է, որ կուսակցությունը սատարում է Ներսիսյանին, բայց այս հայտարարությունից հետո էլ վերջինիս դեմ շարունակում են աշխատել մարզային կարեւոր կառույցները՝ «Իջեւանի ջրմուղկոյուղի» ընկերությունն իր ողջ անձնակազմով, «ՀայՌուսգազարդի» Տավուշ մասնաճյուղը, Երկրապահ կամավորականների միության Իջեւանի տարածքային կազմակերպությունը, Սեւքարի անտառտնտեսությունը, Բագրատաշենի մաքսային կետի իջեւանցի աշխատակիցները, հարկային տեսչության զգալի թվով աշխատակիցներ, դատախազության առանձին աշխատակիցներ: Ոմանք ծածուկ, ոմանք բացահայտ: Ու ստացվում է, որ հանրապետական դարձած երկարամյա քաղաքապետը նորից միայնակ է, Հանրապետական կուսակցությունը իր վարչական հզոր լծակներով նրա կողքին չէ, կուսակցությունը նրան սատարում է միայն խոսք-հայտարարություններով:
Ըստ Իջեւանում շրջանառվող լուրերի, ԲՀԿ-ն սկսել է 5 000-ական դրամ ընտրակաշառք, օպտիկական ակնոցներ եւ ալյուր բաժանել ընտրողներին, որի համար, ի դեպ, օգտագործվում է ոչ միայն Ճանշինձեռնարկության վարչական շենքը, այլ նաեւ պահեստները: Ասում են՝ ԲՀԿ-ն «հովանավորում» է նաեւ քաղաքի տաքսիների վարորդների խմբակային ընդմիջումը տարբեր օբյեկտներում: «Առավոտի» հետ զրուցող տաքսու վարորդներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, հաստատեց, որ նման բան եղել է եւ վիրավորված ասաց. «Կարծում են, թե մի փոր հացով մեր ձայները վաճառելու ենք»:
ԲՀԿ-ն, թեեւ ոչ պաշտոնապես, սակայն հերքում է, որ ընտրություններում օրենքի շրջանակից դուրս որեւէ քայլ է արել:
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































