Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա ո՞վ ընդունակ չէ ստելու»

Նոյեմբեր 11,2011 13:23 Share

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցրեց վկան, որը պնդում էր, թե ճիշտ են իր ցուցմունքները:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, երեկ շարունակվեց ԱԱԾ նախկին քննիչ Վլադիմիր Կոթոլյանի գործով քննությունը   վկա Բալասան Զաքարյանի հարցաքննությունը:
Նախորդ դատական նիստին այս վկայի հարցաքննությունն անավարտ էր մնացել, իսկ նշանակված օրն էլ ձնաբքի պատճառով վկան չէր կարողացել Մեղրիից հասնել Երեւան:
Հիշեցնենք, ԱԱԾ քննիչ Վլադիմիր Կոթոլյանն այս դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտված դատաքննության արդյունքում դատապարտվել էր 7,5 տարվա ազատազրկման՝ 4000 դոլար կաշառք ստանալու համար:
Իսկ կաշառքը, ըստ քրգործի նյութերի, տվել էր Բալասան Զաքարյանի որդին՝ Հովիկ Գրիգորյանը: Վերջինս թմրանյութի օգտագործման համար դատապարտվել էր այս նույն դատարանի դատավճռով՝ 9 տարվա ազատազրկման:
Մեղրեցի այս վկան չնայած ընդունում էր, որ որդին «նստած է եղել ասեղի վրա», որ որդուն 2009թ. «Զվարթնոց» օդանավակայանում իրավապահները բռնել են ընկերուհու հետ՝ հայտնաբերելով նրանց մոտ թմրանյութ, ընդունում էր, որ որդին եւ ընկերուհին (որի մասին քննիչի հարցին, թե ո՞վ է, պատասխանել էր՝ «լիրբ է»- Ռ. Մ.) թմրանյութի կախվածության համար բուժվել են նարկոդիսպանսերում, չէր ընդունում ինտերնետը, թերթերը, ԱԱԾ քննիչի պաշտպաններին, նրանց մեղադրելով իր մասին վարկաբեկիչ տեղեկություններ տարածելու համար:
Երեկ դատարանում վկան հայտնեց, որ որդու թմրամոլ լինելու մասին իմացել է նրան հիվանդանոց պառկեցնելուց մեկ օր առաջ: Նա իր քրոջ տանը հայտնաբերել է տղայի օգտագործած ասեղը եւ երբ հարցրել է Հովիկին այդ մասին, իր իսկ ցուցմունքի համաձայն, որդին լաց է եղել եւ հայտնել բուժվելու ցանկության մասին:
Վկան ասաց, որ միայնակ է մեծացրել որդուն, եւ որ ինքը որպես մայր հոգացել է նրա բոլոր կարիքները:
Բալասան Զաքարյանը ցուցմունք տվեց, որ զբաղվել է առեւտրական գործունեությամբ, հագուստ, «շուշեղեն» է բերել Թուրքիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Իրանից եւ Սիրիայից:
Նա սրտնեղեց այն պնդումների կապակցությամբ, ըստ որի՝ ինքը գումարի կարիք է ունեցել: Դատարանում ասաց. «Իմ երեխան ոչ մի բանի կարիք չի ունեցել: Եթե պարտք է եղել, ապա մենք այդ պարտքը փակել ենք»: Ըստ վկա-մոր, հիվանդանոցում անընդհատ զանգեր է ստացել: Պարզվել է, որ ԱԱԾ քննիչ Վլադիմիր Կոթոլյանն է, որին տղան մի անգամ տվել է 2000 դոլար, եւ պիտի տար եւս 2000-ը:
Հարցին, թե ինչպիսին էր Հովիկի վիճակը նարկոլոգիական դիսպանսերում, վկան ասաց. «Հովիկի ուղեղը մթագնված էր: Հովիկն այն Հովիկը չէր, որը ես ունեի: Ինքն այնպիսի բաներ էր պատմում, որ ես ասում էի՝ պետք չի»: ԱԱԾ քննիչը էական հակասություն տեսավ ասվածի մեջ եւ դիմեց դատարանին: Դատարանը որոշեց լսել նախորդ դատական նիստում հնչածը: Վկան ասել էր. «Հիվանդանոցում նորմալ քնում էր, քնեցնում էին: Դեղի կարիք չուներ»:
Դատավորը ռեպլիկի կարգով նկատեց. «Չի լինում մթագնված, խելքը լրիվ տեղը» եւ խնդրեց՝ հստակեցնել: Հստակեցում էր պահանջում նաեւ այն հարցը, թե, ի վերջո, գումարը ով է տարել քննիչին: Մա՞յրը, թե՞ որդին: Վկան ասաց, որ գումարը իրեն ուղարկել են, եւ Հովիկը գնացել է կրկեսի մոտ՝ վերցնելու ստացված գումարը: Այդ գումարն էլ, մորը ասել էր, թե «Մամա Միա» սրճարանում հանձնել է քննիչին:
Վկային հարցրին, թե տեղյա՞կ է, որ որդին դիմել է վերաքննիչ դատարան, իրավապահներին, նա ասաց, որ ինտերնետից է իմացել: Խոսքն այն մասին էր, որ Հովիկը մեկուսարանից նամակ էր ուղարկել վերաքննիչ դատարան, ասելով, թե քննիչին գումար չի տվել: Եվ դա հրապարակվել է վերաքննիչ դատարանի դռնբաց նիստում, ապա նաեւ՝ մեր թերթում:
Հարցին, թե որդին ընդունա՞կ է ստելու, վկան պատասխանեց. «Հիմա ո՞վ ընդունակ չէ ստելու: Հիմա բոլորը նստած ըստեղ՝ ստում են: Երբ գիտեմ, որ պետք չէ ասեմ, ինչո՞ւ չստեմ»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930