2011 թվականի 11-րդ ամսվա 11-րդ օրը նշանակալից էր 35 տարվա պատմություն ունեցող Սյունիքի մարզային արխիվի համար: Արխիվի սրահն այսօր մարդաշատ էր: Հայաստանի ազգային արխիվի Սյունիքի մարզային մասնաճյուղի վարիչ Արշալույս Փափազյանը խոստովանեց, որ երկար տարիների ընթացքում առաջին անգամ է արխիվը միանգամից այսքան հյուր ընդունել: Իսկ հյուրերը տեսնելու շատ բան ունեին: Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ձեւավորման 15-այմակին նվիրված ցուցահանդես էր: Արխիվի սրահներում մեկտեղված էին հին ու նոր Կապանը պատկերող լուանկարներ, փաստաթղթեր, քաղաքի կյանքում նշանակալի դեր ունեցած անվանի ու նշանավոր կապանցիների լուսանկարներ:
Ներկայացված ամենահին ցուցանմուշը 1909 թվականի Ղափանի նկարն էր: Ցուցադրված էին նաեւ Ազգային արխիվից բերված սպարապետ Գարեգին Նժդեհի եւ Անդրանիկ Օզանյանի որոշ ձեռագրեր:
Հայաստանի ազգային արխիվի Սյունիքի մարզային մասնաճյուղն ինքը 35 տարվա պատմություն ունի եւ 4000-ից ավելի նմուշ, որոնցից ամենահինը 100 տարեկան է: Բայց այսօր այս ժառանգությունը պահպանելու խնդիր էլ ունի՝ ապահովել նյութերի պահպանման համար անհրաժեշտ ջերմային ռեժիմ: Խնդիր կա թե ամռան տաք օրերին, թե ձմռան ցուրտ օրերին: Ջերմային ճիշտ ռեժիմի բացակայությունը մեծ վտանգ է ներկայացնում հազարավոր նյութերի կյանքի համար: «Արխիվը մտահոգիչ այս խնդրի հարցում օժանդակման կարիք է զգում: Հարուստ նյութեր ունենք, իսկ այսօր այդ հարստությունը չպահպանելով վաղը կարող ենք անդառնալի կորուստներ ունենալ»,- նշում է Հայաստանի ազգային արխիվի Սյունիքի մարզային մասնաճյուղի վարիչ Արշալույս Փափազյանը: Ցուցահանդեսը կտեւի 15 օր:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: