Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Փողոցային խաբեբաներից տուժել էին 20-ից ավելի կանայք

Դեկտեմբեր 06,2011 17:10

Իրավապահների կողմից կալանավորված Լեւոն Քիշմիշյանի եւ Մելքոն Անուշյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Նախաքննությունից հետո պարզվեց հետեւյալը. նրանք սիրում էին «հյուրախաղերով» հանդես գալ երեւանյան փողոցներով: Նախապես պայմանավորվելով միմյանց հետ՝ երկուսով մոտենում էին փողոցով անցնող կանանց եւ ասում, որ իրենց դրամապանակը հենց նոր փողոցում կորել է եւ, որ դրա համար իրենք պետք է ստուգեն կնոջ պայուսակը: Մեր միամիտ կանայք էլ թույլ էին տալիս զննել իրենց պայուսակը՝ հանուն անբասիրության կանխավարկածի:

Ներկայացնելով՝ իբրեւ Անուշյանի դրամապանակն է կորել, նրանք «Ռոսիա» կինոթատրոնի մոտ մոտեցել էին Ծովինար Դուդուկչյանին, ստուգել  կնոջ պայուսակը, եւ այնտեղից աննկատ թռցրել 10 000 դրամ եւ «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս:

Մի անգամ էլ «տեղը չբերելով» Ծովինարին, քաղցրանուն ազգանուններով տղամարդիկ Արտաշիսյան փողոցի 50/1 շենքի մոտ մոտեցել էին …իրենց նախկին զոհին: Ծովինարը ճանաչել էր նրանց, փողոցում բղավել, իսկ հանցագործները ծլկել էին:

Մանթաշյան փողոցի 25 շենքի մոտ  Անուշյանն ու Քիշմիշյանը նույն սցենարով մոտեցել էին Գոհար Շահումյանին, «զննել» կնոջ պայուսակը, այնտեղից թռցրել 260 000 դրամ:

«Շողակաթ» հեռուստաընկերության մոտ հանցագործները «հետեւել» էին Ծաղկանուշ Նազարյանին, նույն պատճառաբանությամբ ստուգել կնոջ պայուսակը եւ հափշտակել նրա 40 000 դրամը:

Արշակունյաց պողոտայի թիվ 30 շենքի մոտ հանցագործները հանդիպել էին Ելենա Դադոյանին, Անուշյանի «դրամապանակը գտել», այն է՝ ստուգել էին հերթական միամիտի պայուսակը եւ այնտեղից գողացել 15 000 դրամ եւ 100 դոլար:

Ամենօրյա եկամտաբեր աշխատանքի աշխարհագրությունը փոխվել է: Հանցագործները կենտրոնից տեղափոխվել էին այս անգամ Նոր Նորքի 7-րդ զանգվածի 24 շենքի մոտ:

Անուշյանն ու Քիշմիշյանը Նվարդ Գալստյանի պայուսակը ստուգելիս գողացել էին 40 000 դրամ, որից հետո թռել էին Բագրատունյաց փողոց:

Փողոցային հերթական «հյուրախաղն» ավարտվեց 11 շենքի մոտ՝ Լիդա Մանուկյանի պայուսակի պարունակությունը դատարկելով: Իսկ պայուսակում կար այդ ժամանակ 110 000 դրամ:

Այս գործով տուժող կանանց թիվը երկու տասնյակից ավելի է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031