Արմանը 19 տարեկան էր, երբ մահացավ հայրը և իր ուսերին մնաց իր ու մոր ապագա կյանքը. «Ամեն ինչ սկսվեց հորս մահից հետո: Երբեք չեմ մտածել, որ իմ հոբբին կդառնա ընտանիքս պահելու միակ միջոցը»:
Հույսը կիթառն էր. նվագում էր փողոցներում և դրանով գումար վաստակում: Արմանը սովորում է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում`անվճար համակարգում: Նա ապագա ծրագրավորող է:

Երբեմն Արմանը վատ է զգում համակուսեցիների թերահավատ վերաբերմունքից դեպի իրեն. «Նրանք ուղղակի չեն մտնում իմ դրության մեջ»:
Կիթառով տղան, ինչպես նրան անվանում են, խելացի է, համեստ ու աշխատասեր:
Նրա մայրը` տիկին Անահիտը, այս ամենին մեծ ցավով է վերաբերվում. «Որդուս համար երբեք այսպիսի կյանք չեմ ցանկացել: Միակ երազանքս էր նրան ապահովված տեսնելն է: Շատ բան չեմ ուզում. մի կայուն աշխատանք, և ամեն ինչ կարգին կլինի»:
Արմանն այսօր 21 տարեկան է, սակայն հասցրել է անցնել բազում փորձությունների միջով: Ասում է չի ընկճվում:
Տալիթա Բաղդասարյան


















































