Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապարտեզների վարձավճարները չցածրացրեցին

Դեկտեմբեր 12,2011 18:51

Այսօր Կապանի ավագանու արտահերթ եւ ընթացիկ տարվա վերջին նիստի ժամանակ կրկին առաջարկ եղավ նիստի օրակարգ մտցնել Կապանի մանկապարտեզների վարձավճարները իջեցնելու առաջարկը: Ավագանու անդամներից մեկն առաջարկեց գալիք տարվա համար մանկապարտեզների վարձավճարները սահմանված 4000 դրամից դարձնել  3000 դրամ՝ ինչպես նախկինում էր,  սակայն ձայների մեծամասնությամբ հարցն օրակարգ չմտավ, քանի որ վարձավճարները ցածրացնելու դեպքում զեղչային արտոնություններից օգտվող անվճարունակ մոտ 400 երեխաները կզրկվեն զեղչերից օգտվելու հնարավորությունից` համայնքի բյուջեի սղության պատճառով: Մանկապարտեզ հաճախող մոտ 1400 երեխաներից  անվճարունակ 400-ի համար գործում է 25, 50 եւ 100 տոկոս զեղչերի համակարգ: Առաջարկ եղավ Կապան համայնքի զարգացման քառամյա ծրագրում ընդգրկել քաղաքի համար կարեւոր մի քանի խնդիրներ` Արցախյան գոյամարտի տարիներին վթարայնություն ձեռքբերած  Շինարարների թիվ 20 շենքի, Երկաթուղայինների 4-րդ նրբանցքի հենապատի եւ թիվ 10 դպրոցի հենապատի ամրակայման հարցերը:

Ավագանին որոշեց Կապանի մարզադպրոցների դահլիճները, ինչպես նաեւ  քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մշակութի կենտրոնի փոքր եւ մեծ դահլիճներն այսուհետ  վճարովի սկզբունքներով տրամադրել միջոցառումներ անցկացնող կազմակերպություններին կամ անհատներին: Փորձն առաջին անգամ կկիրառվի եկող տարվանից: Մինչեւ օրս համայնքապետարանն ընդառաջում էր  մայրաքաղաքից եկող կազմակերպություններին կամ անհատներին եւ անվճար  տրամադրում տարածքը: Ծրագրեր իրականացնող այդ կառույցները ի վիճակի կլինեն վճարել նաեւ դահլիճի համար: «Միջոցառումների ժամանակ դահլիճը ջեռուցվում է, էլեկտրաէներգիա է ծախսում, այդ բոլոր ծախսերը մենք էինք հոգում: Հիմա փորձ է արվում այն դարձնել վճարովի եւ ստացված գումարները կնպատակաուղղվեն դահլիճի պահպանման եւ նման այլ ծախսերի: Մշակույթի կենտրոնը բյուջետային հիմնարկ է, մենք ենք սպասարկում համայքնի բյուջեից, գումարները պետք է մուտքագրվեն համայնքի բյուջե, իսկ մարզադպրոցներինը իրենց բանակային հաշիվներ են մուտքագրվելու: Մշակույթի կենտրոնի` 150 տեղանոց փոքր դահլիճի մեկ միջոցառման անցկացման համար  15 հազար դրամ գին է սահմանվել, իսկ  750 տեղանոց մեծ դահլիճի համար` 75 հազար դրամ: Կապանցիների համար կգործեն զեղչեր»,-  ասաց Կապանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Ս. Արզումանյանը:

Մարզադպրոցներում երիտասարդ խմբերը կամ կազմակերպությունները  արտաժամյա մարզվելու համար կրկին կվճարեն, արդեն մարզադպրոցների մեկ ժամի համար նախատեսված գումարի չափով`1000-2000 դրամ:

Մերի  ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031