
Արմեն Պողոսյանը ներկայացրեց սպառողների իրավունքների վիճակը 2011 թվականին, ձեռքբերումներն ու բացթողումները: Ո՞րն է համարում սպառողի նկատմամբ տարվա ամենակոպիտ խախտումը Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ պարոն Պողոսյանն ասաց, որ իրենց ջրի խնդիրը. «Մեր թաղամասը գտնվում է Կոմիտասի շուկայի հետեւում, այնտեղ երկու օր է ջուր չկա, նման դեպքերում ջրմուղը պարտավոր է բնակիչներին ապահովել ջրով, սակայն ոչինչ չի արվել»: Սեփական կաշվի վրա կրած անհարմարությունից բացի, Արմեն Պողոսյանը այլ բան չմտաբերեց, չնայած նրան, որ այս տարի էլ սպառողների նկատմամբ կատարած խախտումների առումով հարյուրավոր դեպքեր են արձանագրվել:
Սպառողների պաշտպանը թվարկեց Ամանորի նախաշեմին առավել հաճախ կատարվող խախտումները: Նրա խոսքերով. «Մենք դեռ չենք հասել այն բանին, որ մեր բիզնեսները մարկետինգի միջոցով նորմալ շահույթ ստանան ամբողջ տարին, այլ ոչ թե գերշահույթներ ստանան նախատոնական օրերին»: Նա խորհուրդ տվեց այդ օրերին առավել ուշադրություն դարձնել սննդամթերքի ժամկետներին եւ որակին: Ըստ նրա, հատկապես այս օրերին սպառողները խաբվում են շաքարավազ գնելիս. որպեսզի քաշը ծանր կանգնի եւ ավելի գումար աշխատեն՝ առեւտրականները շաքարավազը թրջում են: Ասոցիացիայի ուսումնասիրության արդյունքում հացի պարագայում էլ ճիշտ հակառակն է: Հացերը վաճառվում են քաշի պակասորդով:
Ինչ վերաբերում է ձեռքբերումներին, ապա, ըստ Արմեն Պողոսյանի, ներկայիս քաղաքապետը վստահեցրել է, որ բավականին մեծ քանակի ավտոբուսներ են ներկրելու, ինչը կնպաստի, որպեսզի նորմալ երթեւեկություն ունենանք:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































