Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրեն` լավատես, Ավետն` անկեղծ, մաքսիմալ ազնիվ, Լեյլան` օբյեկտիվ, Գարիկը նաեւ` խիստ. «Հայ Սուպերսթար5»-ն արդեն մեկնարկել է

Փետրվար 11,2012 17:42

«Շանթ» հեռուստաընկերությունը սկսել է նոր  «սուպերսթարի»   որոնումները: Հայ հեռուստադիտողի էկրանին նորից հնչելու են նոր անուններ, նոր կատարումներ. Հեռուստադիտողներին արդեն հարազատ «Հայ Սուպերսթարի» 5-րդ հոբելյանական եթերաշրջանն է, այս առիթով նախագծի կազմակերպիչները ջանք չեն խնայել. Բեմն ունի նոր տեսք, նոր ոճ, անակնալներն էլ նախագծի ընթացքում անպակաս են լինելու:

5-րդ հայ սուպերսթար դառնալ ցանկացող 12 մասնակիցներն էլ յուրատիպ են, հետաքրքիր: Այդ մասին ժյուրին անվախ է խոսում: 1-ին գալա համերգին երիտասարդ անունները ներկայացան հայկական եւ արտասահմանյան հիթերով: Մանակիցները հայեր են` Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից: Վրաստանից Անահիտ Հարությունյանն է, Երեւանից` Լիլիթ Խաչատրյանը, էլիզաբեթ Ադիկյանը, Ջուլիետտա Սարգսյանը, Արաքսիա Ամիրխանյանը, Սոնա Ռուբենյանը, Աբովյան քաղաքից նախագծին մասնակցում են` Վարդինե Ավագյանը եւ Ռիմա Ֆարսյանը, Ռուսաստանի Դաշնությունից են եկել Արմեն Մարդանյանը, Լիաննա Արոյանը եւ Արթուր Մացակյանը, հայ բեմը նվաճելու ցանկությամբ լցված` Երվանդ Մաթեւոսյանն էլ Ուկրաինայից է եկել:

Հաղորդման վարողը Արամ MP3-ն է: Ժյուրիի անդամներից Լեյլա Սարիբեկյանն իր գնահատականներում լինելու է ինչպես միշտ` օբյեկտիվ եւ ազնիվ, աշխատելու է երիտասարդներին իր խորհուրդներով ճիշտ ուղղու վրա կանգնեցնել, երգարվեստ նոր ոտք դնողներին ասում է. «Ձայնը միայն միջոց է երգչի կամ երգչուհու համար, նա պետք է կարողանա հոգի ներդնել իր կատարման մեջ, հասկանա, որ իր աշխատանքը բարդ է, ինտելեկտ է անհրաժեշտ»: Ավետ Բարսեղյանը նախորդ նախագծերում հաղորդավար է եղել, հիմա էլ ժյուրիի կազմում է, ասում է` «դաշտերը» տարբեր են, որպես ժյուրի` իրեն լավ է զգում, վերջապես զգաց հանդիսատեսի ծափահարությունների հաճույքը, միեւնույն ժամանակ նշում է. «Հիմա եմ հասկանում` հաղորդավար լինելը շատ ավելի հեշտ է, քան ժյուրի լինելը, պատասխանատու գործ է»: Նախկինում ինքը բեմում կանգնածների պաշտպանն էր` ժյուրիի անձնակազմից, հիմա պետք է նրանից «պաշտպանեն» մասնակիցներին: «Ես նպատակ չեմ դրել քննադատելու կատարումները, կլինեմ անկեղծ, մաքսիմալ ազնիվ»,- ասում է նա: Երգիչ Անդրեն էլ, տեսնելով 12 մասնակիցներին, հայկական երգարվեստի ապագան ավելի լավ է պատկերացնում, ասում է` երիտասարդները տաղանդավոր են, հետաքրքիր, նախագծի ավարտին ավելի շատ բան կսովորեն, կարծում է`  երգարվեստ մտնող տաղանդավոր երիտասարդին պետք է հնարավորություն տալ, չկոտրել նրա ձգտումը. «Եթե ձգտում եւ երազանք չկա, թող այդ մարդը երգարվեստին չմոտենա»,- ասում է նա: Ժյուրիի անդամ Գարիկ Պապոյանն այս ընթացքում նախագծի երաժշտական պրոդյուսերն էր (այսուհետ լինելու է Գիսանե Պալյանը), մասնակիցների հետ ինքն էր աշխատում, ժյուրիի աթոռից խոսելն ավելի դժվար էր նրա համար. «Էտ  գնահատականները ես նրանց տալիս էի ամեն օր, հիմա, որպես ժյուրի, գնահատականներս ավելի զուսպ են, որովհետեւ էլ ասելու բան չի մնացել,- ասում է նա, ավելացնում,- որպես ժյուրի` լինելու եմ օբյեկտիվ ու խիստ, հիմա, երբ արդեն նրանց հետ ես չեմ աշխատելու, 1 րոպեում կասեմ այն, ինչ ասել եմ մի շաբաթվա ընթացքում»:

 

 

Հ.Գ. «Հայ Սուպերսթար 5»-ի մեկնարկն արդեն տրվել է: Հայկական երկնակամարում հայտնվող աստղերը այսուհետ մեր ուշադրության կենտրոնում էլ են լինելու: Նրանք համարձակ են, փխրուն, զգացմունքային եւ աշխարհը փոխելու ցանկություններով լի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829