Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորի դեմ

Մարտ 31,2012 13:26

Փողոցում մարդիկ ինձ կանգնեցնում, հարցնում են՝ ո՞ւմ տանք ձայնը: Այդ հարցն ինձ շփոթեցնում է՝ իմ խառնվածքով ես չափազանց հեռու եմ կոչեր անելուց եւ նույնիսկ խորհուրդներ տալ դժվարանում եմ: Գուռուները, փրկիչներն ու առաքյալները մեր կյանքում այնքան շատ են, որ, հաստատ, այդ զանգվածում իմ կարիքը չկա: Ես վարվում եմ այս կամ այն կերպ, բայց գիտակցում եմ, որ դա իմ անձնական ընտրությունն է, եւ ոչ մեկին՝ ոչ կնոջս, ոչ երեխաներիս, ոչ այն մարդկանց, ում հետ աշխատում եմ, ոչ էլ, առավել եւս, մնացածներին չեմ քարոզում, չեմ համոզում ինձ ընդօրինակել: Ընտրությունները դրա մասնավոր դեպքն են, այստեղ էլ ես կարող եմ ասել, թե ես ինչպես եմ վարվելու՝ որեւէ մեկին չպարտադրելով նույնն անել:

Ես քվեարկելու եմ բոլորի դեմ, այսինքն՝ ինչ-որ մի ձեւով անվավեր եմ դարձնելու իմ քվեաթերթիկը: 2007-ին եւ 2008-ին ես ձայնս տվել եմ, համապատասխանաբար, «Ժառանգությանն» ու Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այս ցիկլում ես նույնը չեմ անի՝ շարունակելով բարձր գնահատել Հայաստանի առաջին նախագահի հսկայական ավանդը պետության կայացման եւ Արցախի ազատագրման գործում: Ավելացնեմ նաեւ, որ ՀԱԿ-ի՝ իշխանության հասցեին քննադատության 70 տոկոսի հետ ես համաձայն եմ: Բայց այս պահին Կոնգրեսի քարոզչության հիմքում հետեւյալ թեզն է՝ կամ կանգնում եք ժողովրդի, կամ էլ ավազակապետության կողքին, իսկ ժողովուրդը, բնականաբար, ՀԱԿ-ն է մարմնավորում: Հենց այդ թեզով են առաջնորդվում ՀԱԿ-ի պատանի եւ ոչ այնքան պատանի «խունվեյբինները»: Կարող եմ կրկնել Վլադիմիր Նաբոկովի խոսքը՝ բոլշեւիկների (իմա՝ հարթակային հռետորների) հետ իմ հակասությունները գեղագիտական են:

Բոլշեւիկյան պարանոյայի չափաբաժինն ամենաքիչն է «Ժառանգության» մեջ: Սակայն այդ կուսակցության ցուցակում անսպասելիորեն հայտնվեցին մարդիկ, որոնք չափազանց հեռու են ազատականության, ժողովրդավարության եւ, որն ինձ համար էական է, լրագրության մասին իմ պատկերացումներից: Հօգուտ այդպիսի ցուցակի ես չեմ կարող քվեարկել:

Դուք կհարցնեք, թե ինչու քաղաքական ուժի որոշ մասի իմ բացասական ընկալումը ես տարածում եմ այդ ամբողջ ուժի վրա: Բացատրեմ: Պատկերացրեք, ֆուտբոլային թիմ, որտեղ կենտրոնական հարձակվողը եւ հենակետային կիսապաշտպանը, ենթադրենք, ռասիստներ են՝ նրանք պարբերաբար ագրեսիվ հայտարարություններ են անում սեւամորթների հասցեին: Եթե այդ թիմի մարզիչը, ակումբի ղեկավարությունը հրապարակավ չեն դատապարտում նման հայտարարությունները, կարո՞ղ եմ ես եզրակացնել, որ ռասիզմը այդ թիմում խրախուսվում է:

Ի տարբերություն «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի՝ նախընտրական պայքարի մնացած մասնակիցներն ինձ համար ընդհանրապես մերժելի են եւ իմ ձայնը տալու առումով քննարկման առարկա չեն կարող լինել: Հենց դրա համար էլ ես քվեարկելու եմ բոլորի դեմ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031