Լրահոս
Օրվա լրահոսը

Համարձակ երիտասարդ արվեստագետներն ու նրանց “Սինթեզը”

Ապրիլ 19,2012 17:33

Երևանյան մշակութային անցուդարձի հորձանուտում հասցրի այցելել Բոյաջյան պատկերասրահում գործող և արդեն փակվող “Սինթեզ” ցուցադրությանը: Այն ներառում էր Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի 6 երիտասարդ շրջանավարտների աշխատանքներ, որոնք միահամուռ ուժերով փորձել էին սինթեզել  ներդաշնակ էքսպոզիցիայի սահմաններում:

Էքսպոզիցիոն մշակույթը 21-րդ դարում շատ հեղհեղուկ և ոչ միանշանակ երևույթ է: Այժմ երիտասարդ կուռատորներն ու պատկերասրահների ղեկավարները ամբողջ աշխարհում ձգտում են հանդես գալ արվեստաբան-արվեստագետ դիրքից` իրենց ստեղծած էքսպոզիցիան դարձնելով ինքնուրույն արժեք: Դա ենթադրում է, որ ցուցադրությունը անհրաժեշտ է կառուցել այնպես, որպեսզի այն ընկալվի իբրև ամբողջական մի երևույթ ` սեփական գեղագիտական արժեքով: Այն պետք է ունենա գեղարվեստական և գեղագիտական բովանդակություն և սյուժե:

https://hayarvest.com/wp-content/uploads/2012/04/SAG_8682.jpg

Սա ի միջիայլոց, իսկ ինչ վերաբերում է մեր երիտասարդ արվեստագետներին, ապա նշեմ, որ փորձը բավական հետաքրքիր էր և համարձակ: Երկու սրահից բաղկացած ցուցադրության շրջանակներում համադրել գեղանկար, գրաֆիկա, քանդակ և կերամիկա, ինչ խոսք, դյուրին գործ չէ: Ցուցադրության մեկ-երկու “պատեր” բավական ներդաշնակ էին և որոշ հատվածներում, անշուշտ, կարող եմ ասել, որ էքսպոզիցիայի գլխավոր մտահղացումը իրագործված էր:

Ներկայացված  գեղանկարիչներ`  Լիլիթ Արսենյանի և Աշխեն Քուրդյանի, գրաֆիկներ Հասմիկ Հոխանյանի և Մանվել Ղալաչյանի,  քանդակագործներ Վահան Գալստյանի ու Ալեքսանդր Բադալյանի աշխատանքներում ես գտա շատ հետաքրքիր և իրապես վարպետորեն կատարված գործեր:

Հասմիկ Հոխանյան

Կային իհարկե, նաև, թույլ, որևէ գեղագիտական հենքից զուրկ աշխատանքներ, որոնց գոյությունը հասկանալի և ըմբռնելի է, սակայն ոչ ցուցադրության սահմաններում:Օրինակ Մանվել Ղալաչյանի որոշ փայլուն գործերի կողքին ցուցադրված էր նաև ակադեմիական և նատուռալիստական ճշգրտությամբ կատարված, անշունչ մի գրաֆիտե դիմանկար, որի ներկայությունը այդ այդ սրահում առնվազն անհարիր էր:

Մանվել Ղալաչյան

Ես չտեսա էքսպոզիցիայի կենտրոնական գաղափար, չկար աշխատանքների թեմատիկ, ոճային, կառուցվածքային կամ նույնիսկ կատարողական բաժանման կամ խմբավորման սկզբունք: Չկար ցուցադրության զարգացման դինամիկ ընթացք, առկա էին նույնիսկ տարրական տեխնիկական սխալներ, որոնք դժվարացնում էին օրինակ քանդակների ազատ դիտման գործը, իսկ որոշ գրաֆիկական գործեր ճնշվել էին երկու մեծադիր գեղանկարչական աշխատանքների միջև:

Ալեքսանդր Բադալյան

Այս ամենով հանդերձ կարևոր է այն փաստը, որ կային որակյալ աշխատանքներ, որոնք գրագետ և էքսպոզիցիոն էթիկայի համաձայն ցուցադրվելու դեպքում շատ վառ են ու անհատական մեծ ներուժ ունեն:

Աշխեն Քուրդյան

Հարգելի երիտասարդ արվեստաբաններ և ապագա փորձագետներ, վարեք առավել բաց, մատչելի և լայնարձակ գործունեություն, կանգնեք ձեր հայրենակից արվեստագետների կողքին, օգնեք նրանց գրագետ ներկայացնելու սեփական արվեստը… օգնեք, որպեսզի այս  արվեստագետների հետզհետե կայունացող ու վարպետության նոր մակարդակ տեղափոխվող արվեստը չխամրի, այլ ըստ արժանվույն գնահատվի, ներկայացվի, պրոպագանդվի և արժևորվի:

ani

hayarvest.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30