Լրահոս
Օրվա լրահոսը

«Սաշիկ Սարգսյանն էլ ոչ մի անգամ չեկավ»

Ապրիլ 26,2012 13:33

Թիվ 37 ընտրատարածքում ՀՀԿ-ի առաջադրած թեկնածու Հայկ Գրիգորյանը խուսափում է բանավեճերից

Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքը ներառող բնակավայրերի մոտ 70 տոկոսում 50-ից ավելի հանդիպումներից հետո Գորիսի նախկին քաղաքապետ, այդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Սամվել Հարությունյանի տպավորությունները եւ դրական են, եւ բացասական: Դրական՝ այն իմաստով, որ բնակչության մոտ, ըստ նրա, պայքարելու ոգին չի կոտրվել, բացասական՝ որ «Սյունիքի հռչակավոր» մարզպետը «շարունակում է իր ոճին հարիր կամայականությունները»: Այս ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պայքարն ընթանալու է ՀՀԿ ներկայացուցիչ Հայկ Գրիգորյանի, ինքնաառաջադրված առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանի, ում վարչապետ Տիգրան Սարգսյանը ժամանակին հեռացրեց աշխատանքից, ՀԱԿ-ից վերջերս հեռացած, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի եւ նրա երբեմնի տեղակալ, ՀԱԿ-ի կողմից առաջադրված Վարազդատ Վարդազարյանի միջեւ:

Սամվել Հարությունյանը վստահ է, որ մայիսի 6-ին, ի դեմս իր հաղթանակի, այդ ընտրատարածքում «ժողովրդական հաղթանակ» է գրանցվելու, քանի որ «թիվ 37-ում երբեք ու երբեք այն կարծիքը չեմ ունեցել, որ սա ընդամենը հաղթանակ պիտի լինի. լինելու է հաղթանակ՝ կամայականության, անազատության, անբարոյականության դեմ»: Մեր զրուցակիցը չհամաձայնեց «Առավոտի» այն դիտարկմանը, որ ընտրապայքարը խաղաղ է ընթանում, մանավանդ, որ իր տարբեր քաջագործություններով հայտնի Սյունիքի մարզպետը նախընտրական շրջանում է առավել աչքի ընկել: «Իհարկե, բիրտ վերաբերմունքի դրսեւորումները շատ չեն: Հատկապես իմ նկարների մի մասն են պոկվել, մանավանդ, Գորիս քաղաքում: Նախապատրաստական շրջանն է, եւ Սյունիքի հռչակավոր մարզպետն արդեն մի քանի օր է, ինչ սկսել է իրեն հայտնի մեթոդներով, ըստ էության, ահաբեկելով պետական պաշտոնյաներին, հիմնարկների ղեկավարներին, գյուղապետերին, քաղաքապետերին, մանր ու միջին գործարարներին՝ հարկադրում է անխտիր աշխատել ՀՀԿ-ի օգտին՝ ապահովելով առնվազն 90 տոկոս ձայներ: Ամենայն հավանականությամբ, մտադիր է նախկինի նման, մանավանդ Գորիս եւ Սիսիան քաղաքներում, բացակաների փոխարեն քվեարկել, ինչը մենք, անշուշտ, թույլ չենք տալու»,- ասաց Սամվել Հարությունյանը՝ վստահություն հայտնելով, որ այդ մարդիկ գիտակցում են, որ ահաբեկչության, վախի, սարսափի մթնոլորտում, կամակատար լինելը որեւէ մեկին պատիվ չի բերում: «Տպավորություն ունեմ, որ նրանց մոտ արժանապատվության զգացումը կա, եւ ամսի 6-ին նրանք չեն ենթարկվի պարտադրանքներին ու ազատորեն կարտահայտեն իրենց կամքը»,- գտնում է մեր զրուցակիցը:

Հետաքրքիր է, որ քարոզարշավի մեկնարկին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հայտարարել էր, թե Սյունիքում ՀՀԿ-ն 80 տոկոս ձայն պետք է հավաքի, իսկ հիմա արդեն խոսում է 90 տոկոս ձայների մասին: Aravot.am-ը Սուրիկ Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ մեխանիզմով է ինքն այդ հաշվարկներն անում: «Հիմա դրա մասին չխոսենք, ամսի 6-ին կխոսենք»,- ասաց մարզպետը: Հարցին՝ այդքան շա՞տ եք պատրաստվում կեղծել, Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Չէ, բնավ: Ստեղ կեղծիք չի լինի: Հնարավոր էլ չի, որ ստեղ կեղծիք լինի»: Դիտարկմանը՝ այդ դեպքում ինչպե՞ս է նման հայտարարություններ իրեն թույլ տալիս, մարզպետը հակադարձեց. «Դե, ժողովուրդն ընտրելու է, էլի: Ի՞նչ կա էդտեղ բացահայտելու: Ամենահեշտ, պրիմիտիվ բանն ա՝ ժողովուրդը գնալու ա եւ ընտրելու»: Հաջորդ հարցին էլ՝ այսինքն՝ Սյունիքում ժողովուրդն այդքան գո՞հ է ՀՀԿ-ից, այդքան շա՞տ է սիրում ու հավատում, Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Դե, իհարկե, հավատում են: Ես ստեղ Հանրապետական կուսակցության նախագահն եմ: Վերջը, մենք էլ ունենք արած գործ, մարզի ամենախոշոր հարկատուն էլ ունի արած գործ, ժողովուրդն էլ տեսնում է մեր արած գործը»:

Սամվել Հարությունյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ չե՞ն փորձում մյուս թեկնածուների հետ համագործակցության ֆորմատներ գտնել՝ մարզպետի կամայականությունների դեմ միասնական եւ ավելի արդյունավետ պայքար տանելու համար: Նա տեղեկացրեց, որ տեղական կազմակերպություններից մեկն օրերս բանավեճ է կազմակերպել թեկնածուների միջեւ, որը հեռարձակվել է նաեւ համացանցով, եւ ՀՀԿ-ի թեկնածուն չի բարեհաճել անգամ անձամբ ներկայանալ, բանավեճին մասնակցել է նրա կողմից լիազորված անձը: «Տխրահռչակ ավանդույթը շարունակվում է: Անցած ընտրություններում Սաշիկ Սարգսյանն էլ ոչ մի անգամ չեկավ, չմասնակցեց, չխոսեց: Հիմա ես բանավեճի հրավեր եմ ուղղում ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուին, եւ եթե նա չընդունի ու չներկայանա, ապա ինձ թույլ կտամ ասել, որ նա պարզապես գիտակցում է, որ ինձ հետ չի կարող բանավիճել»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ մյուս թեկնածուներին եւ բոլոր մտահոգ մարդկանց ինքն առաջարկել է, համատեղ կամ անջատ, անել ամենը, որպեսզի ընտրություններն անցնեն ՀՀ օրենքներին համապատասխան: Համագործակցության արձագանքներ չի ստացել:

«Ես համոզված եմ, որ ինչպես նախկինում եմ ռեկորդներ գրանցել ընդդիմադիր թեկնածուների շրջանում՝ ձայներ վաստակելու առումով, այս անգամ եւս իմ ստացած ձայների թիվը ռեկորդային է լինելու: Ես ունեմ համախոհների լուրջ թիմ, որոնք պատրաստ են մարտնչել հանուն արդարության»,- վստահ է Սամվել Հարությունյանը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30