Լրահոս
Օրվա լրահոսը

Դալլաքյանը դիմել է ԸԸՀ, որ անվավեր ճանաչեն թիվ 30-ում կայացած ընտրությունները

Մայիս 10,2012 23:04

ՀՀԿ-ական դարձած եւ ԱԺ ընտրության  արդյունքներով  պատգամավորության աթոռը երիտասարդ փաստաբան Էդմոն Մարուքյանին զիջած Վիկտոր Դալլաքյանը դիմել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` պահանջելով անվավեր ճանաչել թիվ 30 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքները:

Նա պնդում է, որ հաղթանակած Էդմոն Մարուքյանը վերջին 5 տարում անընդմեջ չի բնակվել ՀՀ-ում, հետեւաբար, այս ընտրություններում ավելի քան 2400 ձայնի առավելությամբ իրենց առաջ անցած պատգամավորության թեկնածուի հաղթանակը անվավեր պետք է ճանաչել:

Սրան ի պատասխան` Էդմոն Մարուքյանի լիազոր ներկայացուցիչ Կարեն Թումանյանն ասում է, որ Վիկտոր Դալլաքյանի կողմից ներկայացված դիմումում նշված փաստական հանգամանքները իրականությանը չեն համապատասխանում, ավելին, այդ քայլով Վիկտոր Դալլաքյանը փորձում է ստվեր գցել ընտրողների հավատի ու նրանց  ընտրական կամքի վրա: «Վանաձորում մարդիկ արդարության նկատմամբ հավատ ձեռք բերեցին, իսկ Վիկտոր Դալլաքյանը ցանկանում է այն ոչնչացնելու փորձ անել` թքելով իր օգտին 3 անգամ անընդմեջ քվեարկած ավելի քան 11 հազար ընտրողի կամքի վրա»,-նշում է նա: Կարեն Թումանյանն ասում է, որ Էդմոն Մարուքյանը ընտրություններում հաղթել է արդարացի, բայց իր համար պետական ապարատի կողմից ստեղծված անհավասար պայմաններում: «Վիկտոր Դալլաքյանը պետք է իր մեջ ուժ գտնի, համակերպվելու պարտության հետ և Էդմոն Մարուքյանին շնորհավորի, այլ ոչ թե ամբողջությամբ պատվազրկվի»,-ասում է փաստաբանը:

Էդմոն Մարուքյանն էլ «Առավոտին» տված հարցազրույցում նշեց, որ Վիկտոր Դալլաքյանը ուղղակի չի հարմարվում պարտության մտքի հետ. «Շնորհավորելու փոխարեն ցանկանում է անվավեր ճանաչել տալ ընտրությունները, այն դեպքում, երբ  շուրջ 12 000 մարդ քվեարկել է իմ օգտին»:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031