Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Սիմոնյանը՝ Գրիգոր Ամալյանին. «Եթե քեզ եմ նայում, հեռուստատեսության ասպարեզում ոչինչ չի փոխվելու»

Մայիս 18,2012 12:15

Իջեւանցի գրող, լրագրող Ռուբեն Սիմոնյանը 1967-1985 թվականներին Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի պետական կոմիտեում աշխատել է որպես թղթակից, բաժնի վարիչ: Նա Իջեւանի տեղական հեռուստաընկերության օրինակով ներկայացնում է հեռուստատեսության ոլորտում տիրող իրավիճակը:

Ռ. Սիմոնյանը մեր զրույցում ասաց.  «ՀՀԿ-ն եւ հանրապետության նախագահը առաջադրել են  «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը: Ես ցանկանում եմ հավատալ, որ ինչ-որ բան փոխվի: Սակայն մեծ մտահոգություն ունեմ Իջեւանի հեռուստաընկերության հետ կապված: Սրանից ավելի քան 15-17 տարի առաջ հեռուստառադիո տեխնիկայի մասնագետ Միքայել Տարասովի հետ (նա նաեւ ռեժիսորի եւ մոնտաժողի ունակություններ ունի) Իջեւանում կաբելային հեռուստաընկերություն էինք ստեղծել, հաղորդումներ էինք հեռարձակում: Քանի որ ես հեռուստատեսության ոլորտում աշխատանքի բավական փորձ ունեմ, Տարասովի հետ մեր համագործակցությունը շատ արդյունավետ էր: Հետո ստեղծվեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ): Մենք պատրաստ էինք մասնակցել հեռուստաալիքների մրցույթներին: 2002 թվականի փետրվարին Իջեւանում հանկարծ սկսվեցին հեռուստահաղորդումներ տրվել, մենք էլ էինք ցանկանում եթեր ունենալ, սակայն մեզ մերժեցին: Բայց Իջեւանի նախկին քաղաքապետին հնարավորություն տրվեց հաղորդումներ հեռարձակել: Ես խնդրեցի, որպեսզի նույն ալիքով նաեւ մեզ հնարավորություն տրվի օրումեջ, փորձնական եղանակով հաղորդումներ հեռարձակել: ՀՌԱՀ-ից մեզ պատասխանեցին՝ չեն կարող թույլ տալ, որ անօրինական հեռուստաալիք գործի: Նույն հարցով նամակ գրեցինք կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանին, սակայն արդյունք չտվեց:

Երբ Իջեւանի քաղաքապետի ընտրությունն իրենց ցանկացած ձեւով եւ արդյունքով անցկացվեց- ավարտվեց, 2002թ. մայիսի կեսերին ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանն ինձ գրավոր պատասխանեց, որ Իջեւանի հեռուստաալիքն անօրինական է գործել, ուստի այն փակել են:

Այդ 3 ամսվա ընթացքում մոտ 10 անգամ անգամ եղել եմ ՀՌԱՀ-ում, հանձնաժողով բազում նամակներ եմ ուղարկել, ներկայացրել իրավիճակը: Գրիգոր Ամալյանը չգիտե՞ր, որ այդ հեռուստաալիքն անօրինական է գործում:

Իջեւանի քաղաքապետի ընտրությունը մայիսի սկզբին ավարտվեց, Ամալյանը հայտնեց, թե այդ հեռուստաալիքն անօրինական է, կարծես թե փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին օրինական էր:

Երեք ամիս նրանք իմ դիմումները լռություն էին մատնում, երեւի այդպիսի հանձնարարություն էին ստացել: Հետո նույն  «Իջեւան ստուդիան» սիրողական մակարդակով աշխատեց 9 տարի:

2011թ. նոյեմբերին Իջեւանում կայացած ընտրություններով քաղաքապետի փոփոխություն եղավ, այդ հեռուստաընկերությունն արդեն 5 ամիս սեփական հաղորդումներ չի հեռարձակում, անընդհատ կինոներ է ցուցադրում, մենք համաշխարհային կինոյի գիտակներ ենք դարձել: Օրեր կան՝ հեռուստաընկերությունը չի աշխատում, օրեր կան՝ միայն կինո է ցուցադրում: Բայց չէ՞ որ ՀՌԱՀ-ից ստացած արտոնագրով՝ հեռուստաընկերությունը հաղորդումներ պատրաստելու եւ հեռարձակելու որոշակի պարտավորություներ է ստանձնել: Ո՞ւր է նայում ՀՌԱՀ-ը՝ Գամբիայի՞, թե՞ Զամբիայի սահմանին: Հարցս ուղղում եմ ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանին, այն ժամանակ Դուք ոտնահարեցիք իմ պես վաստակավոր մարդու իրավունքները, հիմա ո՞ւր եք նայում: Հավատամ, որ փոխվենք, եթե քեզ եմ նայում՝ հեռուստատեսության ասպարեզում ոչինչ չի փոխվելու,ես ձեզ հավատելու բան չունեմ, դուք բոլորիս հավատը ոտնահարում եք»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031