Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի ներկայացուցիչը «Նախնյաց հետքերով» հ/կ-ի ղեկավարին խորհուրդ տվեց մի քիչ կրթվել

Մայիս 22,2012 22:33

DIY ակումբի վրա կատարված հարձակումից եւ հրկիզումից հետո, «Նախնյաց հետքերով» հասարակական կազմակերպության նախագահ Արման Միխթարյանն  մայիսի 16-ին Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ  միասեռականներին սատարող կազմակերպություններն օգտվում են դրամաշնորհներ տրամադրող արտասահմանյան ընկերություններից` այսպես կոչված, արեւմտյան   «արժեքներ» տարածելու նպատակով. «Դրանցից մեկը  ֆեմինիզմն է` առողջ ընտանիքի թիվ 1 թշնամին, քանզի այն, իբր թե հռչակելով կանանց եւ տղամարդկանց հավասարություն, իրականում հակադրություն է ստեղծում նրանց մեջ: Մեր ազգային արժեհամակարգում ընտանիքի կինը միշտ էլ ունեցել է բարձր պատիվ ու հարգանք: Նրանց պետք է ոչ թե հակադրել, այլ համադրել, քանզի մեկը լրացնում է մյուսին…Հիմա մեզ ոչնչացնում են մշակութային ձեւով՝ խեղելով հայ մարդու դիմագիծը»:

Aravot.am-ի հետ զրույցում ՄԱԿ-ի հատուկ զեկուցող եւ մարդու իրավունքների մասնագետ Գյուլնարա Շահինյանը Արման Մխիթարյանի արտահայտած նման կարծիքի վերեաբերյալ ասաց. «Ինձ թվում է շատ դեպքերում մարդիկ սովոր են պիտակներ կպցնել` առանց խորը ուսումնասիրելու, դա ցավոք մեր հասարակության պրոբլեմներից մեկն է: Այդ մարդուն խորհուրդ կտամ մի քիչ շատ կարդար, մի քիչ ավել կրթված լիներ, ուսումնասիրեր Հայաստանի պատմությունն ու հայ կնոջ դերը:  Օրինակ, Զաբել Ասատուրը կարծեմ` 1860 թվին ստեղծել էր կանանց իրավուքների հռչակագիրը, որը նույնիսկ ՄԱԿ-ից առաջ էր, բայց պարունակում էր այն դրույթները, որ ՄԱԿ-ը համընդհանուր հռչակագրում ներառեց: Հիմա դա ֆեմինի՞զմ էր, ո’չ: Դա հասկացություն էր, որ հասարակությունում բոլորս հավասար ենք»:

Հաշվի առնելով, որ օրերս տեղի ունեցած «բազմազանության շքերթի» կազմակերպիչներից էր նաեւ գենդերային հավասարության համար պայքարող «Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպությունը, եւ որ շքերթը հասարակության կողմից որակվեց որպես «գեյ-շքերթ», Aravot.am-ը կազմակերպության ներկայացուցիչ Գոհար Շահնազարյանին խնդրեց մեկնաբանել «Նախնյաց հետքերով» հ/կ-ի ղեկավարի կածիքը: Տիկին Շահնազարյանի խոսքերով` «Նախնյաց հետքերի» նման կարծիքը աբսուրդ է եւ դրամաշնորհների մասին թեմայի շուրջ կարելի է երկար բանավիճել. «Մենք ֆեմինիստական կազմակերպություն չենք, մենք պայքարում ենք կանանց նկատմամբ բռնություների դեմ: Ինչ վերաբերում է ընտանիքի քայքայմանը, ես հորդորում եմ այդ մարդկանց գալ մեր դասընթացներին, որտեղ մենք խոսում ենք, թե ով է եղել հայ կինը` սկսած 6-րդ դարից եւ ինչպիսի նվաճումներ է ձեռք բերել` այն օրենսդրությունը, որ մենք ունեցել ենք: Դրանք բոլորը մեր արժեքներ են` կանանց հավասարություն, կնոջը մեծարելը, այլ ոչ թե բռնությունը, մենք շատ վաղուց ենք ուենցել, քան Եվրոպան է յուրացրել, ու սա շուռ տված ասել, որ կամ ամերիկյան է կամ եվրոպական, մենք դրա դեմ ենք պայքարում, որ սա մերն է: Այդ հավասարությունը, այդ թվում` գենդերայինը, հայինն է, ոչ թե` ինչ-որ մեկի կողմից դրամաշնորհ տվածի հետեւանք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031