Անցած երկու օրերի ընթացքում երկու արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում, կանխվել են 21-ամյա եւ 20-ամյա երիտասարդ աղջիկների՝ Կիեւյան կամրջից նետվելու փորձերը։ Նախօրեին դա հաջողվել է հերթապահություն իրականացնող ոստիկանության աշխատակցին, իսկ երեկ էլ երթուղայինով անցնող անցորդին, որը, նկատելով կամրջի բազրիքին կանգնած ադջկան, շտապ կանգնեցրել է երթուղայինն ու վազելով հասցրել վերջին վայրկյանին բռնել ցատկող աղջկան։ Մի կողմ թողնելով հաճախակիացած ինքնասպանությունների հիմնական պատճառներն ու դրանք կանխելուն ուղղված գլոբալ լուծումները՝ անդրադառնանք կոնկրետ այս երկու դեպքից արվելիք հետեւությանը. այն է՝ ճիշտ պահին եւ ճիշտ տեղում առկա կանխող մեխանիզմը հնարավորություն կտա փրկել ինքնասպանության փորձ կատարողների կյանքը։ Ընդ որում, այս դեպքում լուծումներն այդքան էլ բարդ չեն։ Բանն այն է, որ ի տարբերություն շատ այլ քաղաքների, կոնկրետ Երեւանում քիչ են այնպիսի վայրերը, որտեղից հնարավոր է նետվելու միջոցով ինքնասպան լինել։ Դրանք են Կիեւյան եւ Հաղթանակի կամուրջները, Մոնումենտի բարձունքը։ Սակայն առկա վիճակագրությունը ցույց է տալիս, որ ինքնասպանությունների թվով առաջատարը հենց Կիեւյան կամուրջն է։ Եվ ուրեմն, ինչն է խանգարում, որպեսզի մեր փառապանծ իրավապահները կամ փրկարարները շուրջօրյա հերթապահություն իրականացնեն այդ կամրջի վրա։ Չէ որ խոսքը ընդամենը երեք-չորս-հոգանոց ոստիկանական կամ փրկարարական խմբի մասին է, որի գործունեության արդյունքը կարող է լինել տասնյակ հուսահատված մարդկանց կյանքերի փրկությունը։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս հարցին ի պատասխան՝ ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանն ասել է, որ տեխնիկապես դա դժվար է իրականացնել, քանի որ այդպիսի վայրերը շատ են։ Ակնհայտ է, սակայն, որ դա այդպես չէ, եւ նման վայրերը Երեւանում շատ չեն։ Սակայն եթե անգամ ընդունենք, որ իրոք այսօր շատ դժվար է յուրաքանչյուր խաչմերուկում դարանակալած ՃՈ կամ փրկարարների մեկ-երկու խմբի ստիպել հերթապահել Կիեւյան կամրջում, եւ նախարարի պնդմամբ՝ նմանատիպ բազմաթիվ վայրերում, ապա կարելի է այդ դեպքում գոնե կիրառել եվրոպական մայրաքաղաքներում լայնորեն տարածված մեթոդը։ Բազմաթիվ բարձրադիր կամուրջներ ունեցող եվրոպական քաղաքներում, որպես կանոն, ինքնասպանների համար պոտենցիալ վտանգ ներկայացնող հատվածները եզերված են ցանցավոր բարձր ճաղաշարերով, որոնց վրա բարձրանալ տեխնիկապես անհնար է կամ շատ բարդ։ Նկատենք, որ դա առանձնապես ծախսատար խնդիր չէ, եւ ոչ էլ որեւէ կերպ կարող է փչացնել կամուրջի ճարտարապետական տեսքը կամ դրանից բացվող տեսարանը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: