
– Պարոն Հարությունյան, հակառակորդը կարողանում է շատ հեշտ ներխուժել Հայաստանի տարածք եւ իր հետեւից զոհեր ու վիրավորներ թողնել։ Որպես նախկին նախարար՝ խնդրում եմ ասեք՝ ինչն է պատճառը, որ հայկական կողմը չի կարողանում զսպել դիվերսիոն խմբերի գործողությունները։
– Նրանք փորձում են ցույց տալ իրենց հնարավորությունները, բայց սխալվում են, եւ այսօր (երեկ-Ս.Գ.) իրենք ստացան այն, ինչը պետք է ստանային։ Բոլոր տեղերում էլ կարող է նման բան տեղի ունենալ, բայց դա դեռ չի նշանակում, որ նրանք մեզ հաղթել են։ Մենք ուզում ենք, որ իրավիճակը շփման գծում հանգիստ լինի, բայց, ինչպես երեւում է, նրանք այդպես չեն ուզում։
– Բայց մինչեւ մենք որոշում ենք՝ ուզում ենք, թե չենք ուզում, նրանք սպանում են…
Կարդացեք նաև
– Շատ վատ է, որ մենք նրանց նման չենք, բայց նրանք իրենց այդ վարքագծով շատ ավելի կորուստներ են ունենում։ Մեզ համար մեկ զինվորի կյանքն ավելի թանկ է, քան իրենց տասնյակինը։ Եվ, իհարկե, մենք չենք ուզում, որ հայ զինվորները եւ քաղաքացիները մահանան այդ սահմանների վրա։ Իսկ եթե նրանք այդ քայլին են գնում, նշանակում է՝ համաձայն չեն ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկների հետ եւ կարծում են, որ իրենք ուժեղ են եւ կարող են ԼՂ հակամարտությունն ինքնուրույն լուծել, սակայն դա նրանց չի հաջողվի: Չի հաջողվի երեք պատճառով առաջին՝ նրանք պատրաստ չեն դրան, երկրորդ՝ մենք Ադրբեջանից թույլ չենք, երրորդ՝ միջազգային հանրությունը թույլ չի տա, որ ԼՂ հակամարտության հարցը լուծվի ուժային ճանապարհով։ Իլհամ Ալիեւն ինքն էլ է գիտակցում, որ այդ մեթոդներով ինքը ոչնչի չի հասնի, եւ բանակցությունների կարիք կա։ Միայն բանակցությունների արդյունքում է հնարավոր խնդիրը լուծել։
– Տպավորությունն այնպիսին է, որ մեր հակառակորդին հաջողվում է գործողություններ իրականացնել, քանի որ հայոց բանակի ղեկավար կազմն իր «տեղում» չէ:
– Մենք միշտ պետք է զգոն լինենք, բայց դեպքերն ամեն կերպ կարող են պատահել, դա անկանխատեսելի է։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Ժողովուրդ»


















































