Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհանդես-վաճառքների մշակույթը «ընդլայնվում» է

Հունիս 06,2012 13:24

Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երեւանում գիրքը, ըստ էության,  գոնե մինչ այսօր չի դարձել այն կարեւոր գործոնը, որի շուրջ պիտի ձեւավորվեին որոշակի ավանդույթներ: Այդուհանդերձ, այսօր արդեն գրքի շնորհանդեսների ավանդական ձեւին փոխարինելու են գալիս արեւմուտքում վաղուց գոյություն ունեցող շնորհանդես-վաճառքների մշակույթը, օրինակ, վերջերս ՆՓԱԿ-ում՝ Հովհաննես Թեքգյոզյանի «Կորուսյալ քաղաք», «Բյուրոկրատում»՝ Կարինե Խոդիկյանի «Եկել եմ, որ մնամ» եւ այլն:

Երեկ Գյումրիի մարզային գրադարանում տեղի ունեցավ բանաստեղծ Գեւորգ Թումանյանի (լուսանկարում) «Աստվածային ժամանցներից զատ» ժողովածուի շնորհանդես-վաճառքը: Սրանով «Անտարես» գրահրատարակչական մեդիա- հոլդինգը մեկնարկում է միջոցառումների շարքը, որը միտված է մարզերում աշխուժացնել գրական կյանքը, հրատարակվող գրքերը հասցնել մարզեր, ապահովել գրող-ընթերցող շփումը եւ, վերջապես, աջակցել մարզային գրողներին՝ առաջիկայում հրատարակելով նրանց գրքերը:

Գեւորգ Թումանյանը ունի հրատարակած երկու գիրք՝ «Անընդհատ անառակ որդի» (2002թ.) եւ «Ճախրող սարդ» (2008թ.): Նոր՝ «Աստվածային ժամանցներից զատ» ժողովածուում ընդգրկված բանաստեղծությունները՝ ի տարբերություն նախորդ գրքերի, գրողի սեփական տագնապների, ցնծությունների, ակնթարթային տպավորությունների մասին են:

«Առավոտը» բանաստեղծից հետաքրքրվեց նախորդ գրքերի վաճառքի «արդյունքներով»: Մեր զրուցակիցը խուսանավելով հարցից, այդուհանդերձ, ասաց հետեւյալը. «Առաջին գրքիս վաճառքի ճակատագիրը տխուր է: Գրողների միությունը ինձ «նվիրեց» 100 օրինակ, իսկ մնացած 400-ը հավանաբար հատկացրել են գրադարաններին, մշակութային այլ օջախների: Երեւի Հայաստան ժամանած արվեստագետներն էլ նվերի տեսքով ստացել են գիրքս…»:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը գրքի շնորհանդես-վաճառքը որակելով մեզանում նոր մշակույթ՝  ասաց. «Այդ նորը վերջապես ուզում ենք ներմուծել հայաստանյան գրական շուկա, որ շնորհանդեսին հրավիրվածները ոչ միայն  իրենց բաժակաճառերով գովերգեն գրողներին, այլեւ գիրք գնեն»:

«Առավոտին» հայտնի դարձավ, որ 500 օրինակ տպագրված «Աստվածային ժամանցներից զատ» ժողովածուն շնորհանդես-վաճառքի արդյունքում շուրջ 30 գնորդ ունեցավ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930