Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Տավուշի մարզը խոցելի . ռազմական փորձագետի մեկնաբանությունները (Տեսանյութ)

Հունիս 06,2012 17:25 Share

Aravot.am-ը ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է բացատրում այն փաստը, որ Ադրբեջանի կողմից անընդհատ հարձակումներ են տեղի ունենում հենց Տավուշի մարզի ուղղությամբ, գուցե մեր թույլ կե՞տն են գտել, և պետք է ռազմավարությունը փոխե՞լ: Պարոն Ջամալյանը պատասխանեց. «Տավուշի մարզը խոցելի է այն առումով, որ ունենք սահմանամերձ գյուղեր, որոնք ադրբեջանական կրակակետից գտնվում են մեկ-երկու կիլոմետր հեռավորության վրա: Այս առումով խոցելի է նաև ադրբեջանական կողմը: Այս հանգամանքը մի յուրահատուկ բալանս է ստեղծել ու չգրված օրենքի համաձայն՝ գործել է տրամաբանությունը՝ մի կրակիր մեր գյուղի վրա, չենք կրակի ձեր գյուղի վրա: Սակայն հայկական կողմը, ուղղակի կրակելու ոչ մի ցանկություն և իրավունք չունի: Հիմա նրանք ուզում են դա չարաշահել, ուզում են մեզ սադրանքի տանել, քանի որ, եթե կրակենք իրենց գյուղի վրա, կունենան փաստարկներ աշխարհին ներկայանալու: Բայց մենք դա չենք անելու»:

Անդրադառնալով ԼՂՀ-ի սահմանին՝ պարոն Ջամալյանը նկատեց. «Արցախի հատվածում բնակավայրերը առաջնագծից հեռու են, և դա մեզ թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում անընդհատ առաջին գծում ավելի տիրապետող լինել և հենակետեր տեղադրել: Իսկ ադրբեջանական գյուղերը մոտ են առաջնագծին: Այն, որ Արցախում մենք գերիշխող ենք բոլոր առումներով, մենք անընդհատ ավելի նպատակային հենակետեր ենք տեղադրում և տեղային մարտավարական առավելություններ ձեռք բերում, դա պարզ է: Տավուշի մարզում այդպիսի շռայլություն ավելի դժվարությամբ ենք մեզ թույլ տալիս, քանի որ, եթե անենք նման բան, կարող է գյուղը դառնա թիրախ»:

Դառնալով ռազմավարության վերանայմանը՝ պարոն Ջամալյանը նշեց. «Հրադադարի պայմաններում չկան ակտիվ ռազմական գործողություններ, մեծամասշտաբ օպերացիաներ, մենք այսպիսի իրավիճակում պիտի լինենք նախաձեռնող: Հստակ մի բան է այն, որ այլ ռազմավարություն լինել չի կարող: Պատասխան տալու ռազմավարութունը միակն է, եթե չպատասխանենք, ուղղակի թշնամին կդառնա լկտի, այն, ինչ տեղի է ունենում մեկ ամիսը մեկ, այդ դեպքում տեղի կունենա ամեն օր: Անպատժելիության մեջ թուրքը չպիտի համոզված լինի: Չպատասխանենք՝ ամեն օր կանեն, եթե պատասխանում ենք, գոնե ձեռք ենք բերում խաղաղության շրջան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930