Լրահոս
Օրվա լրահոսը

«Կցանկանայի` ընկերուհիս դու լինեիր».Սիրո խոստովանություն

Հունիս 16,2012 18:52

 Լուսինեիի եւ Ռուբենի սիրային պատմությունը շուրջ երեք տարվա պատմություն ունի: Նրանց հանդիպումը եղել է բասկեդբոլի պարապմունքներից մեկի ժամանակ, երբ Լուսինեն կանոնավոր կերպով հաճախում էր պարապմունքներին. «Հիմա այնքան էլ հստակ չեմ հիշում, թե ինչպես սկսվեց մեր ծանոթությունը եւ թե ի՞նչ թեմայի շուրջ խոսեցինք, բայց այդտեղից սկսեցինք հաճախակի շփվել»,-ասում է Լուսինեն: Հետագա շփումը շարունակվեց համացանցով, այնուհետեւ հանդիպումներով  եւ սիրային խոստովանություններով: Այդ ժամանակահատվածը այնքան էլ թեթեւ շրջան չէր նրանց համար: Երկուսն էլ ավարտական տարում էին սովորում եւ պետք է պատրաստվեին առաջիկա ընդունելության քննություններին. «Փետրվար-մարտ ամիսներն էին, եւ երկուսս էլ պատրաստվում էինք հունիսի քննություններին: Մի կողմից լարված շրջան էր, մյուս կողմից հաճելի ու գեղեցիկ»: Ամեն բան հարթ է ընթանում: Նրանց ցանկությունները ի կատար են ածվում, իսկ ջանքերը արդյունավետ են օգտագործվում: Սիրային խոստովանությունն էլ չի ուշանում. «Այսօրվա պես հիշում եմ: Իր բառերով ասած, դուխ էր հավաքել եւ եկել էր մեր տան մոտ, ինձ էլ խնդրել էր դուրս գալ տանից: Ես այդպես էլ դուրս գալ չկարողացա, քանի որ չգիտեի տանն ինչ ասել: Ստիպված հեռացավ եւ երբ համացանցով պնդեցի, թե ինչու էր այդքան ուզում ինձ տեսնել, ասաց. «Կցանկանայի` ընկերուհիս դու լինեիր», իմ դրական պատասխանը չուշացավ»,- պատմում է Լուսինեն: Ռուբենն էլ ի պատասխան իր սիրո` կրծքավանդակին դաջել էր Լուսինեի անվան սկզբնատառը: Լուսինեն նույնպես սիրում է դաջվածքներ, բայց Ռուբենի անհադուրժողական վերաբերմունքը ետ էր մղում նրան այդ քայլից. «Հիմա իմ ձեռքին էլ կա դաջվածք` ժապավենի տեսքով: Երբ վիճեցինք, միտումնավոր արեցի, իմանալով որ նա չի սիրում»: Այսօր 3-րդ կուրսի ուսանողներ են: Ռուբենը ծառայության մեջ է, իսկ ինքը համբերատար սպասում է: Այս տարիների ընթացքում հասցրել են սիրել, հիասթափվել, գժտվել, ինչպես յուրաքնչյուր սիրող սրտեր. «Երկու տարի առաջ, փոքրիկ վեճ ունեցանք, բաժանվեցինք: Ինը ամիս անց նա կրկին հայտնվեց, վերականգնեց երբեմնի կորած հավատս, երկար ջանքերից հետո կրկին միավորվեցինք»: Իրենց սերը դժվարանում է ներկայացնել. «Շատ ուժեղ սեր է: Ասես միասին մեծացած լինենք ու հավերժ կապված միմյանց: Ինչքան էլ կռվենք, միևնույնն է, առանց իրար չենք կարող: Հերթական վիճաբանության ժամանակ Կասկադում էինք: Քիչ էր մնում ամեն ինչին վերջ դնեի, բայց նրա աչքերում արտասուք նկատեցի: Արդյունքում ինքս էլ չկարողացա ինձ զսպել եւ գրկախառնված արտասվեցինք երկուսով»: Նա հիանում է Ռուբենի հավասարակշռությաբ. «Երբեք ինձ վրա ձայնը չի բարձրացնի, ինչ էլ որ արած լինեմ»: Լուսինեի խոսքով՝ Ռուբենը բարձրահասակ եւ հաղթանդամ երիտասարդ է, որի կողքին բավականին փոքր է երեւում: Դրա հետեւանքով մի միջադեպ է գրանցվել, որը Լուսինեն ժպիտով է հիշում. «Մեկ տարի առաջ էր, երբ դեռ 3-րդ մասում էի ապրում ( այժմ՝ Էրեբունի ), մտանք մի այգի, նստեցինք նստարանին, նա բռնեց ձեռքս, եւ միասին սկսեցինք զրուցել: Մի տասը րոպե չանցած` մեզ է մոտենում մի ոստիկան եւ Ռուբենին կանչում իր մոտ: Ես սկսեցի անհանգստանալ: Պարզվում է` ոստիկանը հարցաքննում էր Ռուբենին, թե ով է այս երեխան, ինչ գործ ունի նրա հետ, պահանջում էր անձնագրեր ցույց տալ: Երկար ջանքերից հետո, վերջապես կարողացանք ոստիկանին համոզել, որ մենք զուգընկերներ ենք, ես երեխա չեմ, այլ չափահաս աղջիկ, եւ ամենակարեւորը մեր ընկերության մասին տեղյակ էին մեր ծնողները»,-պատմում է Լուսինեն: «Այս միջադեպից հետո բարձր եմ գնահատում այն աշխատանքը, որ կատարում են ոստիկանները, լինելով այդքան հետեւողական իրենց աշխատանքում»:

Այժմ Ռուբենի հետ նրա հարաբերությունները կրկին ընդհատվել են (պատճառները չցանկացավ մանրամասնել), բայց պահպանվել է սերը: Lուսինեն վստահ է, որ ամեն ինչ  լավ է լինելու: «Այս տարիների ընթացքում այդքան բան հաղթահարելով, այս մեկն էլ կհաղթահարենք»,-ասում է նա:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930