
Ես այդպես չեմ կարծում: Ինձ թվում է, որ գործարարը պետք է մեղավոր կամ անմեղ լինի Քրօրի կոնկրետ հոդվածով. նա կամ անմիջականորեն է սպանել Վահե Ավետյանին, ինչը, ինչպես ասացի, իրատեսական չէ, կամ էլ` դրդել է սպանության: Վերջինս տեսականորեն հնարավոր է, բայց ոչ ոք առայժմ չի ներկայացրել որեւէ տեսագրություն, ձայնագրություն կամ վկայություն, որ նա «Հարսնաքարի» աշխատակիցներին հրահանգել է, խորհուրդ է տվել կամ խնդրել է սպանել կամ առնվազն ծեծել ռեստորան եկած բժիշկներին: Այո, նախկինում ասուլիսի ժամանակ նա ասել է, որ պատժում է ծեծելով` շատ սխալ, անհանդուրժելի, մերժելի հայտարարություն է: Բայց եթե աշխարհում գտնվի որեւէ դատարան, որն այդ արտահայտությունը կհամարի շաբաթներ հետո տեղի ունեցած սպանության դրդելու ապացույց, ուրեմն, ամեն ինչ ճիշտ է, եւ Ռուբեն Հայրապետյանն իսկապես պետք է դատվի քրեական օրենսգրքով:
Շատ ավելի ռեալ եմ համարում «Հարսնաքար» համալիրի դեմ քաղաքացիական հայցը, որով ռեստորանը (հետեւաբար, նաեւ սեփականատերը) պատասխանատվության կկանչվի իր տարածքում տեղի ունեցած բռնության եւ սպանության համար ու կվճարի մեծ չափի տուգանքներ ու փոխհատուցումներ:
Միանգամայն ճիշտ են նրանք, ովքեր պնդում են, որ Հայրապետյանը բռնության, անպատժելիության, «բեսպրեդելի» մշակույթի կրողն է: Միայն նա չէ այդպիսին: Այդպիսիք են բոլոր օլիգարխները, այդ թվում` ներկայումս ընդդիմադիր եւ կիսաընդդիմադիրները: Բայց ինչո՞ւ միայն նրանք: Վերջերս «Առավոտին» հարցազրույց էր տվել մի հայտնի մտավորական, որը «Հարսնաքարի» գործի հետ կապված բռնության, արյան, պայթեցումների, տեռորի կոչեր էր անում: Մենք նրա ասածները չենք հրապարակել` չենք ուզում ապօրինությունների քարոզիչների դերում լինել: Բայց ահա եւս մի հարց` ո՞ր մշակույթի կրողն է այդ մտավորականը:
Կարդացեք նաև
Արամ Աբրահամյան


















































