Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սոցապ բաժնի նախկին պետը դատապարտվեց ազատազրկման

Հուլիս 30,2012 19:46

Դատավոր Դավիթ Բաբայանը հրապարակում է դառավճիռը:

Մայրաքաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը այսօր 7 տարվա ազատազրկման դատապարտեց Սոցիալական ապահովության Դավթաշենի տարածքային բաժնի նախկին պետ Սարգիս Հակոբյանին: Նույն բաժնի նախկին գլխավոր մասնագետ Գրետա Վարդանյանը դատապարտվեց երեք տարվա ազատազրկման: 

Այս գործով մնացած 8 ամբաստանյալների` կաշառքի միջնորդի, համատիրության 2 աշխատակիցների եւ կեղծ փաստաթղթեր ներկայացրած 5 օդաչուների համար դատարանը ավելի մեղմ պատիժներ սահմանեց` տուգանքների տեսքով:

«Այս օդաչուները հնարավորություն էին ունեցել այդ փաստաթղթերի հիման վրա իրենց իսկական թոշակավորման վայրից կենսաթոշակային գործերը տեղափոխել Դավթաշենի տարածքային բաժին եւ այդ կեղծիքների հիման վրա ստանալ ավելի բարձր կենսաթոշակ` 3-4 անգամ ավելի օրենքով սահմանվածից», – «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Հովհաննես Ենոքյանը:

Այս քրեական գործը առանձնացված է անցած տարվա մայիսին Գլխավոր դատախազությունում յուրացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի հիման վրա հարուցված աղմկահույց գործից: Հիշեցնենք, 2011 թվականին Վերահսկիչ պալատը Սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացված ստուգումների արդյունքում պարզել էր, որ կենսաթոշակների ցուցակներում եղել են մահացած անձանց անուններ, կեղծվել են կենսաթոշակների տրամադրման փաստաթղթերը:

Ոլորտում բացահայտված չարաշահումները անցնում էին 100 միլիոն դրամը: Բացահայտումները վերաբերում էին այն ժամանակահատվածին, երբ Սոցիալական ապահովության պետական ծառայությունը ղեկավարում էր Վազգեն Խաչիկյանը:

«Խաչիկյանն էլ է առնչվում այդ քրեական գործով: Ուղղակի քրեական գործը շատ ծավալուն, բարդ է գործ է: Նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է», – փոխանցեց Հովհաննես Ենոքյանը:

Այսօր Վազգեն Խաչիկյանի հետ չհաջողվեց զրույցել: Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասել էր, որ իրեն 2 անգամ կանչել էին հարցաքննության` որպես վկա: Հարցին` տեղյակ եղե՞լ է համակարգում տեղ գտած կոռուպցիոն երեւույթներին, Խաչիկյանը արձագանքել էր. – «Ժամանակը կգա` մենք բոլորի մասին, դրա մասին կարտահայտվենք»։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031