Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոսի 8-ին՝ հիշատակի օր

Օգոստոս 03,2012 13:23

Արծվաշեն համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ օգոստոսի 8-ին Ճամբարակ քաղաքում լինելու է հիշատակի օր: Այդ օրը լրանում է Արծվաշենի անկման 20-րդ տարելիցը, ինչի առիթով էլ հուշարձան է կառուցվել:

Շուրջ 22 տարի Արծվաշեն համայնքը ղեկավարող Խեչոյանը ասաց, որ 1854 թվին ստեղծված գյուղը, որը պատերազմների ժամանակ պայքարել եւ պահպանել է իր հողը, այսօր էլ ունի խնդիրներ, բայց երբեք դրանց մասին չի բարձրաձայնել: «Արծվաշենը իրավաբանորեն Հայաստանին է պատկանում, բայց օկուպացված է Ադրբեջանի կողմից: Ինչ վերաբերում է արծվաշենցիների իրավական կարգավիճակին, ապա վերջինները համարվում են ներքին տեղահանված եւ ի տարբերություն Սումգայիթի, Բաքվի հայության՝ չունեն փախստականի կարգավիճակ»,-նշեց Խեչոյանը՝ հավելելով, որ արծվաշենցիներն ունեն բնակարանային խնդիր:

«Ժամանակին Արծվաշենը պաշտպանելու համար պետք էր 11.000 զինվոր, սակայն այդ ընթացքում ընթանում էր ղարաբաղյան պատերազմը եւ այդքան ուժեր հայկական կողմը չէր կարող հատկացնել Արծվաշենի պաշտպանության համար, բոլոր ուժերը կենտրոնացած էին Ղարաբաղում»,- տեղեկացրեց Խեչոյանը, շեշտելով, որ Արծվաշենը միշտ փորձել է ինքնուրույն վերականգնվել, քանի որ շատ աշխատասեր ժողովուրդ է:

Ըստ Խեչոյանի՝ արծվաշենցիները բնակվում են ադրբեջանական սահմանից 3 կմ հեռավորության վրա. բնակչության 80%-ն այժմ կենտրոնացած է Հայաստանի Հանրապետությունում, մի մասը՝ Ռուսաստանում է, շատ քիչ տոկոսն էլ՝ տարբեր տեղեր:

Արմատներով արծվաշենցի, պատմաբան Յուրա Ղուլյանն էլ հավելեց, որ

150 տարվա ընթացքում գյուղը չի կորցրել իր հայկականությունը. «Արծվաշենը միշտ դիմագրավել է հակառակորդներին: Հարկ է նշել, որ Արծվաշենից դուրս են եկել բազմաթիվ տաղանդավոր մարդիկ: Բացի այդ՝ Արծվաշենում դեռեւս խորհրդային տարիներին 4 արդյունաբերական ձեռնարկություն էր գործում՝ հայկական իշխանությունները հասկանում էին գյուղի ռազմավարական նշանակությունը: Իսկ հիմա՝ համոզված եմ, պատմությունը Արծվաշենի անկման հետ կապված դեռեւս շատ ճշգրտումներ կմտցնի»,- եզրափակեց Ղուլյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031