Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանա լճում ձկնաբուծարանն արդեն պատրաստ է

Օգոստոս 08,2012 14:33

Հենց Սեւանա լճում արդեն ավարտվում է ձկնաբուծարանի կառուցումը, որտեղ պետք է բուծվի Սեւանի իշխան: Լճի մի մասն արդեն ցանցավանդակներով է պատված: Գցված է պոնտոնային կամուրջ, որն ավելի քան 100 մետր ձգվում է դեպի լճի խորքը: Տեղադրված են վառ կարմիր խարսխավոր լողաններ` որպես նշան ստորջրյա արտադրության մասին: Նախագծով իշխանի մանրաձուկը սահմանափակ ժամանակահատվածում` մինչեւ լճի սառելը, պետք է 30 գրամից հասնի 350 գրամի, ժամկետը մինչեւ 2012թ. նոյեմբերն է: Դրա համար ձկները կկերակրվեն արհեստական կերով: Սակայն կերի կազմի նկարագրությունը նախագծում բացակայում է:    Նախագծում միայն գրված է, որ արհեստական կերը պարունակում է ազոտ եւ ֆոսֆոր, որոնք լցվելու են լիճ: Բայց ըստ նախագծողների, ավելորդ ազոտը եւ ֆոսֆորը կյուրացվեն միկրոօրգանիզմների կողմից: Մեր կողմից նշենք, որ Սեւանա լճի աղտոտումն ազոտով եւ ֆոսֆորով ամենաէական խնդիրներից է, եւ ոչ մի միկրոօրգանիզմ լիճը չի փրկի:

    Սակայն կա ավելի էական ռիսկ: Բացի ազոտից եւ ֆոսֆորից կերի մեջ կարող են լինել հորմոնային նյութեր: «Կերը պարունակում է որոշակի չափով հորմոններ…Բավակա՞ն չէ Սեւանի վրա փորձեր անելը: Պետք է փորձարկումն անել լճից դուրս, իսկ հետո որոշում ընդունել… Այդ հետեւանքները հաշվարկված չեն…»: Սա հատված էր 2012թ. մայիսի 10-ին տվյալ նախագծի վերաբերյալ տեղի ունեցած հասարակական լսումների ընթացքում «Սեւան» ազգային պարկի փոխտնօրեն Վահե Գուլանյանի ելույթից: Իսկ  «Սեւան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Գնդոյանն էլ ասել էր, որ գերազանց կերակրելու դեպքում անգամ ձկան օրեկան մաքսիմալ աճը1 գրամից չի անցնում: «Եթե կա նման հնարք, որ այդպես աճ կտա, նրանք ոչ թե էնդեմիկ ձուկ կստանան, այլ հրեշ կստանան»,- ասել էր նա միեւնույն հասարակական լսումների ժամանակ:

    Ձկնաբուծարանը պետք է կառուցվեր Դրախտիկ գյուղի մոտակայքում: Սակայն տեղադրման վայրը փոխվել է, եւ այն կառուցվում է Սեւանի ամենալավ ափերից մեկում` Շորժայի ափին, որտեղ ջուրը, ավազը մաքուր են, լողալու համար շատ հարմարավետ պայմաններ են: Նշենք, որ մայիսի 10-ին` հասարակական լսումների ժամանակ, նշվեց, որ այդ լսումները նախնական նախագծի լսումներ են: Սակայն այդ քննարկումից հետո նախագծի համար կանաչ լույս վառվեց:

Միայն մնում է գուշակել, թե արդյոք «Սեւան» ազգային պարկը գիտի այն մասին, որ իր վերահսկած տարածքում` Սեւանա լճի հայելիում, սկսում է տվյալ նախագծի իրագործումը, թե «Էմի ֆրութ» ընկերության գործունեությունը դուրս է եկել ազգային պարկի վերահսկողությունից: 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031