Լրահոս
Օրվա լրահոսը

Ապացուցման բեռը դրվեց Ռուբեն Հայրապետյանի վրա

Օգոստոս 08,2012 15:57

Արթուր Սաքունց

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբիկ Ափինյանի նախագահությամբ շարունակվեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա.Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության հայցով նախնական դատական նիստը:

Հայցվորը՝  նշյալ իրավապաշտպան կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը, պահանջում է, որպեսզի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրապարակային ներողություն խնդրի Հանրային հեռուստատեսության «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման ժամանակ՝ «Հելսինկյաններից մի հատ անհասկանալի օղերով շան թուլա» վիրավորական արտահայտության համար, եւ փոխհատուցի 1 լումա:

Այս անգամ դատարան չէր ներկայացել Հանրային հեռուստատեսության իրավաբանական բաժնի պետ Արմեն Բաղդասարյանը: Հանրային հեռուստաընկերությունը ճանաչվել է ինքնուրույն պահանջ չներկայացնող կողմ՝ պատասխանող:

Լուսինե Բակումյան

Դատարանում էին իրավապաշտպան գրասենյակի պատասխանատու Արթուր Սաքունցը, նրա ներկայացուցիչը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Թումանյանը, եւ Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչը ՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լուսինե Բակումյանը:

Հայցվորը ներկայացրեց վարչական դատարանի դատական ակտ, համաձայն որի, Ա.Սաքունցը վիճարկել է Լոռու մարզի ֆուտբոլի մարզադաշտի հարցը, եւ այդ գործով ներկայացուցիչը եղել է դարձյալ Լուսինե Բակումյանը:

Վերջինը գտնում էր, որ ներկայացված ապացույցը կապ չունի քննվող հայցապահանջի հետ:

Կարեն Թումանյանը միջնորդեց, որպեսզի դատարանը որոշում ընդունի, որի համաձայն, պատասխանող Ռուբեն Հայրապետյանը պիտի ապացուցի, թե ում է ուղղված վիրավորական արտահայտությունը: Նա իր գործընկերոջը՝ Լուսինե Բակումյանին հարցրեց, թե ում է ուղղված, Սաքունցի դե՞մ էր, ներկայացուցիչը պատասխանեց, որ Սաքունցի դեմ չէ:

«Այդ դեպքում ո՞ւմ դեմ է», -հարցրեց Ա.Սաքունցը:

Դատարանը պարտավորեցրեց, որպեսզի պատասխանողը ապացուցի, որ Սաքունցի դեմ չի եղել ասվածը, ինչին, ըստ էության, չառարկեց Լուսինե Բաղումյանը:

Դատավոր Ռ. Ափինյանը նկատեց.«Էս նուրբ էակի վրա թողեցիք ապացուցման ծանր բեռը»:

Իսկ իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասաց, որ ինքն այդ հաղորդումը ուշ է տեսել, մինչ այդ իրեն զանգել են հասարակության ներկայացուցիչներ, որոնք ընկալել են, թե իրավապաշտպանին է ուղղված եղել այդ արտահայտությունը:

«Հասարակության մի մասը կարող է մի կերպ ընկալել, մյուս մասն՝ այլ, եւ չի կարելի հասարակության սուբյեկտիվ ընկալումը որպես հիմք դնել եւ ներկայացնել դատարան, լուրջ հիմք չի կարող համարվել»,- առարկեց Լ.Բակումյանը:

Իրավապաշտպան կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցն էլ հայտարարեց.«Ո՞ւմ է նկատի ունեցել Ռուբեն Հայրապետյանը: Հարցն էական նշանակություն ունի, քանի որ մեզանում ավանդույթ է դառնում պաշտոնատար անձանց կողմից անհասցե արտահայտություններ անելը: Նախադեպ է ստեղծվում, որ պաշտոնյան անհասցե արտահայտություններ է անում իրավապաշտպան կազմակերպության դեմ»:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 17-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031