Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյան. «Լավ, ասեմ իրականությունը` Ծառուկյանն ինձ 5 տարի խնդրել-աղաչել է, որ ես 5-րդ համարը լինեմ»

Օգոստոս 22,2012 17:46

«Իշխող ուժը «կառուցողական այլընտրանքի» բիլակների գործադրմամբ ինձ պարտադրեց հրաժարվել պատգամավորական մանդատից, ինչի համար անձամբ ես չեմ ափսոսում, քանզի ստիպված չեմ մականունավորների ժողովներին մասնակցել»,- 1-in.am-ի հետ զրույցում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհանիսյանն այսպես էր ներկայացրել իր` պատգամավորական մանդատից հրաժարվելու դրդապատճառները:

Այսօր Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ի՞նչ նկատի ունի` «բիլակների գործադրում» ասելով` ծեծե՞լ են Ձեզ, ինչպե՞ս են բիլակները գործադրել, առյուծի նկա՞ր են ցույց տվել, ի՞նչ են արել: Նա պատասխանեց.«Բանդիտների երկրում ենք ապրել, նորությո՞ւն եմ ասել: Ոչ ոք իրավունք չունի այս երկրում մտածելու: Ես ինչի՞ համար էի առաջադրվել, որ ինքնաբացարկ հայտարարե՞մ: Ստիպել են»:

Հարցին` ի՞նչ միջոցներով են ստիպել` ծեծո՞վ` նա պատասխանեց. «Հայաստանին յուրահատուկ միջոցներով: Դուք շատ լավ էլ հասկանում եք` ինչ կա իմ այդ արտահայտության տակ: Պարզից էլ պարզ է: Եթե մարդու մեքենան կողոպտում են, գործ են հարուցում, մարդու վրա հարձակվում են, տուժողից դարձնում են մեղադրյալ, այդ իրավիճակում հոժար կամքով մարդը մանդատից կհրաժարվի՞: Ո՞վ ասեց` ծեծել են, չէ ինձ չեն ծեծել: Եթե մարդու դեմ 3 դատական գործ է հարուցվում, ի՞նչ է, այդ մարդը խելագա՞ր է, որ մանդատից հրաժարվի եւ ընկնի ոստիկանների ձեռը, ինչպես ինձ հետ է տեղի ունեցել: Ի վերջո կա ողջամտության կանխավարկած: Իմ դեմ ընտրարշավի ընթացքում 3 գործ է հարուցվել` որպես պատգամավորության թեկնածու, միասնական շտաբի կազմակերպիչ` ես ենթարկվել եմ բիրտ ճնշումների, հալածանքների: Բնականաբար, ես ենթադրում էի, որ պաշտպանված կլինեմ մանդատով, որը ինձ կտա ժողովուրդը, բայց դրանից հետո հանկարծ եթե ես հրաժարվում եմ մանդատից, հասկանում եք, չէ՞, որ ընկնեմ դատախազների ու ոստիկանների դուռը, ինչպես հիմա՞: Ես ստորագրություն եմ տվել` քաղաքից չբացակայելու համար, իմ ազատությունը սահմանափակված է այս պահին: Դե թող Օսկանյանը հրաժարվեր մանդատից, թող հրաժարվեր, որ զրկվեր անձեռնմխելիությունից եւ իրեն քաշ տային դատարաններով ու դատախազությունով»:

Մեր դիտարկմանը, որ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը սպառնում էր պատմել, թե ինչպես եք Դուք աղաչել-պաղատել, որ չզրկվեք մանդատից, որ Ձեզ մանդատ տան` Հմայակ Հովհաննիսյանը ափերից դուրս եկավ. «Այդ զազրելի անձնավորության անունը մի’ տվեք: Նա կրակել է իրավապաշտպանի վրա, ես նրա անունը չե’մ ուզում լսել: Ես նրան համեմատել եմ Նաիրի Հունանյանի հետ, նա հանցագործ է»:

Մենք հետաքրքրվեինք` Դուք հերքո՞ւմ եք, որ աղաչել եք մանդատի համար` նա պատասխանեց. «Իսկ Դուք հերքո՞ւմ եք, որ Տիգրան Ուրիխանյանը կրակել է իրավապաշտպանի վրա ու դրա համար պատիժ չի կրել»:

Մեր դիտարկմանը, որ պարզաբանվեց` անգնդակ ատրճանակ է եղել` Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Ի՞ նչ է նշանակում փամփուշտ չի եղել: Մարդու վրա կրակել են: Մարդը կարող էր կաթված ստանալ, շաքարախտ ստանալ: Նա հո չգիտեր, որ դա գազային ատրճանակ է: Ես այդ կարգի մարդկանց անունը չեմ ուզում լսել: Ինչ վերաբերում է աղաչել-պաղատելուն` սուտ է դա: Բացարձակ դա սուտ է: Լավ, ասեմ իրականությունը` 5 տարի Ծառուկյանը ինձ խնդրել-աղաչել է, որ ես 5-րդ համարը լինեմ իր ցուցակում, այ դա է իրականությունը: 5 տարի: Միշտ ասել է, որ 5-րդ տեղը քո բրոնյան է, իմացա՞ք: Նա ասել է` դու կհամաձայնվես, թե չես համաձայնվի, բայց ես քեզ հրավիրում եմ 5-րդ համար` իմ ընտրական ցուցակում: 5 տարի շարունակ դա կրկնել է` ամեն մեր հանդիպման ընթացքում: Սա’ է իրականությունը»:

Մեր հարցին, որ եթե աղաչել է, բա հետո ինչո՞ւ բիլակներ ցույց տվեց` նա պատասխանեց. «Չգիտեմ, այդ հարցի վերաբերյալ չեմ ուզում խոսել, Ուրիխանյանն է պարտավոր խոսել, որովհետեւ նա մանդատ է ստացել, ես չեմ ստացել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031