Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետի թեկնածուն ԿԸՀ է դիմել

Օգոստոս 31,2012 13:51

Վանաձորի քաղաքապետի թեկնածու Տարոն Ապրեսյանը պնդում է, որ ԸԸՀ նախագահի՝ քաղաքապետի թեկնածուներից մեկի հետ բարեկամական կապ ունենալը կասկածի տակ կարող է դնել սպասվող ընտրությունների թափանցիկությունը:

Մինչ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կպատասխանի Վանաձորի քաղաքապետի թեկնածու Տարոն Ապրեսյանի՝ վերջերս ԿԸՀ հասցեագրած դիմումին, քաղաքապետի թեկնածուն «Առավոտի» հետ զրույցում նշում է, որ ինքը ոչ քաղաքապետ Սամվել Դարբինյանի, ոչ էլ նրա քրոջ ամուսնու՝ թիվ 30 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանի դեմ անձնավորված ոչինչ չունի:

Քաղաքապետի թեկնածուն ԿԸՀ է դիմել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տիգրան Պապանյանի՝ ԸԸՀ նախագահ լինելը կարող է ազդել ընտրությունների անկողմնակալ եւ անաչառ ընթացքի վրա՝ կասկածի տակ դնելով ընտրությունների արդյունքները. «ԿԸՀ դիմելու նպատակն այն է, որ թիվ 30 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը՝ Տիգրան Պապանյանը, նախ Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետն է, ապա քաղաքապետի հետ բարեկամական կապի մեջ է՝ նրա քրոջ ամուսինն է: Այդ փաստը մեզ մոտ կասկած էր առաջացրել, որ պարոն Պապանյանի՝ հանձնաժողովի նախագահ լինելը որեւէ կերպ կարող էր ազդել ընտրությունների արդյունքների եւ ընդհանրապես ընտրական պրոցեսների կազմակերպման, հանձնաժողովների աշխատանքների վրա»:

Տարոն Ապրեսյանը նշում է, որ եթե ԿԸՀ-ն բացասական պատասխան տա դիմումին, իրենք չեն դադարի հայտարարություններով հանդես գալուց.

«Մենք էլի հայտարարություններով հանդես կգանք եւ պետք է պայքարենք հենց այդ երեւույթի դեմ, որ չի կարելի հանձնաժողովները հագեցնել բարեկամական կապերով. այնտեղ պետք է լինեն անկողմնակալ մարդիկ, որոնք պետք է պաշտպանեն ընտրողների եւ քաղաքացիների շահերը, ոչ թե կոնկրետ մարդկանց շահեր»:

Ի պատասխան քաղաքապետի թեկնածուի հայտարարությանը՝ թիվ 30 ԸԸՀ-ի նախագահ Տիգրան Պապանյանն ավելի վաղ ընտրական հանձնաժողովի հերթական նիստում տարօրինակ էր համարել թեկնածուի այս քայլը:

«Ինչ կապ ունի սա ընտրության հետ՝ քրոջ ամուսինը հանձնաժողովի անդամ է դարձել: 2011 թվականին, երբ քաղաքապետի ընտրությունների մասին խոսք ընդհանրապես չկար, նաեւ՝ թե քաղաքապետ Դարբինյանը իր թեկնածությունը առաջադրելու է, թե ոչ, դա կատարվել է ՀՀ ընտրական օրենսգրքով՝ 6 տարի ժամկետով: Տարօրինակ է, որ մարդիկ իրեց քարոզչությունը անելու փոխարեն՝ ինչի հետեւից են ընկել»,- ասել էր Պապանյանը:

Տարոն Ապրեսյանը, սակայն, ինքն է այժմ տարօրինակ համարում թիվ 30 ԸԸՀ-ի նախագահի մեկնաբանությունը:

«Տարօրինակ է, որ այս նույն փաստը Տիգրան Պապանյանին չի մտահոգում, տարօրինակ է, որ նա չի պատկերացնում, թե ինչ կապ ունի իր՝ քաղաքապետի հետ բարեկամ լինելը: Ինչպես կարող է ԸԸՀ նախագահը չպատկերացնել այդ կապը»,-հարցնում է քաղաքապետի թեկնածուն:

Նա բացատրում է, որ իրենց խնդիրը ուղղված է ոչ թե անհատի դեմ, այլ նպատակն է ունենալ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ:

«Մենք կոնկրետ Սամվել Դարբինյանի կամ Տիգրան Պապանյանի դեմ անձնավորված ոչինչ չունենք: Բոլոր այն մարդիկ, ովքեր մասնակցում են ընտրական պրոցեսներին, եւ որոնց գործողությունների մեջ մենք տեսնում ենք օրենքի տառին հակառակ որեւէ գործողություն, մենք այդ գործողությունը, փաստը արձանագրում ենք եւ դրա դեմ պայքարում ենք՝ անկախ նրանից, թե դա որ թեկնածուի հետ է կապված»,- եզրափակում է քաղաքապետի թեկնածուն:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031