Լրահոս
Օրվա լրահոսը

Հունգարիան Սաֆարովին հանձնեց Ադրբեջանին ոչ միայն ֆինանսական նկատառումներով. այլ դրդապատճառներ

Սեպտեմբեր 06,2012 17:27

Ի՞նչը դրդեց Հունգարիայի ղեկավարությանն Ադրբեջանին արտահանձնել հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած Սաֆարովին:

Չի կարելի չհամաձայնվել այն հանգամանքի հետ, որ Հունգարիան ուղղակիորեն վաճառել է Սաֆարովին Ադրբեջանին. հայտնի է, որ դեռևս օգոստոսի կեսերին հունգարական ԶԼՄ-ները, վկայակոչելով տվյալ երկրի էկոնոմիկայի նախարարության անանուն աղբյուրը, հաղորդել էին, որ Ադրբեջանը մտադիր է ձեռք բերել 2-3 մլրդ եվրոյի հունգարական միջնաժամկետ (2-3 տարվա մարման ժամկետով) պետպարտատոմսերը: Բնականաբար, փնտրելով պատճառական կապը Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջան-Հունգարիա փայլուն բիզնես գործարքի միջև` գրեթե բոլորը (չհաշված ադրբեջանցիների և հունգարացի պաշտոնյաների) եկան այն եզրակացության, որ Հունգարիան փաստորեն վաճառել է Սաֆարովին վերոհիշյալ գումարի դիմաց:

Ամեն դեպքում, չի բացառվում, որ գոյություն ունեն նաև այլ հանգամանքներ, որոնք կարող էին նպաստել տվյալ «Ռամիլ Սաֆարով-2012» նախագծի իրականացմանը: Նախ, որքան էլ չխոսվի Ադրբեջանի կողմից հունգարական պետական պարտատոմսերի ձեռքբերման մասին, միամտություն կլինի հավատալ, որ Հունգարիայի ղեկավարությունը համաձայնվել է Սաֆարովին արտահանձնել Ադրբեջանին միայն այս պայմաններով: Վերջիվերջո, պարտատոմսերի ձեռքբերումը հավանաբար գործարքի միայն երևելի մասն է: Որքան էլ «հայրենասեր» չլինի հունգարական իշխանական էլիտան, քիչ հավանական է, որ վերջիններս համաձայնվեին «սատանայի» հետ դաշինք կնքել միմիայն սեփական երկրի տնտեսությունը կործանումից փրկելու համար: Անկասկած, ադրբեջանական կողմը հունգարական պարտատոմսերի գնմանը զուգահեռ լուրջ գումարներ է ծախսել հունգարական իշխանական էլիտային կաշառելու համար: Կաշառվել են նվազագույնը Հունգարիայի առաջին դեմք` վարչապետ Վիկտոր Օրբանը, արտգործնախարար Յանոշ Մարտոնին, հանրային կառավարման և արդարադատության նախարար Թիբոր Նավրաչիչը:

Բացի այդ, չպետք է մոռանալ, որ ներկայումս Հունգարիայում պետական մակարդակով փորձ է արվում վերանայել հունգարական ժողովրդի պատմական ծագումը` ներկայացնելով այն որպես թյուրքական: Այս հարցում ելակետային է այն հանգամանքը, որ ֆիննուգրական և թյուրքական ժողովուրդների սկզբնական առաջացման արիալը գրեթե համընկնում են: 2010թ. երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում ֆիդեսիստների (ընդհանուր առմամբ` հունգար ազգայնականներ) հաղթանակից հետո Հունգարիայում սկսել է առաջ քաշվել հունգարացիների և թյուրքալեզու ժողովուրդների միասնականության և եղբայրության գաղափարը:  Հունգարացի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում` Սաֆարովի գործով Ադրբեջանին վաճառված երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը, առիթը չեն կորցնում ավելորդ անգամ հիշեցնել հունգարացիների և թյուրք ժողովուրդների ընդհանուր արմատների մասին: Բացի այդ, բոլորովին վերջերս` օգոստոսի 10-ից 12-ը Հունգարիայի թուրանիստների կազմակերպության նախաձեռնությամբ երկրում Թուրանիզմի կուրուլթայ անցկացվեց, որին, նախնական տվյալներով, պետք է մասնակցեր 200 հազար մարդ:

Բնական է` հարց է ծագում, թե ինչով են պայմանավորված Հունգարիայի` թյուրքական ժողովուրդների ընտանիք մտնելու նկրտումները: Բացահայտ է, որ Հունգարիայի ղեկավարության` սեփական ժողովրդի ծագումը թյուրքական ներկայացնելու առաջնային նպատակը թուրքալեզու պետությունների հետ եղբայրական հարաբերություններ հաստատելու միջոցով արտոնյալ պայմաններով այդ պետությունների էներգոռեսուրսներից օգտվելն է: Բացի այդ, թուրքալեզու պետություններն ավելի բազմաթիվ են, քաղաքականապես ավելի մեծ ակտիվություն են դրսևորում միջազգային ասպարեզում, քան ֆիննո-ուգորական պետությունները (Ֆինլանդիան և Էստոնիան), ուստի թուրքալեզու պետությունների հետ բարեկամանալը Հունգարիայի համար ձեռնտու է նաև քաղաքական նկատառումներով: Հարկ է նշել, որ հունգարացիների թուրքական ծագումնաբանության մեջ հետաքրքված են նաև հենց թուրքալեզու պետությունները, առաջին հերթին` Թուրքիան, որը ձգտում է դառնալ եվրոպական ընտանիքի անդամ: Հասկանալի է, որ այդ գաղափարի իրականացման արդյունքում մի կողմից ընդլայնվում է թուրքական աշխարհի աշխարհագրությունը, մյուս կողմից, ստացվում է, որ ԵՄ անդամ-պետություններից մեկը թուրքական ծագում ունի:

Վերադառնալով Հունգարիայի կողմից Ադրբեջանին Ռամիլ Սաֆարովի արտահանձնանը, կարելի է ենթադրել, որ տվյալ պարագայում Ադրբեջանի իշխանությունների ֆավորիտ Ռամիլ Սաֆարովին հունգարական բանտում ցմահ պահելը Հունգարիայի իշխանական էլիտայի համար նպատակահարմար չէր, քանզի այդ գործոնը կարող էր խոչընդոտ հանդիսանալ հունգար և ադրբեջանցի ժողովուրդների նորընծա եղբայրության համար և բացասաբար ազդեր երկու ժողովուրդների միջև ձևավորվող նոր հարաբերությունների վրա:

 

Տիգրան Աբրահամյանց

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930