Լրահոս
Օրվա լրահոսը

ճապոնացիները նույնիսկ օդանավի տոմս էին պատվիրում` մեկ այլ քաղաք հասնելու և «Հայաստանի Փոքրիկ Երգիչներին» ունկնդրելու համար

Սեպտեմբեր 08,2012 18:37

ճանաչված խմբավար, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբը վերջերս վերադարձել է Ճապոնիայում կայացած 40-օրյա համերգային շրջագայությունից, որը ներառում է 18 համերգ, 5 հանդիպում, ինչպես նաեւ՝ զանազան միջոցառումներ եւ  Տիգրան Հեքեքյանի կողմից անցկացված վարպետաց դասեր:

Aravot.am-ի հետ զրույցում Տիգրան Հեքեքյանն ասաց, որ երեխաները մեծ հետաքրքրությամբ շրջագայել են  Ճապոնիայում,  այցելել թանգարաններ, ծանոթացել բնության երևույթներին, գիտության նվաճումներին, ճապոնացիների մշակույթին եւ ավանդույթներին. «Ելույթներ ունեցանք Ճապոնիայի լավագույն համերգասրահներում: Ծրագրի ֆինանսավորող ճապոնական «Մին Օն» կազմակերպության նախագահ Հիրոյասու Քոբայաշին  ասաց, որ իր կազմակերպության իրականացրած համերգների մեկ երրորդը տալիս են  արտերկրից ժամանած այն կատարողները եւ խմբերը, որոնք բացի համաշխարհային համբավից՝ կարգով բարձր են ճապոնական նմանատիպ խմբերից»:

Պարոն Հեքեքյանը հավելեց, որ կազմակերպող կողմը մինչ այդ քաջ  ծանոթ էր «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբին, սակայն Քոպայաշիի հավաստմամբ` արդյունքները գերազանցեցին ճապոնական կողմի ամենահամարձակ սպասելիքները: «Գրեթե բոլոր քաղաքներում, որտեղ պետք է ելույթներ ունենայինք,  համերգների տոմսերը սպառվել էին:  ճապոնացիները նույնիսկ գնացքի և օդանավի տոմս էին պատվիրում` մեկ այլ քաղաք հասնելու և երգչախմբին ունկնդրելու համար»,-ասաց մեր զրուցակիցը:

Երգչախմբի խնդիրների շուրջ Հեքեքյանը նշեց, որ առկա է սերնդափոխության խնդիր. «11-18 տարեկանների խմբի ներկայացուցիչները 18 տարեկանը լրանալուն պես դուրս են գալիս երգչախմբից, եւ երեխաների պակաս է առաջանում: Բացի այդ` ԶԼՄ-ները նախընտրում են լուսաբանել էստրադային խմբերի ու կատարողների գործունեությունը»:

Նշենք, որ  «Հայաստանի Փոքրիկ Երգիչների» համերգային շրջագայության թեմայով երկուշաբթի տեղի կունենա Տիգրան Հեքեքյանի ասուլիսը:

Շրջագայության մանրամասներն ընթերցեք «Առավոտի» առաջիկա համարում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930