Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ խանդում են կանայք

Սեպտեմբեր 09,2012 11:47

 Սկզբից կանանց մեծամասնությանը դուր է գալիս, երբ իրենց զուգընկերները կամ ամուսինները խանդում են նրանց, սակայն տարիների ընթացքում այն դառնում է նյարդայնացնող և կարող է խաթարել հարաբերությունների բնականոն ընթացքը:

Խանդը  բնական երևույթ է, սակայն եթե այն անցնում է իր սահմաններ, դառնում է իսկական ողբերգություն: Հոգեբանների կարծիքով` յուրաքանչյուր մարդ անհատ է և ըստ մանկությունում ունեցած իր ապրումների` խանդի հանդեպ ձեռք է բերում համապատասխան դրսևորումներ: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ անվստահ, անլիարժեքության զգացում ունեցող կանայք և տղամարդիկ ավելի են հակված խանդելու, քան ինքնավստահ մարդիկ (որոշ հետազոտողներ հաստատում են, որ խանդի ուժգնությունը կախված է նաև մարդու հասակից): «Հիշում եմ, մինչ ամուսնալուծվելը ամուսնուս լարված էի պահում և «պատերազմներ» սարքում, հատկապես այն ժամանակ, երբ նա ուշադրություն էր դարձնում այլ կանանց: Պարզ է, որ այդպես հնարավոր չէր շարունակել, և, ի վերջո, նա հեռացավ ինձանից: Ժամանակի ընթացքում հոգեբանների օգնությամբ հասկացա, որ ցածր ինքնագնահատականի պատճառով հանգիստ չէի տալիս ոչ ամուսնուս, ոչ էլ ինքս ինձ», – հեգնանքով հիշում է տնային տնտեսուհի Անահիտը:

Արական սեռի ներկայացուցիչներն ավելի շատ խանդում են սեռական, իսկ կանայք` զգացմունքային անհավատարմության ժամանակ: Տղամարդուն կարող է հունից հանել իր զուգընկերուհու սեռական կարճատև կամ երկարատև կապը այլ անձի հետ, սակայն կանայք ավելի զգուշավոր են, քանի որ իրենց համար ամենաողբերգականը` լքված և միայնակ լինելն է: «Անվստահ կանայք խանդի ժամանակ ագրեսիվ վարքագիծ են դրսևորում` անընդհատ վերահսկելով իրենց ամուսնուններին, իսկ տղամարդիկ դառնում են կոպիտ ու անհեթեթ` ճնշելով իրենց կանանց: Եվ, ի զարմանս շատերի, հաճախ խանդոտ անձինք հենց իրենք են դիմում դավաճանությանը, իսկ այդ ամենն անախորժությունների, նույնիսկ` բաժանության պատճառ է դառնում», – ասում է ռումինացի հոգեբան Մարի Ստանչուն: Իսկ ըստ հոգեբան Ալվինա Հավհաննիսյանի` խանդը բոլորովին էլ հանկարծակի չի ծնվում: Դրա արմատները թաքնված են մարդու վաղ մանկությունում: Խանդոտ անձինք հաճախ ունենում են բնազդային, անկայուն կամ սառնասիրտ ծնողներ: Այդպիսի ընտանիքներում երեխաներն ականատես են լինում ծնողների վեճերին կամ անընդհատ գտնվում վերահսկողության տակ և այլն` հանգեցնելով լքված ու դավաճանված լինելու վախի զգացողության, որն էլ խանդի այս կամ այն դրսևորման պատճառ է դառնում: Ռումինիայից Հայաստան ժամանած 25-ամյա Դանը  պատմում է, որ փոքր ժամանակ իր ծնողները վերահսկում էին իր ամեն մի քայլը: Սակայն այսօր ինքնակառավարման և մեդիտացիայի օգնությամբ երիտասարդը փորձում է ձերբազատվել կասկածներից և միայնակ մնալու հետապնդող մտքերից:

Խանդից խուսափելու համար ռումինական Psihologie-Femeie.ro և իսպանական Psicologia.costasur.com կայքերի մասնագետները խորհուրդ են տալիս պարզել խանդի իրական պատճառը, քանի որ այն երբեմն անհիմն է լինում, նվազեցնել զգացմունքային պոռթկումները` մեդիտացիայի, ֆիզիկական մարզումների օգնությամբ, այցելել ընկերուհիներին կամ հոգեհարազատ մարդկանց, հստակեցնել հարաբերությունները և խուսափել խանդի տեսարաններ սարքելուց, քանի որ վերջինն էլ ավելի կբարդացնի արդեն իսկ լարված վիճակը:

 

Ելենա Չոբանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930