Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ էլի կթան կովին հիշեցին

Հոկտեմբեր 06,2012 13:02

Նենգ մարդասպան Ռամիլ Սաֆարովին հանձնելու առիթով սփյուռքի նախարարության կոչը արտերկրի հայությանը՝ կարծես հիշեցում էր այդ գերատեսչության գոյության մասին։ Առանց այդ կոչի էլ, Սփյուռքի հայությունը կատարել ու կատարելու է իր քաղաքացիական պարտքը Հայրենիքի հանդեպ, եւ այդ կոչից էլ առաջ, համայնքներն արդեն ոտքի վրա էին։ Բայց քանի դեռ այսպես, միշտ տեսնելու ենք չարիքի միախորհուրդ հետեւանքը, բուսական անտարբերությամբ վերաբերվելով այդ չարիքը ծնող պատճառներին, այսպիսի դժբախտություն միշտ եղել է ու կլինի։ Գուրգեն Մարգարյանի դեպքն առանձնահատուկ է ու զգացմունքների հորձանքն այնքան մեծ, որ պարկեշտ չէի համարի նույն հարթության վրա դիտարկել ասելիքս։ Բայց եւ չեմ կարող զսպել միտքս. որ արտաքին արգելքները քանդելու, մեր երկրին սպառնացող մարտահրավերները դիմակայելու համար, նախեւառաջ հարկ է մեր տանը, մեր ներսում, մեր ներքին շինվածքը փոխենք։ Եվ Սփյուռքի սրտին դիմելուց առաջ, գաղափարական, բարոյական ու իրավական հեղաշրջումը կատարենք նախ մեր սրտում՝ մեծ իդեալը սնող երկու հզոր երակների՝ արտերկրի ու հայրենաբնակ հայության պարտականության եւ իրավունքի հավասարության մասով։

Մինչդեռ, Սփյուռքի հանդեպ հայրենի իշխանությունների չարչիական հոգեբանության պնդագլուխ համառությունը, ջորեպանի երեսով Սփյուռքից միայն ակնկալիք ունենալու անմիտ հեգնանքը, անցել է չափի ճանաչողության բոլոր սահմաններն ու ահա քսան տարի մեռելի շապիկի պես մնում է նույնը՝ չի փոխվում։ Այդ ընթացքում փոխվել է Սփյուռքը, սփյուռքահայը։ Ներկա Սփյուռքի ահռելի հատվածը Հայաստանի բնիկ քաղաքացիներ են, ովքեր իրենց անձնագիրը չեն փոխել, գույք ու սեփականություն ունեն երկրում, ում ստացվածքը ճշմարիտ ջանքով հոսում է երկիր, ուր վերադարձի հույս են դեռ պահում։ Եվ միայն այսպես, դեպքից դեպք հիշել Սփյուռքը, երբ սուր հանգամանքներում համազգային աղետի դեմ միավորվելու, դիմակայելու կամ հանգանակելու խիստ կարիք կա, քաղաքական ու բարոյական հաշվարկի պետական անգրագիտություն է։ Ուրեմն, դեռ աշխարհը ձեր ստամոքսի մեծությունն ու արժեքն ունի, պարոնայք։

«Բարոյականությունը քաղաքական կատեգորիա չէ». կուսակցական տարածությունների տիեզերական ճամփորդ Գալուստ Սահակյանի կարծիքն է թղթակցի հարցին։ «Առանց տարրական բարոյականության չեն կիրառվի օրենքները, չեն զարգանա գիտությունն ու մշակույթը»,- զգուշացնում է ռուսական ոգու անիմանալի առեղծվածները բացահայտող հսկան՝ Դմիտրի Լիխաչովը։

Չէ, ես ռոմանտիկ հերոս չեմ, երկու հասարակարգ, երկու իշխանություն եմ տեսել։ Փորձանք, անկում, պայքար ու հաղթանակ եմ ապրել։ Ու պնդում եմ՝ միմիայն իմ սերնդի խենթ ոգեւորության, աստվածային նվիրումի, ազնիվ վրեժի ու զոհաբերող նկարագրի՝ բարոյական այս բարձր արժեքների արդյունքն է մեր Երկիրը։ Ինչը կշտությունից բխկացող ձեր կուսակցության երեսը չեն զարդարում, պարոն։ Ում սրտին դուք թքում եք Աստծո բացվող ամեն օր։ Ու եթե երկրի ուրույն կյանքը, նրա զարգացման ուղղությունը ճշտող ավանդույթները, խղճի ու բարոյականության հիմնարար սկզբունքները ածանցյալ են երկրի կառավարողների արժեքային համակարգում, ու այդ սանդղակը կարելի է իջեցնել, հարմարեցնել հարսնաքարային օրենքներ թելադրող իշխանավորի ճաշակին, ուրեմն դեռ կապիկի գանգով մտածող ժամանակների հետ գործ ունենք։ Ուրեմն, զարհուրելի հանցանքների ճամփան բռնած ինքնակոչ հյուրերը դեռ չեն հագեցել մեր բնիկ արմատը որոմի սեւ պալարով փչացնելու խարդախ ահաբեկչությունից։ Ուրեմն, վտանգավոր է այլեւս, համայն հայության ապագայի վճիռը, նրա վերանորոգման, ազգային անվտանգության հետ առաջացած խնդիրները, թողնել այդ օտարահոս քոծերի գավառական ուղեղի հույսին։ Եվ այս աղետի դեմ գոյադուլ հայտարարած Հայաստանի մի բուռ ջլատված հայության խարխուլ ուսերին։ Առանց մեր ազգի բոլոր տարրերի մասնակցության։ Առանց Սփյուռքի հզոր դերակատարության։ Ու հիմա, հարցս ուղղում եմ ատկատների շվաքի տակ քնելու տեղ ման եկող վարչապետին. անհատույց սպասելիքներից բացի, կա՞ պետական երկարաժամկետ ռազմավարական ծրագիր՝ օգտագործելու իր ազգին շահ բերող, մայր հողին փարթամորեն թեքված այս ահռելի հարստութան տնտեսական ու քաղաքական ներուժը։ Ինչպես, ասենք, նույնքան հզոր սփյուռք ունեցող հրեաների պարագան է։ Այ, այս հարցին, Շարմազանովի գազոնով քաշած պատասխանն էլ չի ծածկի սեւի սեւությունը։ Լուրջ ոչինչ չկա։ Լիներ, կտեսնեինք։ Ինչպես որ տեսանք աղետի մեջ հայտնված մի քանի տասնյակ սիրիահայերին տեղավորելու անկարգ փորձը. Հայրենիքում պայմաններն այնքան վատ էին, որ մարդիկ գերադասեցին վերադառնալ ռումբերի տակ։ «Արմավիան» էլ շնից մազ պոկելու կենդանական բնազդով, էդ պատերազմից ու կարիքից փախած մարդկանց հետադարձ տոմսի կոպեկը շորթեց: Իսկ Հայրենիքում ներդրումներ կատարած, մինչեւ տակաշորը կորցրած, երկրից մազապուրծ փախած մեր միամիտ հայրենակիցնե՞րը… Դատական քանի՞ գործ է վճռվել նրանց օգտին։

Մինչդեռ, Սփյուռքն օրեցօր աճում, ծավալվում է հաց ու խաղաղություն փնտրող մեր Հայրենիքի բնիկ արմատի հաշվին։ Երկրից դուրս է գալիս մեր հոգեւոր, գործարար ներուժը ու օրեցօր ահագնանում, հզորանում է Սփյուռքը, փոխվում է հին մտածելակերպը։ Ավաղ, չի փոխվում միայն հայրենի իշխանության ատելությունն ու տագնապը այդ ահռելի ուժի՝ նոր Սփյուռքի հանդեպ։

Արտերկրում ժամանակավոր բնակության գտնվող Հայաստանի քաղաքացին մեր երկրի համար ոչինչ է։ Բացի պետության գործառույթներն իր վրա վերցրած՝ երկիրը կերակրողի անատոմիական կարգավիճակից։ Ում համար դրսում Հայաստանի անձնագրով ապրելը իսկական փորձանք է ու դժբախտություն։ Երկրի նախագահը, իբրեւ իր քաղաքացու իրավունքների երաշխավոր, տեղյա՞կ է դրսում հացի խնդիր լուծող իր քաղաքացիների հանդեպ կիրառվող բռնություններին, ազգային հողի վրա կատարված անհաշիվ սպանություններին։ Որ այսպիսի անպատեհ առիթների դեպքում էլ նրա սրտին դիմելու իրավունքն ունենա։

Իհարկե՝ ոչ։ Ներկայիս նախագահը, ընդամենը Հայաստանի աշխարհագրական սահմանների տարածքային կառավարման նախագահն է, եւ ոչ բնավ համայն հայության։ Քանի որ դրսում ապրող ահռելի թվով Հայաստանի քաղաքացիները չեն ընտրել նրան։ 2008 թվականից նրանք զրկված են իրենց ժամանակավոր բնակության վայրերում իրենց սահմանադրական իրավունքը կիրառելու հնարավորությունից։ Երբ 2003թ. դավադիր գործարքներով իշխանական աթոռը հափռած երկրորդ նախագահը Լոս Անջելեսի հայ ընտրողների շրջանում 93,5-6,5 տոկոս ձայներով անփառունակ պարտություն կրեց Ստեփան Դեմիրճյանից, իսկ Ամերիկա օրինավոր երկրում էլ քվեի գողությունը հնարավոր չդարձավ, իրեն երկրորդական զգացող նախագահը, օրենսդրական պատիժ կիրառեց։ Շատ լավ հասկանալով, որ դրսում սեւ աշխատանքով ապրող պարզ բանվորը, ընտրությունների համար Հայաստան գալու փող, ուղղակի չունի։ Քաղաքական որեւէ կուսակցություն, այդ թվում իշխանության մաս կազմող, արտերկրում հզոր համակիրներ ունեցող ՀՅԴ-ն դեմ չգնաց՝ հային իր բնական Հայրենիքից օտարելու այդ միանձնյա ու հրեշավոր որոշմանը։ Ավելին։ Օդային սահմանով երկիրը լքելու հարկին, երրորդ նախագահը իր նախորդից մի քիչ էժանով, երկիր մտնելու հարկ սահմանեց։ Գլխի ե՞ք. լեյտենանտ Շմիդտի զավակների պես արդար բաժանել են. երկիրը՝ մուտքը մեկն է փակել, ելքը՝ մյուսը։ Որ դրսից տուն մտնող, երկրի հողատերն ու սահման պահածը առանց մուծվելու օջախ չմտնեն։ Մեծ փող չի, մի մուրացկանի բաժին։ Թող էդ էլ լափեն։ Մենակ թե…Տեր Աստված, Պետությունը, Հայրենիքը, Երկիրը, իր քաղաքացու, իր տիրոջ աչքին բարոյապես ջնջելու, աղբանոց նետելու այս գավառական դատողության անպարագիծ հետեւանքն է վախեցնում։

Արտերկրում ապրող Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքների մասին, դեռ փետրվարին, ԱԺ ընտրություններից առաջ, բարձրաձայնեց ֆեյսբուք սոցիալական ցանցում գործող «Իրազեկ եւ կողմնորոշված սերունդ» խումբը, որը հիմնականում ներառում է սփյուռքում ապրող Հայաստանի ու արտերկրի հայ քաղաքացիների մի հոծ զանգված՝ գործարարներ, գրողներ, քաղաքական գործիչներ, նկարիչներ, լրագրողներ, պատերազմ հաղթած անկեղծ զինվորներ։ Խմբի հայտարարությունը տպագրվեց հանրապետության բոլոր թերթերում, սփյուռքում, լրատվական բազմաթիվ կայքեր արտատպեցին այն։ Թեժ քննարկումները չդադարեցին մինչեւ բուն ընտրությունները։ (Այդ նյութերին դուք կարող եք ծանոթանալ՝ այցելելով խմբի կայք էջ՝ https://www.facebook.com/groups/204847362934366/)։

Անտարբեր մնացին միայն հայրենի իշխանությունները։

Եվ ոչ միայն նրանք

Խնդրի հրատապությունն ու նամակների հոսքը խմբին ստիպեց դիմել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներին՝ խնդրելով տեր կանգնել նախաձեռնությանը։ Պատասխանեցին, որ ժամանակը կարճ է, չեն հասցնի հարցը մշակել, եւ որ հիմա նախընտրական գործեր կան։ Մերժեց նաեւ «Սարդարապատը»՝ մենք մեր քարտեզն ունենք, Սփյուռքի իրավունքների մասին վաղ է խոսելը։ Այս էր պատասխանի մեսիջը (Բոլոր քննարկումները պահպանված են կայքի արխիվում)։

Ու հանկարծ «Ժառանգությունը» օրերս անսպասելի ազդարարեց իր «նոր նախաձեռնության» մասին։ Որ մինչեւ նախագահական ընտրություններ, լուծելու է արտերկրի Հայաստանի քաղաքացիների՝ իրենց ժամանակավոր բնակության վայրերում ընտրություն կատարելու իրավունքի հարցը։ Այն, ինչը անհնար էր եղել փետրվարից մայիս, սեպտեմբերից հունվար հնարավոր նկատվեց։ Ճիշտ է, խմբի անունը «գաղտնի պահվեց», բայց լավ է, որ նրա ձայնը լսելի եղավ՝ թեկուզ նախաձեռնությունը տղայավարի ցրելու ճարպիկ հանգով։ Ժամանակը սահում է, իսկ Զարուհի Փոստանջյանից դեռ նորություն չկա։ «Ժառանգությունն», իհարկե, այլեւս նախկին զուլալ օազիսը չէ խորհրդանում։ Ոչ ոք այդպես էլ չի հասկանա Րաֆֆի Հովհաննիսյանին, ով իր խորհրդարանական խմբին տրված ժողովրդի անկեղծ քվեն բաժանեց Սփյուռքի հանդեպ օրգանական ատելություն տածող ՀՀՇ-ի առաջնորդներին։ Քաղաքական այս կարճատես, երեւի միանձնյա որոշումը որեւէ արդարացում չունի։ Ու հիմա, էս խառնածին, ամբարիշտ, սայլն անկանոն ձգող Կռիլովի հերոսնե՞րը պիտի Սփյուռքն ու Հայրենիքը միավորեն։ Թե՞ երկրի համար խիստ ճակատագրական այս հարցն էլ հաջողությամբ թաղելու խնդիր կար։ Պարզից էլ պարզ է. ներկա փոշիացած «Ժառանգության» թեկնածուն արտերկրի հայության շրջանում մի քվե անգամ չի ստանա։ Ընտրողին խաբելու գինն է սա։ Էլ ինչու պնդեն։

Սաֆարովի դեպքը նախագահին էլ հիշեցրեց Սփյուռքի գոյությունը։ Ասաց՝ շատ է կարեւորում իր հայրենակիցների քաղաքացիական ակտիվությունը դրսում։ Ու էլի սահուն անցավ «իր քաղաքացիների» իրավունքների վրայով։ Անկեղծ ասած, այդ փուչ կոչերը Սփյուռքում այլեւս կոպեկանոց դրամի արժեք ունեն այսօր։ Իրականում արտերկրում ապրող Հայաստանի քաղաքացին երեք նախագահներին էլ վաղուց չի վստահում։ Երեքն էլ նույն մսուրից են, երեքն էլ երկրից վտարել են մեր ուժը, մեր ոգին։ Ատում են Սփյուռքն ու սփյուռքահային, ու երեքն էլ անդառնալի կորցրել են աշխարհի մեծ դռները բացող այդ հզոր դռան ոսկե բանալին։ Ուստի երեքն էլ ձեռք ձեռքի, ոնց եկել են, այնպես էլ պիտի հեռանան։ Սփյուռքն էլ վաղուց այլեւս «Կռունկից» հուզվող հին Սփյուռքը չէ։ Նոր է, սթափ ու գործնական։ Ու չի մոռանում, որ վտարանդի է դարձել ո՛չ իր կամքով։ Որ երկիրը թալան թմբիրի մեջ, չուներ իր հերոսի կարիքը։ Եվ հիմա, այս նոր կյանքի խելագար հնոցի մեջ, ներքին վրդովմունքի այդ շիկացող, ժայթքելու պատրաստ հզոր լավայի հետ, փուչիկ թռցնող չարչու անատոմիական պակասորդով, այլեւս մի խոսեք։ Վտանգավոր է։ Խոսեք փոխշահավետ գործարքի լեզվով, միայն նրանց սահմանադրական իրավունքի բոլոր կետերի հարգման նախապայմանով։ Երկրի տնտեսական ու քաղաքական կյանքի մեջ Սփյուռքը պետք է ներգրավվի իբրեւ իրավաբանական անձ, իբրեւ ՏԵՐ ու ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ, այլ ոչ երբեք միայն հոգսի ժամին մասսայական թամաշաների աղմկոտ ՄԱՍՆԱԿԻՑ։ Նրա ներքին էներգիան, հզոր գիտելիքը, մաքուր ձեռքն ու կուշտ աչքը միայն կմաքրի մեր ապականված երկրի Ավգյան ախոռները։ Սա է երկրի այսօրվա հրամայականը։ Այլապես… Ինչպես ասում են՝ սոված փորը շատ իդեաներ է ծնում։ Սփյուռքն այլեւս չի հանդուրժի կթան կովի ներկա կարգավիճակը ու պատիժ կկիրառի Հայաստանի իշխանությունների դեմ՝ երկրորդ նախագահի վարակիչ օրինակով։ Վստահ եղեք. այս պառակտումից չի շահի ոչ Սփյուռքից անվերապահ կախված մեր երկիրը, ոչ իր երկրին կապված մեր քաղաքացին։ Եվ մանավանդ, Սահմանադրության կոպիտ խախտումով Հայաստանի անձնագիր ու իշխանություն ձեռք բերած ու երկրի բնիկ տարրը իր իրավունքից, հողից օտարած վերջին երկու նախագահները։

Եվ Սփյուռքն այս հարցում միակարծիք է։ Չի զիջելու։

ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ

Պրահա

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031