
Իրավապաշտպանը, ում խոսքերով` ինքը 16 տարվա ընթացքում ներկա է եղել շուրջ 450 դիակների հետազոտմանը, նշեց, որ Նազարյանի մարմնի որոշ հատվածներում մաշկի բացակայության պատճառը հավանաբար խոշտանգողների կողմից նրա վրա թափած տաք հեղուկն է եղել, որ ի հետքերը կարող են լինել Նազարյանի հագուստի վրա: Տուժողի իրավահաջորդի եւ նրա ներկայացուցչի միջնորդությանը միացան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը եւ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանը, միջնորդությանը դեմ արտահայտվեցին մեղադրողներ Հարություն Հարությունյանը եւ Հայկ Հարոյանը: Դատավոր Մարդանյանը ներկայացված միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար հեռացավ խորհրդակցական սենյակ: Դատավորը հայտարարեց, որ մերժում է ներկայացված միջնորդությունը, նաեւ նշեց, որ դատարանը խորհրդակցական սենյակում դատական վերջնական ակտ կայացնելիս հաշվի կառնի միջնորդության մեջ ներկայացված փաստերը: Ռ. Մարտիրոսյանը դատավորին ինքնաբացարկ հայտնեց: Դատավորը չքննարկեց այդ բացարկը, ասելով, որ Ռ. Մարտիրոսյանի կողմից նախկինում իրեն նման բազմաթիվ ինքնաբացարկներ են հայտնվել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն ասաց, որ դա նոր ինքնաբացարկ է, սակայն դատավորը դա չընդունեց: Իրավապաշտպան Մարտիրոսյանը հայտարարեց, որ դատը աբսուրդի թատրոն է, դատավորին մեղադրեց միտումնավորության մեջ, ասելով.«Եթե ես հնարավորություն ունենայի 3 րոպեն մեկ ձեզ բացարկ հայտնելու, ես 2 րոպեն մեկ ձեզ բացարկ կհայտնի, որովհետեւ այս փորձաքննության մերժումով դուք ակնհայտորեն ցույց տվեցիք, որ անաչառ չեք, որ չեք ուզում սպանության գործում կատարվի բազմնակողմանի եւ օբյեկտիվ դատաքննություն»:
Այնուհետեւ դատարանն անդրադարձավ Հակոբ Մանուկյանի պաշտպաններ Հրանտ Գեւորգյանի եւ Արմինե Ղասաբողլյանի ներկայացրած միջնորդությունը, որով առաջարկվում է Ա. Նազարյանի հետմահու կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն կատարել; Պաշտպաններն ասացին, որ փորձագետ, հոգեբան Էլդա Գրինի նախկինում կատարած դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննությունը օբյեկտիվ չէ, որ աշխարհում գոյություն չունի մահվանից մեկ-մեկուկես ժամ առաջ միջին աստիճանի խմածության վիճակում գտնված անձի (ըստ դատաբժշկի եզրակացության Ա. Նազարյանը եղել է նման վիճակում) հետմահու դատահոգեբանական փորձաքննություն կատարելու մեթոդաբանություն, որ հոգեբանն իր եզրակացությունը կայացնելիս առաջնորդվել է նախաքննության փուլում ապօրինի կալանքի տակ գտնված վկաների կեղծ ցուցմունքներով: Դատական նիստն ընթանում էր լարված, վիճաբանություններ եղան Ռուբեն Մարտիրոսյանի եւ դատավոր Մարդանյանի, դատավորի եւ Հրանտ Գեւորգյանի միջեւ: Դատական հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 16-ին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ


















































