Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշտանգված հարսի գործով դատավորը կողմնակալ է

Հոկտեմբեր 20,2012 13:10

Վստահեցնում է տուժողի փաստաբան Նոնա Գալստյանը

Կարծես թե ավարտին է մոտենում դեռեւս մայիսին սկսված սկեսրոջ կողմից խոշտանգված Մարիամ Գեւորգյանի դատական գործընթացը, սակայն այս ամիսների ընթացքում դռնփակ ընթացող նիստերում, Մարիամի ներկայացուցչի վստահեցմամբ, դատավոր Արմեն Բեկթաշյանն ակնհայտ կողմնակալ դիրքորոշում է ցուցաբերել: Տուժողի փաստաբան Նոնա Գալստյանը մեզ հետ զրույցում մեկ առ մեկ նշեց դատավորի ոչ անաչառ դրսեւորումները նիստերի ժամանակ:

Նշենք, որ տուժող Մարիամ Գեւորգյանի սկեսուր Հայկանույշ Միքայելյանը որդու հետ 10 ամիս շարունակ դաժանորեն ծեծել է հարսին՝ արդուկով այրել կրծքերն ու մեջքը, պատառաքաղով ծակել Մարիամի մարմնի տարբեր հատվածներ եւ այլ դաժանություններ կատարել, ինչի համար էլ մեղադրվում է «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» եւ «Ծեծ» հոդվածներով: Յուրաէանչյուր դատական նիստին Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանի շենքի առջեւ տուժողի եւ մեղադրյալի հարազատները բողոքի ակցիա են կազմակերպում, երբեմն նույնիսկ փոխադարձ վիրավորանքներ հնչեցնում միմյանց հասցեի:

Դատական գործն արդեն վիճաբանության փուլում է, որից հետո էլ պետք է դատավճիռ կայացվի, սակայն թե տուժողի փաստաբանը եւ թե հարազատները մտավախություն ունեն, որ դատավճիռն էլ արդարացի չի լինի:

«Առավոտի» հետ զրույցում Մարիամ Գեւորգյանի փաստաբան Նոնա Գալստյանն ասաց, որ ի սկզբանե հիմնավոր կասկածներ է ունեցել դատավորի անկողմնակալության վերաբերյալ, եւ մի քանի անգամ դիմել են համապատասխան մարմիններին՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու եւ քրեական գործով օբյեկտիվ եւ անաչառ դատաքննություն ապահովելու պահանջներով: Ըստ տուժողի փաստաբանի, դատավորի՝ դռնփակ դատական նիստի վերաբերյալ որոշումն արդեն իսկ անհիմն էր եւ չպատճառաբանված: Նոնա Գալստյանի ներկայացմամբ՝ օգտվելով հենց այն հանգամանքից, որ դատական նիստերին հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ կամ լրագրողներ չեն կարող ներկա լինել, դատավոր Բեկթաշյանը բազմիցս չարաշահել է իրեն վերապահված լիազորությունները. «Դատավորը բազմիցս փորձել է հոգեբանական ճնշում գործադրել տուժողի եւ իմ նկատմամբ: Դատական նիստերի ընթացքում ինձ չի թույլատրել տուժողի շահերի պաշտպանության նպատակով հարցեր ուղղել դատարան հրավիրված վկաներին, հոգեբանական ճնշում գործադրելով՝ վիրավորական տոնով, գրեթե գոռգոռալով, հեգնանքով եւ ընդգծված բացասական վերաբերմունք դրսեւորելով հայտարարել է, որ այս գործը վերածել ենք շոուի: Դժգոհելով ասել է՝ ինչո՞ւ ենք բողոքարկում դատարանի՝ գործով դռնփակ դատական քննություն անցկացնելու մասին որոշումը: Սակայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով՝ դատավարության կողմն ազատ է ինքնուրույն որոշելու՝ բողոքարկե՞լ դատարանի այս կամ այն որոշումը, թե՞ ոչ: Դատական նիստի ժամանակ դատավորը նաեւ դժգոհել է, թե ինչու են Մարիամ Գեւորգյանի հարազատները բողոքի ակցիա կազմակերպում ՀՀ նախագահի նստավայրի մոտ եւ պահանջում արդար դատավարություն»: Այս նույն դժգոհություններով ու հեգնանքով դատավորը տուժողի հոր վրա էլ է գոռգոռացել՝ թե ինչո՞ւ են ակցիա կազմակերպում: Մինչդեռ նկատենք, որ դա քաղաքացու սահմանադրական իրավունքն է եւ գործին ընդհանրապես չի առնչվում, որ դատավորը նման հարցադրում է արել տուժողի հարազատներին:

Դատավորի կողմնակալության մասին փաստաբան Նոնա Գալստյանը եւս մեկ հիմնավորում է ներկայացնում: Դատավոր Բեկթաշյանը սեպտեմբերի 6-ի նիստին Նոնա Գալստյանին թույլ չի տվել դատարան հրավիրված փորձագետին հարցեր տալ՝ պատճառաբանելով, թե դատավորն իր նախաձեռնությամբ է փորձագետին հրավիրել, ուստի միայն ինքն իրավունք ունի հարցեր տալու, եւ եթե Նոնա Գալստյանն ուզում է հարցաքննել, ապա կարող էր այդ կապակցությամբ միջնորդություն ներկայացնել. «Բայց սա այն դեպքում, երբ իմ կողմից արդեն իսկ մի քանի հարցեր տրվել էին փորձագետին: Երբ ես առարկեցի դատարանի գործողությունների դեմ եւ նշեցի, որ դատավորը մի քանի անգամ նման եղանակով ճնշում է գործադրում տուժող կողմի վրա՝ սահմանափակելով մեր իրավունքները, եւ խոչընդոտում է իմ կողմից Մարիամ Գեւորգյանի շահերի պաշտպանությանը, դատավորը թույլատրեց շարունակել հարցաքննել փորձագետին, բայց էլի թույլ չտալով վերջինիս պատասխանել իմ կողմից արդեն իսկ հնչեցված հարցին: Փաստորեն իմ կողմից գործով վկաներին կամ փորձագետին ուղղված այն հարցադրումները կամ միջնորդությունները, որոնք դատարանի համար «անցանկալի» են, անմիջապես դատավորի կողմից գնահատվում են որպես «գործին չառնչվող» եւ մերժվում են»:

Դատավորի, այսպես ասած, պահվածքը, ըստ փաստաբանի, տեղիք է տալիս մտածելու, որ դատավորը գործի դատական քննությունն իրականացնում է նախապես որոշված «սցենարով» եւ միայն իրեն հայտնի դատավարական նորմերի համաձայն՝ անտեսելով ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով, ՀՀ Դատական օրենսգրքով ու «Դատավորի վարքագծի կանոններով» ամրագրված դատարանի եւ դատավորի անկախության, անկողմնակալության եւ անաչառության մասին նորմերը: Մեզ հետ զրույցում փաստաբանն ասաց, որ դատավորի նման «վերաբերմունքը» տուժողի համար ստեղծում է ծայրահեղ անբարենպաստ եւ անհավասար դատավարական կարգավիճակ՝ դատավարության մյուս կողմերի համեմատությամբ:

Հաջորդ դատական նիստը լինելու է ամսի 25-ին, եւ հավանաբար կլսվեն պաշտպանական եւ մեղադրական ճառերը, որից հետո դատավճռի օր կնշանակվի, սակայն սկեսրոջ կողմից խոշտանգված Մարիամ Գեւորգյանն ու նրա հարազատները չեն հավատում դատարանի արդարացի վճռին, եւ քանի որ նիստերը դռնփակ են, տուժող կողմը մշտապես հրաժարվում է մեզ որեւէ մեկնաբանություն տալ:

Նշենք, որ Մարիամ Գեւորգյանի նախկին ամուսնու՝ Դավիթ Զիրոյանի նկատմամբ էլ էր քրեական գործ հարուցված՝ «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» եւ «Ծեծ» հոդվածներով, սակայն քննիչի որոշմամբ Զիրոյանն ազատ է արձակվել՝ համաներմամբ:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031