Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպանությունների հետ գործ չունեմ, բայց բռնաբարության հետ գործ ունեմ, եթե ես չբռնաբարեի, Զարինե Մելիքսեթյանի օրը կընկնեի»

Մարտ 06,2024 15:46

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրում 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր ու 8-ամյա որդու սահմռկեցուցիչ սպանության գործով դատավարությունը։

Սպանության մեջ մեղադրվում են երկու համագյուղացիներ՝ Վրույր Բարսեղյանը ու նրա ազգական Արկադի Բարսեղյանը։

Հիշեցնենք, որ այս սպանությունը կատարվել էր առանձնակի դաժանությամբ՝ 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններով։

Արկադի Բարսեղյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ պնդելով, որ դեպքի վայրում չի եղել, իսկ Վրույրը Բարսեղյանը տվել է ինքնախոստովանական ցուցմունք։ Վրույր Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ ՔՕ 155-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ եւ 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ (ավազակություն) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 198-րդ (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածի 4-րդ մասով։ Արկադի Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով եւ 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Այսօրվա նիստում հանրային մեղադրողի ելույթից հետո մեղադրյալ Արկադի Բարսեղյանի պաշտպանը հայտարարեց, որ նրան առաջադրված մեղադրանքը մերկապարանոց է։ «Մեղադրանքը անհիմն է, մերկապարանոց, եւ դրանք չեն բխում գործի նյութերում եղած փաստական տվյալներից։ Առաջադրված մեղադրանքի փաստական հիմքում դրված են բացառապես գործին Արկադի Բարսեղյանի մասնակցության վերաբերյալ Վրույր Բարսեղյանի ու նրա ընտանիքի անդամների տված իրարամերժ, հակասական եւ գործով ձեռք բերված բազմաթիվ փաստացի ապացույցներով հերքված ցուցմունքները։ Դեպքի նկարագրությունը դա է, բայց առանց մեր պաշտպանյալի»,- ասաց փաստաբանը։

Արկադի Բարսեղյանը հայտարարեց. «Ես կապ չունեմ էս գործի հետ, ոչ էդ մարդկանց եմ տեսել, ես «վաբշե» (ընդհանրապես․–խմբ․) կապ չունեմ էս գործի հետ, տարի քանի ամիս է՝ նստած եմ, ոչ մի բանի հետ գործ չունեմ։ Հանրային մեղադրողը բան է կարդում, կա ստի դետեկտորի աթոռ, ես խնդրում եմ ինձ նստեցնել ստի դետեկտորի աթոռին, եթե մի բառ անգամ սուտ կլինի, ինչ կուզեն թող անեն»,- ասաց Բարսեղյանը։

Դատավորը հարցրեց Վրույր Բարսեղյանին. «Ձեզ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում կարող եք ասել»։

«Սպանությունների հետ գործ չունեմ, բայց բռնաբարության հետ գործ ունեմ։ Ես սպանության հետ գործ չունեմ, այդ մարդկանց սպանողը 100 տոկոսով ես չեմ։ Եթե ես չբռնաբարեի, Զարինե Մելիքսեթյանի օրը կընկնեի»,- ասաց Վրույր Բարսեղյանը։

Նա նաեւ ասաց, որ միշտ Արկադի Բարսեղյանի համեմատ տուժող է եղել, իրեն ճնշել ու ծեծել են Արկադի Բարսեղյանն ու իր եղբայրը։

«Եթե հնարավոր է՝ ես պարոն դատախազի հետ հանդիպեմ, ապացուցելու շատ բան կա, բայց այստեղ չեմ կարող ապացուցել»,- հավելեց Վրույր Բարսեղյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031