Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ դիմումն էլ պատրաստ է

Նոյեմբեր 30,2012 12:45

Տարբերությունն, իհարկե, ակնհայտ է

 ՀԱԿ-ը ՍԴ դիմելու հայցը պատրաստ է, եւ երեկվանից սկսվել է ստորագրահավաքը: Այդ մասին լրագրողներին հայտնեց Աժ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

 

Հայցով պահանջ է ներկայացվելու ՍԴ-ին՝ ԱԺ Կանոնակարգ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ կետը արտահերթ նստաշրջան կամ նիստ անցկացնելու մասին, հակասող եւ անվավեր ճանաչել ՀՀ Սահմանադրության 70 եւ 71-րդ հոդվածներին։ Արտահերթ նիստերի համար ԱԺ Կանոնակարգի մասին օրենքը սահմանելով քվորումի հասկացություն, ըստ էության խախտվում է Սահմանադրության պահանջը։ Զուրաբյանը նշեց, որ քվորում հասկացություն Սահմանադրությամբ չի սահմանվում, իսկ վերջինն ավելի բարձր իրավաբանական ուժ ունի, քան օրենքները։ Պատասխանելով լրագրողների հարցերին, Լեւոն Զուրաբյանն ասաց, որ նախագահական ընտրություններում ՀԱԿ-ն ունի թեկնածու, որին համարում է ամենահզորը, ամենահամախմբողը, եւ լրագրողներն էլ շատ լավ գիտեն այդ թեկնածուի անունը։ Բայց քանի որ այլ ուժերի հետ բանակցություններ են ընթանում, ապա նման վիճակում ավելորդ են համարում այդ մասին խոսել։ Նախորդ պետաիրավական հանձնաժողովի նիստում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու Հայ ազգային կոնգրեսի նախագծի քննարկման վերաբերյալ ասաց, որ չնայած ՀԱԿ-ը հանուն ԸՕ փոփոխությունների պատրաստ է որոշ դրույթներ հանել,  փոխզիջման գնալ, իշխանությունը կոմպրոմիսի չգնաց։ Լեւոն Զուրաբյանին մի քանի հարց ուղղեցինք.

– Պարոն Զուրաբյան,  2008 թվականի ընտրություններից հետո իշխանությունը մի քանի անգամ երկխոսելու, համագործակցելու եւ փոխզիջման հայտարարություն էր արել, որոնք, հայտնի պատճառներով, ընդդիմությունը

մերժեց։ Նախորդ օրվա (Աժ պետաիրավական հանձնաժողովի նիստում)  իրավիճակը հստակ տարբեր էր՝ ընդդիմությունն էր առաջարկում     փոխզիջումների գնալ։ Ինչ-որ բա՞ն է փոխվել։

– Շատ պարզ բան է փոխվել. այն ժամանակ, երբ իշխանություններն  առաջարկում էին, որ մենք գանք ու մասնակցենք ԸՕ մշակմանը, բանտերում էին մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ, եւ մենք դեռ 2008թ. մարտի 1-ից հայտարարել էինք, որ մենք այս իշխանության հետ որեւէ երկխոսության չենք գնա, մինչեւ քաղբանդարկյալները չազատվեն։ Ելնելով այդ սկզբունքային դիրքից, մենք չէինք կարող գնալ որեւէ բանակցությունների իշխանությունների հետ։ Երբ որ քաղբանտարկյալներին ազատեցին, մենք անմիջապես գնացինք երկխոսության, եւ այդ ընթացքում այս նույն առաջարկները դրեցինք սեղանի վրա։ Նրանք էլ համաձայնեցին դա քննարկել։ Բայց հետո պարզվեց, որ ժամանակ էին ձգում ուղղակի, իսկ հետո էլ էդ ոստիկանական սադրանքը սարքեցին, մենք նորից ունեցանք քաղբանտարկյալ, փաստորեն վիժեցվեցին այդ բանակցությունները։

– Բայց երեկվա դրությամբ, երբ ընդդիմությունն էր փոխզիջման առաջարկություն անում, դեռ բանտում իրենց քաղաքական հայացքների համար մարդիկ կան, նաեւ բացահայտված չէր «մարտի 1-ը»: Դրանք այլեւս օրակարգային չե՞ն ընդդիմության համար։

– Նախ մեկ մարդ է՝ Տիգրան Առաքելյանը, որի հարցով մենք սպասում ենք Վճռաբեկ դատարանի վերջնական որոշմանը։ Սա՝ մեկ։ Երկրորդը՝ կներեք, դուք ի՞նչ եք առաջարկում…

– Ես հարցնում եմ, չեմ առաջարկում։

– Այսօր մենք խորհրդարան ունենք, եւ դուք առաջարկում եք, որ

մենք չմասնակցե՞նք  խորհրդարանի աշխատանքներին։

– Ես հարցնում եմ։

– Մենք մասնակցում ենք եւ այդ հնարավորությունը տալիս ենք։ Տարբերությունը տեսա՞ք։

– Պարոն Զուրաբյան, որքա՞ն է հավանականությունը, որ կոնսուլտացիաների արդյունքում քաղաքական ուժերը ոչ միայն կոնսենսուսի չգան, այլեւ՝ համաժողովրդական շարժումը համախմբվի մեկ այլ քաղաքական ուժի շուրջ։

– Գիտեք, ես հիմա չեմ ուզում գուշակություններով զբաղվել։ Հիմա կոնկրետ մի պրոցես է գնում, հիմա մենք ելնենք այդ պրոցեսի տապալման ելակետի՞ց։

– Ամեն դեպքում, քաղաքականության մեջ կանխատեսումներն «աշխատում են»։

– Պրոցեսը ձեռնարկել ենք, բոլորի համար հասկանալի է, որ հաղթանակի շանսերը մեծանում են, եթե համախմբվում են բոլորը, եթե ռեսուրսները գումարվում են։ Եվ դա հասկանալով՝ փորձում են գտնել համախմբման բանալին, դեղատոմսը։ Փորձում ենք դա անել։ Ի՞նչ է եղել, հիմա մենք ինչի՞ ենք միանգամից կենտրոնանում, թե՝ իսկ եթե տապալվի, ինչով ենք զբաղվելու։

– Ռիսկերը հաշվի չե՞ք առնում քաղաքականության մեջ։ Քանի՞ տոկոսն է այդ ռիսկերին բաժին ընկնում։

– Քաղաքականությունն ընդհանրապես շատ ռիսկային գործ է։ Կներեք, հիմա դուք ուզում եք ես բժշկական կշեռքով ձեզ համար չափե՞մ ռիսկերը։ Նման բան չեմ անի։ Առավելեւս, որ դա միայն կվնասի բանակցությունների ընթացքին։  Հիմա ինչ քայլեր ես անեմ, նաեւ որպես Կոնգրեսի կողմից բանակցել լիազորված մարդ, ինչ հայտարարություն էլ ես անեմ ձեր ասածի ուղղությամբ, ես դրանով կվնասեմ բանակցություններին։ Բնականաբար, կնախընտրեմ զերծ մնալ նման գուշակություններից եւ վերլուծություններից։

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ

«Հայկական ժամանակ»  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930